ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Ստրասբուրգում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստը լի է եղել սկանդալներով: Ընդ որում, խոսքը միայն նիստի անարդյունավետ ավարտի մասին չէ, երբ առաջին անգամ ՀՀ-ԵՄ համագործակցության պատմության մեջ չընդունվեց համատեղ հայտարարություն: Պարզվում է՝ հայկական պատվիրակության անդամներն ուղղակի փայլատակել են իրենց «կիքսերով»:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, թեեւ հայկական պատվիրակության անդամները ցանկացել են ելույթ ունենալ, սակայն եվրոպացիները բավական լուրջ դիմադրություն են ցույց տվել` խոսելու հնարավորություն չտալով: Նրանց հնարավորություն է ընձեռվել միայն մեկ-երկու նախադասությամբ պատասխանել հարցերին, մեկ-երկու նախադասությամբ էլ հայտարարության տեքստի վերաբերյալ տեսակետներ հայտնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպի Մաքսային միություն ընթացող Հայաստանի ներկայացուցիչների հանդեպ առանց այն էլ անբարյացակամ տրամադրված եվրոպացիների վերաբերմունքն ավելի է վատացել այն բանից հետո, երբ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը, խոսելով, ՀՀ-ԵՄ տնտեսական զարգացման հեռանկարների մասին, իր ելույթն ավելի շուտ նվիրել է ՄՄ-ի կազմում ՀՀ-ին սպասվող լուսավոր ապագային: Սա, թերեւս, վիրավորել է եվրոպացի պատգամավորներին, որոնք հերթով սկսել են լքել դահլիճը:
Եվս մեկ միջադեպ էլ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն է խոսել ԼՂ խնդրի մասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա էլ իր հերթին է հայտարարել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել, երբ ընտրել է դեպի ՄՄ ճանապարհը: Հետո Եսայանը խոսել է ԼՂ խնդրի մասին` եվրոպացիներին հանդիմանելով, որ ԵՄ-ն պիտի ավելի ակտիվ ներգրավվեր ԼՂ խնդրում, ինչը, սակայն, չի անում: ՀՀԿ-ականի այս հայտարարությունն ապշեցրել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին, որն անմիջապես արձագանքել է. «Մադա՛մ, մադա՛մ, ի՞նչ եք ասում: Մենք միշտ ենք առաջարկել, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը տան ԵՄ-ին, բայց այդ ձե՛ր նախագահը չի համաձայնել ու ասել է, որ այդ դեպքում ՀՀ-ն դուրս կգա բանակցություններից»:
Իրավիճակը փորձել են շտկել պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ու ԵՄ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ովքեր ասել են, թե տիկին Եսայանի խոսքերը ճիշտ չեն ընկալվել, նա բոլորովին այլ բան է ցանկացել ասել: Եսայանն էլ շտապել է ինքն իրեն ուղղել` ասելով, թե ինքը դիվանագետ չէ եւ խոսում է որպես սովորական մարդ, զգացմունքային մայր եւ ցանկացել է ասել, որ ԵՄ-ն կարող է բռնել ագրեսոր Ադրբեջանի ձեռքը: Այս հայտարարություններից հետո արդեն Ցաբրնոխն է դուրս եկել դահլիճից:
Տեղի ունեցածը, սակայն, միայն այսքանով չի ավարտվել. մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակության վերադարձից հետո՝ նախօրեին, մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Վերջինս պատվիրակության անդամներից պարզաբանումներ է պահանջել, թե ինչու ձախողվեց ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստը, ու ինչու առաջին անգամ համատեղ հայտարարություն չընդունվեց: Աբրահամյանը դիմել է նաեւ Սամվել Ֆարմանյանին` ասելով. «Սամվե՛լ ջան, դու էլ պիտի իջնես քո բարձունքներից, որ մյուսների հետ քննարկես, խորհրդակցես»: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ հակադարձել է. «Ընդհակառակը, նա պիտի բարձրանա, որ մեզ հասնի»: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Թեւան Պողոսյանն էլ Աբրահամյանին ասել է, որ լավ կլինի, եթե պատվիրակության անդամները խոսեն այն թեմաներից, ինչից գլուխ են հանում: Թ. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց բացահայտել Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները: «Քննարկումներ տեղի ունենում են, բայց դրանք հրապարակավ չեն, հետեւաբար ես չեմ պատրաստվում որեւէ բան ասել»,-նշեց պարոն Պողոսյանը: Իսկ Մ. Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, թե ինքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստում ելույթ ունեցել է, բայց խոսել է ե՛ւ ԵՄ անդամ երկրների, ե՛ւ ԵԱՀԿ-ի կողմից Ալիեւին կարգի հրավիրելու, նրա ռազմատենչ հայտարարությունները եւ ՀՀ ու ԼՂՀ սահմանին կրակոցները դատապարտելու մասին:
Մինչ այդ, երեկ հայկական պատվիրակության անդամները հանդիպել էին լրագրողների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական պատվիրակության մեջ բավական լուրջ հակասություններ կան, եւ դրանք հերթական անգամ ի ցույց դրվեցին երեկ: Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ եթե հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հնարավորություն ստեղծեր բանակցելու եվրոպացի պատգամավորների հետ, ապա հնարավոր էր` համատեղ հայտարարությունն ընդունվեր: ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում տիրում է «գաղջ մթնոլորտ», իրականում համատեղ հայտարարություն չի ստորագրվել Ռուսաստանին ավելորդ բացատրություններ չտալու համար: Սակայն ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հակադարձեց` ասելով, որ հայտարարության չստորագրման պատճառն ամենեւին էլ Ռուսաստանի գործոնը չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

«Հայաստան եւ Մաքսային միություն. ինտեգրացիայի տնտեսական արդյունքի գնահատական» վերնագրված զեկույցում Զարգացման եվրասիական բանկը հարցականի տակ է դրել ՄՄ-ին ՀՀ անդամակցության անհրաժեշտությունը: «Ազատություն» ռ/կ-ի համաձայն՝ երկարաժամկետ կտրվածքով ՄՄ-ին ՀՀ անդամակցության արդյունավետությունը կախված է մի շարք նախագծերի իրականացումից` Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող երկաթգծի ու ավտոմայրուղու շահագործումից, էներգետիկ մի քանի նախագծերից, որոնք կապված են Իրանի հետ, եւ Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացումից: «Առանց տրանսպորտային խնդրի լուծման ՄՄ-ին եւ Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունը չի կարող հանգեցնել առավելագույն դրական արդյունքի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ինտեգրացիոն «եռյակի»` Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար»,-ասված է զեկույցում: Ուշագրավն այն է, որ Զարգացման եվրասիական բանկը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Հայաստանի մասնակցությամբ գործող պետական բանկ է, որի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում: Ու հիմա նրանց կողմից նման գնահատականները, թերեւս, պատահական չեն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, արտաքին կապերի պատասխանատու Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատահական չհամարեց այդ զեկույցը: «Իմ տպավորությամբ` ռուսները շատ ազնվորեն զգուշացնում են` «հետո մեզ վրա մուննաթ չգաք, որ օգուտներ չունենաք»»,-ասաց Սաֆարյանը: Վերջինս նաեւ շեշտեց, որ Զարգացման եվրասիական բանկն իրականում կրկնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ժամանակին արած հայտարարությունները, որ առանց ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ ունենալու անիմաստ է ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին:

 

ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԼՔԵԼ Է

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներից ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը երեկ հրավիրված ասուլիսի կեսից դուրս է եկել ու հեռացել: Սակայն այդ քայլով նա ոչ թե բոյկոտել է հանձնաժողովի ասուլիսը, այլ տեսել է, որ խոսելու հերթն իրեն է հասնում, գտել է լավագույն լուծումը՝ հեռանալ: Բոթոյանը երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հավաստիացրեց, որ ասուլիսի կեսից դուրս է եկել, քանի որ իրեն զանգահարել ու տեղեկացրել են, որ հարազատներից է մահացել. «Իսկ ո՞վ է ասում, թե խուսափել եմ կարծիք հայտնել: Ես առանձին լրագրողների հարցերին պատասխանել եմ, եթե մասնակցում էի ասուլիսին, ուրեմն կարող էի նաեւ հարցերին պատասխանել»:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՌՈՒՍԱԿԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2013-ին, նախորդ տարվա համեմատ, բոլոր տեսակի մեքենաների ներկրումն աճել է 18,5%-ով: Սակայն հետաքրքիր է, որ վերջին 12 տարում Հայաստան է ներկրվել մոտ 312,6 հազ. ավտոմեքենա, որոնցից 21,5%-ը՝ Ռուսաստանից, եւ հաշվետու տարվա արդյունքներն ավելի համեստ են՝ ընդամենը 2,4 հազ. ավտոմեքենա:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓՈՐՁ

Փետրվարի 11-ի երեկոյան ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն էքսպերիմենտ է արել, որն ավարտվել է Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, ոստիկանների հետ վիճաբանությամբ։ ««Ֆեյսբուք»-ում ստատուս գրեցի, որ 15 րոպեից կլինենք մետրոյի «Բաղրամյան» կայարանի դիմաց։ Իսկապես ընկերոջս հետ պայմանավորված էի, բայց, միաժամանակ, ցանկացա ստուգել ոստիկանների արձագանքը»,-NEWS.am-ին ասել է նա։ Պայմանավորված ժամին կայարանի մուտքի մոտ գնացել են ոչ միայն Տիգրանն ու իր երկու ընկերները, այլեւ ոստիկանները։ Այս անգամ ոստիկանների եւ Տիգրանի հանդիպումն ավարտվել է թեթեւ վիճաբանությամբ:

 

ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾ

Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը փետրվարի 11-ից 13-ը մասնակցում է վեհաժողովի քաղաքական, էներգետիկ եւ սոցիալական հարցերով հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փետրվարի 11-ին Եվրանեսթի քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթի խոսքով` Վիկտոր Դոլիձեի եւ Յացեկ Պրոտասեւիչի կողմից ներկայացված «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ առավել ամուր գործընկերության խթանումը 2014-2020 թվականներին Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» զեկույցի նախագծի շուրջ: Իր ելույթում Արտակ Զաքարյանը ներկայացրել է հայկական պատվիրակության առաջարկները` զեկույցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման եւ Հայաստանի մասնակցության հետ կապված հարցերի շուրջ: Նիստի արդյունքում քննարկման են ընդունվել նաեւ հայկական պատվիրակության առաջարկները՝ խնայողական էներգիայի եւ փոքր ավիացիայի ֆինանսավորման խնդիրների եւ հնարավորությունների շուրջ: Փետրվարի 12-ին հայկական պատվիրակությունը կմասնակցի Եվրանեսթի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին:

 

ՄԵՐԺԵԼ Է

ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով հունվարի 24-ի իր իսկ կայացրած որոշումը: Միջնորդությունը ՍԴ էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ մերժման որոշումը ստորագրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այն վերաբերում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչին:




Լրահոս