Անցել է շուրջ մեկ ամիս այն դեպքից, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ ծեծի ենթարկվեցին եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանը: Սակայն մինչ օրս նրանց տուժող չեն ճանաչել:
Նշենք , որ օրերս Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ հայտնել էր, որ քննության ընթացքում պարզվել է` հայ հոգևորականներին ծեծողների մեջ հայեր են եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ մյուս կողմի մեջ հայեր եղե՞լ են, թե՞ ոչ. «Գիտեք, արդեն 1,5 ամիս է անցել, ինչ քննությունը գնում է, բայց մեզ տուժող կողմի կարգավիճակ չեն տալիս: Շատ զարմանալի է»:
Չնայած թեմի ներկայացուցիչները տեղյակ չեն հայերի կողմից իրենց ծեծի ենթարկելու փաստի մասին, այնուամենայնիվ, երեկ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ տղաներից երկուսը եղբայրներ են` Խաչատուրով ազգանունով, իսկ մյուս տղան Սարգիսով ազգանուն ունի. «Տղաները նույնիսկ ասուլիսի են հրավիրված եղել, որտեղ պատմել են, թե մեքենայի կայանման տեղի համար են վիճել եկեղեցու ներկայացուցիչների հետ»:
Թե որքանով են իրական նրանց պնդումները, դեռ դժվար է ասել, քանի որ նախաքննական մարմինը փաստացի կողմերին չի տեղեկացրել եղելության մասին: Չի բացառվում, որ վրացական հատուկ ծառայություններն են խնդրել հայկական ազգանուն ունեցողներին` վերցնել իրենց վրա կատարվածը, որպեսզի էթնիկ հողի վրա տեղի ունեցած բախում չորակվի կատարվածը:
Քնար Մանուկյան