Դա արել է Սամվել Ալեքսանյանի ուղարկած սադրիչ խումբը. ՀԱԿ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպերը։ Հայտարարությունը ներկայացնում ենք այն ստորև. “Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։ Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետևել քարոզչական նյութեր բաժանողներին և պահանջել հեռանալ “իրենց տարածքից”։
Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:
Սա, թերևս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային Կոնգրեսի թեկնածուի Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին` դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը և ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող և իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։Հայ Ազգային Կոնգրեսը չի նահանջելու իր` իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն”
։




Լրահոս