ՄԱՐՏԻ 1-ԻՆ՝ ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ
Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ: Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ երեկոյան, տեղեկացրեց, որ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել են 2008 թվականին: «Կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք մարտի 2-ի լուսաբացը. մի բան, որ չհաջողվեց 2008-ին,-հայտնել է Փաշինյանը՝ հավելելով,-այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը պաշտոնապես գրանցման հետ կապված խնդիրներ ունի: Բանն այն է, որ պետռեգիստրը դեռեւս չի գրանցել կուսակցությունը՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերում թերություններ կան: Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետռեգիստրում ինքը պարզել է, որ ամեն ինչ պատրաստ է. «Ուղղակի այնտեղ մի քանի բլանկային բաներ պետք է լրացնենք` վարչության տվյալներով, անձնագրերով, ստորագրություններով, որը մենք նախօրոք չէինք պատրաստել: Մեկ-երկու օրվա ընթացքում կներկայացնենք պետռեգիստր»: Պատգամավորը նշեց, որ հույս ունի, թե պետռեգիստրը դրանից հետո որեւէ այլ խնդիր չի առաջացնի՝ կուսակցության գրանցման հետ կապված. «Ես կարծում եմ, որ իրավական ոչ մի հիմք չունեն կուսակցությունը չգրանցելու, եթե նման բան լինի, մենք էլ ունենք մեր քայլերը, որը կփորձենք անել»:
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից եւ մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»: Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում. «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբեւիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»:
Պարզվում է` Հայաստանն օտարերկրյա պետություններից նաեւ մարդասիրական օգնություն է ստանում: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2013թ. ընթացքում մարդասիրական օգնության անվան տակ ՀՀ է ներմուծվել 4 հազար 24 տոննա ապրանք՝ ընդհանուրը 57.8 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Նկատենք, որ նախորդ տարի ստացված մարդասիրական օգնությունը պակաս է 2012թ. ներմուծվածից. այն ժամանակ ՀՀ էր բերվել 5 հազար 141 տոննա ապրանք` 58.5 մլն դոլար արժողությամբ: Ամենաշատ մարդասիրական օգնությունը ՀՀ-ն ստացել է ԵՄ անդամ երկրներից: Ընդ որում, ՀՀ են ուղարկվել ամենատարբեր տիպի ապրանքներ՝ հանքահումքային արտադրանք, սնունդ, թուղթ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, անգամ՝ վերգետնյա, օդային ու ջրային տրանսպորտային միջոցներ: Մասնագետները, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կասկածներ հայտնեցին, որ մարդասիրական օգնության անվան տակ շատ ապրանքատեսակներ ՀՀ են ներմուծվել մաքսազերծումից խուսափելու եւ ավելորդ հարկեր չմուծելու համար:
ՀԱՃԱԽՈՐԴԱՀԱԼԱԾ
Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացել է չափազանց կարեւոր մի իրադարձություն. տեղի է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հերթական գրքի շնորհանդեսը: Եվ, բնականաբար, այդ դարակազմիկ իրադարձությանը չէր կարող ներկա չլինել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Առավել եւս, որ գիրքն այդ կրում էր «Հայաստանը Մաքսային միությունում` անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» անվանումը:
Ծանոթ չլինելով Արտաշես Մամիկոնիչի` գրքում զետեղված վերջին մեկ տարվա բոլոր հոդվածների, հարցազրույցների եւ ելույթների բովանդակությանը՝ կարող ենք միայն համաձայնել, որ Հայաստանի` Մաքսային միություն մտնելն իրոք «անշրջելի փոփոխություններ» կառաջացնի Այսրկովկասում, սակայն, բնականաբար, ոչ Գեղամյանի ներկայացրած դրական իմաստով:
Սակայն երեկվա շնորհանդեսի հետ կապված կարեւորը ոչ այնքան Արտաշես Գեղամյանի դիրքորոշումն է Մաքսային միության հարցում, որքան Սերժ Սարգսյանի ներկայությունն այդ միջոցառմանը: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ նա մասնակցում է իր իսկ կողմից դատարկ մարդ որակված եւ հայտնի ժողգործիքի հետ համեմատված Մամիկոնիչի գրքի շնորհանդեսին: Իսկ արդեն ներկայիս բացարձակ ռուսահպատակության պայմաններում Սարգսյանի բացակայությունն ուղղակի աններելի կդիտվեր:
Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դեպի նախագահական աթոռ տանող արյունալի ճանապարհին ստիպված եղավ մեկը մյուսի հետեւից սրբագրել տարբեր գործիչների հասցեին տրված իր գնահատականները` սկսած դհոլից, ավարտած իդիոտով (ինչպես որ հակադարձել էր Վազգեն Մանուկյանի համարժեք որակմանը): Եվ արդյունքում` այսօր Սերժ Սարգսյանը, փաստորեն, իր «հաճախորդներին լավ ճանաչողից» վերածվել է այդ «հաճախորդներին բավարարողի». բավականին տխուր պատկեր երբեմնի ամենազոր Սերժ Սարգսյանի համար, որի մատը, ինչպես հիշում ենք, խառն էր ամեն ինչում:
Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, շատերն առաջնորդվում են մաքիավելիական` նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով: Եվ այս տեսանկյունից, թերեւս, կարելի է ըմբռնումով մոտենալ երբեմնի ընդդիմադիր քաղաքական ծերակույտին «փաթեթով գնելու» սարգսյանական միջոցին: Միայն թե հասկանալի չէ, թե ինչ կարիք կա ամեն անգամ նման անհեթեթ միջոցառումներին մասնակցելով` հանրությանը հիշեցնել այդ մասին: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը, ինչպես հիշում ենք նրա ելույթից, ծանր է տանում քաղաքականությունը անբարոյականություն համարելու մասին հայտնի փիլիսոփայի պնդումը: