Հայկական բանակի ու ազատամարտիկների թեման համարվում է ամենանուրբը, քանի որ նրանց մասին քննադատական ցանկացած բառ կարող են օգտագործել մեր թշնամիները: Սակայն լինում են իրավիճակներ, երբ ճշմարտությունն ասելն ավելի կարևոր է, քան լռելը:
Հիմա ավելի առարկայական. վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կարծես թե ազատամարտիկների նոր միավորում ստեղծելու մրցարշավ է սկսվել: Երբևէ ռազմաճակատում չգտնված անհատներից սկսած մինչեւ լուրջ հրամանատարները ձգտում են ազատամարտիկների միավորում ստեղծել:
Հանուն արդարության, պետք է նշել, որ ամեն ինչ սկսվեց «Երկրապահ» կամավորականների միության վարչության կազմի հրապարակումից: Ինչպես հայտնի է, ԵԿՄ վարչության կազմում են գտնվում մարդիկ, ովքեր գրիչից ծանր ոչինչ չեն վերցրել, անգամ բանակում չեն ծառայել: Ու հանկարծ նրանք հայտնվեցին ազատամարտիկների շրջապատում` հայրենասերի «կամուֆլյաժով»:
Բայց մյուս կողմից` պետք է նկատել, որ ԵԿՄ-ն ոչ թե ռազմական կառույց է, այլ մի հասարակական կազմակերպություն, որտեղ կարող են անդամագրվել յուրաքանչյուրը` անկախ իր ռազմական անցյալից:
Բայց եթե կենդանի լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանը, հաստատ նման իրավիճակ չէր լինի: Բոլոր ազատամարտիկները` անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից, խմբված էին սպարապետի շուրջ ու ենթարկվում էին նրան: Հիմա մեր երկրում չկա սպարապետին փոխարինող որեւէ մեկը, իշխանության ամենաբարձր օղակներն էլ հնարավորինս անտեսում են ազատամարտիկներին, դրա համար էլ նախկին հրամանատարներն ու շարքային մարտիկները աջ ու ձախ ընկած ապահով տեղեր են որոնում:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, առանձին «Երդվյալ ազատամարտիկներ» անունով մի հասարակական կազմակերպություն է բացել: Նրա եւ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի` «Սև հովազ» ջոկատի հրամանատարի, համատեղ ծրագիրը` «Նվիրյալների միություն» ստեղծելու, ձախողվեց: Դրա համար էլ Ռուստամ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ ստեղծել է Ազատամարտիկների դաշինք:
Դրանից առաջ էլ հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանն էր ազատամարտիկներին միավորելու փորձեր անում:
Ի՞նչ նպատակ ունեն նրանք իրականում, պարզ չէ: Միայն հասկանալի է, որ բոլոր նման իդեաների կրողները ցանկանում են դառնալ «ազատամարտիկների ասողը»: Սակայն ամեն անգամ այդ բաղձալի նպատակին հասնել չի հաջողվում, քանի որ պատերազմի անցյալ ունեցող մարդիկ ավելի կամային են, քան կարելի է պատկերացնել: Ու որքան էլ փորձեն սոցիալապես անապահով այդ խավի էմոցիաների վրա ազդելով կառավարելի դարձնել, միեւնույն է` չի ստացվի: Քանի որ Վազգեն էլ չի լինելու:
Իսկ ինչ վերաբերում է նրանց հրապարակային գործունեությանը, ապա բոլորի նպատակը, թերեւս, նույնն է` հոգալ ազատամարտիկների հոգսերը, կանգնել մեր բանակի կողքին` անհրաժեշտության դեպքում եւ իրենց ներկայությամբ զգաստացնել երկրում «սխալ բան անողներին»:
Մինչդեռ լավ կլիներ, որ յուրաքանչյուր նման նախաձեռնության հեղինակ գիտակցեր, որ այդ քայլով ինքն իրականում պառակտում է մտցնում, շերտավորում է ազատամարտիկներն` դրանով իրականում «ջուր լցնելով թշնամու ջրաղացին»: Լավ կլիներ, որ յուրաքանչյուրն իր նկրտումները պահելու եւ զսպելու քաջություն ունենար: Ի վերջո, հերոսությունը միայն պատերազմի ժամանակ չէ, որ դրսեւորվում է. լավագույն որակները դրսեւորվում են նաեւ խաղաղության պայմաններում:
Թամարա Միքայելյան