ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԽԱԲԵ՞Լ ԵՆ

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 33-ամյա երիտասարդը, չանսալով հարազատների հորդորներին, իրեն ցած էր նետել բնակարանի պատշգամբից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած Արսենն այդ քայլին գնացել է խաբված լինելու պատճառով:

Մինչ դեպքի մանրամասներին անդրադառնալը նշենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն Aravot.am-ին ասել էր, թե դեպքը տեղի է ունեցել կնոջ, մոր եւ զոքանչի աչքի առջեւ: Ավելին, քաղաքապետի խոսքով՝ 2-րդ հարկից իրեն ցած գցած 33-ամյա երիտասարդը գործազուրկ էր ու հարբեցող: Ըստ նրա՝ Արսենն ուներ երկու երեխա:
Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետի ասածները, մեղմ ասած, չափազանցված են: Ավելին, նա, ըստ էության, տեղյակ չէր իր բնակչի կարգավիճակից, եւ դա դեռ քիչ է, մահացած մարդուն հարբեցող էր անվանել, ինչը, համաձայնե՛ք, ընդունելի չէ: Հայտնի խոսք կա՝ մահացածի հետեւից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ:
Հիմա անցնենք դեպքի մանրամասներին: Նախ տեղեկացնենք, որ ըստ մեզ հասած լուրերի՝ մահացած Արսենը երեխաներ չուներ: Իսկ ինքնասպանության հավանական պատճառներից մեկն էլ այն է, որ նա ինչ-որ մեկի համար գործ է արել, աշխատել, սակայն պատվիրատուն հրաժարվել է գումարը վճարել: Այս հանդգնությունը Արսենը չի կարողացել ներել եւ զայրացած գնացել է այդ քայլին: Իսկ թե ով է շահագործել երիտասարդին, փորձեցինք պարզել նրա հարազատներից:
Տեղեկացնենք, որ Արսենի մայրը նախկինում աշխատել է Ստեփանավանի հատուկ գիշերօթիկ դպրոցում: Նրա ծնողներն ամուսնալուծված են: Եղբայր Արմանը, որը Ստեփանավանում հայտնի է «Պոնչ» անունով, օրեր առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, սակայն լսելով դեպքի մասին՝ շտապ վերադարձել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Արսենի եղբոր զոքանչը` տիկին Ջեմման, որը Արսենի հարեւանն է, պատմեց, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես է Արսենը ցած նետվել պատուհանից. «Արսենի կինը` Սվետան, ինձ կանչեց, թե տիկի՛ն Ջեմմա, արի՛ օգնի՛, էլի՛, Արսենը ջղայնացած է, ինձ չի լսում, միգուցե Դուք կարողանաք նրան հանգստացնել: Ախր Արսենն ինձ շատ էր հարգում, որ բան էի ասում, լսում էր: Գնացի իրենց տուն, ասացի՝ Արսե՛ն ջան, տղա՛ ջան, արի՛ նստենք, խոսենք, ինչո՞ւ ես ջղայնացել, բայց նկատեցի, որ նա շատ ջղայնացած էր ու անգամ ինձ չէր էլ նկատում, ու ոչ մի կերպ չէինք կարողանում հանգստացնել: Մենակ ասում էր՝ ինձ մի՛ կպեք, թողե՛ք ինձ: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում հետը: Մեզ ասաց. «Հլա մի տեսե՛ք՝ ինչ պիտի անեմ», հետ-հետ գնաց ու վազելով ցած նետվեց պատշգամբից: Բայց ոչ մի կոնֆլիկտ չէր եղել, շոկի մեջ եմ ուղղակի: Ի՞նչ ասեմ, ափսոս: Իմ տան երեխան էր. ախր մենք միայն խնամիներ չենք, այլ շատ ավելին ենք, իմ էրեխու պես եմ սիրել, նրա եղբայրն իմ փեսան է, բայց տղու նման էր: Վստահեցնում եմ՝ նա կնոջ հետ շատ սիրով էր, թե ինչ էր եղել, չիմացանք, բայց ինչ արեց այդ պահին, մի երկու բաժակ օղին արեց»:
Այսպես, երկու կանայք չեն կարողացել 33-ամյա Արսենին հետ պահել կյանքին վերջ տալու քայլից: Տիկին Ջեմմայի պատմելով՝ Արսենն այդ օրը աշխատանքի չի գնացել, ասել է, թե չի գալու գործի եւ որոշել է հանգստանալ: Իսկ այն տեղեկությունները, թե նա դեպքի ժամանակ սիրուհու տանն է եղել, ճիշտ չեն. «Սվետան նրա կինն է, ու նրանք շատ սիրով ապրում էին»:
Փորձեցինք Արսենի եղբորից հետաքրքրվել, թե արդյոք պատվիրատուները հրաժարվել են վճարել նրան: «Հիմա ի վիճակի չեմ խոսել, բայց վստահեցնում եմ՝ նման բան չկա»,-ասաց նա: Նշենք, որ Արսենը Ստեփանավանում մի ընտանիքի անասուններն էր պահում, որի մասին հարազատները դեռ չեն ցանկանում խոսել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՁԵՌԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է ամուսնուն, սակայն հայտնի նամակի մասին ոչինչ չի հարցրել: «Այնտեղ նման բաների մասին չենք կարող խոսել, քանի որ հսկիչներ կան: Իսկ ինչ վերաբերում է նամակին, ապա ձեռագիրն ամուսնուս ձեռագրին նման է, սակայն հաստատ չեմ կարող ասել՝ դա ինքն է գրել, թե ոչ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան: Հիշեցնենք, որ այդ նամակում Վարդան Սեդրակյանը պատմել է, թե ավիացիայի նախկին պետ Ալիկ Աբրահամյանը եւ նրա որդին՝ նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են հովանավորել եւ ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ ներդրել, ապա հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել նրա եւ ընտանիքի նկատմամբ: Ըստ նամակի` Ալիկ Աբրահամյանն ասել է, թե հենց իր շնորհիվ է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարով:

 

ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հայտնի «բանդայի» գործով դատական նիստը, որը 2014թ. ընթացքում նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակեյանի նախագահությամբ կայացած երկրորդ դատական նիստն է:
Հիշեցնենք՝ 2012թ. վնասազերծվել էին զինված ավազակային հարձակումներ կատարած խմբի անդամները, որոնց պարագլուխն էր համարվում «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատիրոջ որդին` Արտյուշա Հակոբյանը: Նշված «բանդան» մտել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյանի եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ, ծեծի ենթարկել տան անդամներին՝ թալանելով ունեցվածքը:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Անկախ նրանից՝ ում բուհերն են, եթե խախտումներ են արել, ապա անպայման կփակվեն: Ես պատասխանատվություն ունեմ հասարակության առջեւ, այն է՝ կրթության ոլորտի որակի բարձրացում»:

Արմեն Աշոտյան Haynews.am
Իսկ ինչո՞ւ կրթության որակն այդպես էլ չի բարձրանում, միգուցե այն պատճառով, որ բարձրացնողները հանրապետականնե՞րն են: Եթե նրանք չկարողացան ապահովել տնտեսական աճ, աղքատության կրճատում եւ բոլոր ոլորտներում խայտառակ արդյունքներ ցույց տվեցին, ապա ինչի՞ հաշվին պետք է կրթության որակ բարձրացնեին: Իհարկե, ԿԳ նախարարը կարող է որոշ մասնավոր բուհեր փակել, բայց անհավատալի է, թե նա կարող է փակել բուհը՝ անկախ նրանից, թե այն ումն է, ինչպես եւ անհավատալի է այն, որ ՀՀԿ-ն կարող է պատասխանատվություն ունենալ հասարակության առջեւ, քանի որ մենք չենք մոռանում, թե ինչպիսի երկրում ենք ապրում:

 

«Երբեք չեմ գնացել մի բնագավառ կամ զբաղեցրել մի պաշտոն, որտեղ ես անելիք չեմ ունեցել, ես երբեք պաշտոն չեմ ստանձնել հանուն պաշտոնի»:

Անդրանիկ Մանուկյան «Դե ֆակտո»
Միանգամայն իրավացի է Ուկրաինայում ՀՀ դեսպանը եւ ՀՀ տրանսպորտի նախկին նախարարը (մնացած նախկին պաշտոնները չթվարկենք՝ տեղի սղության պատճառով): Այո՛, Հայաստանում պաշտոնյաները հաճախ պաշտոն ստանձնում են ոչ այդքան հանուն պաշտոնի, այլ որքան հանուն լրացուցիչ արտոնությունների, հանուն իրենց բիզնեսների բարգավաճման, հանուն նորանոր հնարավորությունների ձեռքբերման եւ հանուն էլ ավելի հարստացման: Դե Ա. Մանուկյանն էլ, ինչպես գիտենք, աղքատների շարքը չի դասվում, նրա զբաղեցրած պաշտոնները երբեք չեն եղել հանուն պաշտոնի, այլապես որտեղի՞ց այդքան հարստություն:

 

 

«Եվրոպացի պատգամավորների հետ համատեղ հայտարարության բացակայությունը ողբերգություն չէ»:

Սամվել Ֆարմանյան News.am
Թերեւս սա այն եզակի դեպքերից է, երբ մենք պետք է համաձայնենք Հանրապետական կուսակցության որեւէ ներկայացուցչի հետ: ՀՀԿ-ական պատգամավորն իրավացի է. իհարկե, ողբերգություն չէ ոչ միայն եվրոպացի պատգամավորների հետ համատեղ հայտարարության բացակայությունը, այլեւ եվրոպական կառույցների հետ ցանկացած համատեղ գործընթացի տապալումը: Ու բացակայությունն այլեւս ողբերգություն չէ՝ սկսած այն օրվանից, երբ ՀՀ իշխանությունները Եվրոպայի հետ մի քանի տարի բանակցելուց ու դեպի Եվրոպա քայլեր անելուց հետո կտրուկ փոխեցին իրենց որոշումը եւ շրջադարձ կատարեցին դեպի Մաքսային միություն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս