Տարիներ շարունակ ընթացող հանցավոր գործունեության մասին խոստովանությունները բազմիցս են հնչել բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Դատելով ներքաղաքական իրավիճակի վերջին շրջանի զարգացման առանձնահատկություններից կարելի է ասել, որ այդ առումով Հովիկ Աբրահամյանը առաջատարի իր դիրքերը չի զիջում գործընկերներից եւ ոչ մեկին: Ինչպես Ազգային ժողովը ղեկավարելու տարիներին, այնպես էլ այժմ վարչապետի պաշտոնին իր հրապարակային հայտարարություններում նա փաստացի նորից ու նորից բացահայտում է մեզանում ձեւավորված իրողության ամենավտանգավոր եւ մահաբեր չարիքը` օրենքի իսպառ բացակայությունը:
Որպես այդ ողբալի փաստի առկայության ապացույց, կանգ առնենք աբրահամյանական երկու հայտնի խոստովանությունների վրա: Առաջինը` հենց Ազգային ժողովի խոսնակի աթոռը զբաղեցնելու ընթացքում հնչեցված «պայծառափայլ» միտքն էր, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ: Այդ բանաձեւը պետք է ընկալել ոչ այնքան որպես սրամիտ աֆորիզմ, որքան քարանձավային բարբարոսությունից չտարբերվող սկզբունքներով հիմնավորված իրողություն: Չէ որ օրենքների գերակայության պայմաններում քաղաքականության ասպարեզում անխելքների հայտնվելն ի սկզբանե բացառված է, էլ չասած` բարձրաստիճան պատասխանատվությամբ պաշտոններ զբաղեցնելը:
Որ մեզանում նման աբսուրդային փաստերի ցանկն անսահման հայտնի է բոլորին` դրա ողջամիտ բացատրությունն այն է, որ բարձրագույն իշխանության լծակներն ապօրինաբար զավթած անձինք առաջնորդվում են ոչ թե ազգային շահերով, այլ անհիմն անձնական հավակնություններով եւ սեփական հարստացման կենդանական բնույթի անկուշտ մոլուցքով: Սակայն առավել ակնառու են Հովիկ Աբրահամյանի վարչապետական խոստովանությունն ու դրա հետ կապված հեղինակային մեկնաբանությունները: Խոսքը գնում է չարաբաստիկ ստվերի եւ այն արմատախիլ անելու աբրահամյանական «վճռականության» մասին:
Այն, ինչ վարչապետը հնչեցրեց նշված ցավոտ խնդրի շրջանակներում, առաջինից մինչև վերջինը կարող է կանախատեսված ստախոսության դասական օրինակ ծառայել: Նախ և առաջ փաստելով տարիներ շարունակ գոյացող, գոյատեւող եւ ակնհայտ լայնացման միտումներ ունեցող ստվերի առկայությունը վարչապետը դրանով իսկ խոստովանեց, որ իրավապահ մարմինները, ինչպես եւ ողջ արդարադատության համակարգը, Հայաստանում չեն գործում որպես այդպիսին: Այլապես վաղուց արդեն հարուցված կլինեին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քրգործեր` հարկերից խուսափելու հատկանիշներով, որոնցում մեղադրյալների կարգավիճակում կհայտնվեին բոլոր նրանք, ում նորաթուխ վարչապետը հրավիրել էր հայտնի հանդիպմանը` խնդրին իբր լուծում տալու նպատակով:
Իրականում հիշյալ խոստովանության եւ դրա հետ կապված քննարկումների ու սեփական մեկնաբանությունների ֆոնին Հովիկ Աբրահամյանը փաստացի հանդես եկավ ոչ թե որպես կառավարության ղեկավար, այլ որպես հանցագործների հովանավոր: Այդ տխուր հանգամանքը լիովին ապացուցվում է, այսպես կոչված, վերջնաժամկետի հրապարակմամբ, որի իրական իմաստն ու էությունը հետեւյալն էր. «Կարող եք անհոգ շարունակել ձեր հանցավոր գործունեությունը մինչեւ հուլիսի 1-ը, բայց եթե այդ պահից չհամալրեք հարկային դաշտը, ապա ձեզնով կզբաղվեն համապատասխան մարմինները»: Վարչապետի ստախոսությունը, ինչպես հայտնի է, պսակվեց արդեն ավանդական դարձած հերթական անհեթեթություններով:
Այս անգամ ամպագոռգոռ խոստումներից հրաժարվելը բացատրվեց «կախարդական փայտիկի» բացակայությամբ, ինչը նույնպես անթաքույց սուտ է: Այդ փայտիկն առկա է եւ բարձր արդյունավետությամբ գործում է քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում: Կախարդական փայտիկը կոչվում է Օրենքի գերիշխանություն: Ինչն, անկասկած, հայտնի է նույնիսկ լեզվաբանական օրիգինալ նորույթների հեղինակ մեր վարչապետին:
Արկադի Վարդանյան
Ապօրինի իշխանության դատապարտյալ, Վանաձորի փակ բանտային ռեժիմի քրեակատարողական հիմնարկ