ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը, որը գործում է 1982 թվականից, մարզկենտրոնի ամենամեծ նախադպրոցական ուսումնական հաստատությունն է: Այն, սակայն, 1989-ից ի վեր շարունակում է գործել տնակային պայմաններում: Քարե հաստատություն ունենալը վաղեմի երազանք է: Թիվ 8 մանկապարտեզում գործում է 6 խումբ, այստեղ հաճախում է 145 երեխա: Ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով, ջեռուցման, կահավորման եւ սննդի հետ կապված խնդիրներ չկան: «Հենց այս ամենի ճիշտ մոտեցման արդյունքում է, որ տնակային պայմանների հետ կապված՝ երեխաների թվի նվազում չունենք»,-նշում է 8-րդ նախադպրոցական հաստատության տնօրեն Ալլա Դարբինյանը` փաստելով, որ միակ ու ամենամեծ խնդիրը մնում է շենքի հարցը, որի լուծման ուղիները գտնելու համար դիմել են տարբեր օղակների` այդ թվում նաեւ բարերարների, բայց դեռեւս պատասխան չեն ստացել: «Քաղաքապետարանի համար էլ սա մեծ խնդիր է, բյուջեում նախատեսված համապատասխան գումարներ չկան: Եթե բարերար հայտնվի, քաղաքապետարանն էլ իր ներդրումը կունենա»,-ասում է Ալլա Դարբինյանը: Նա նաեւ նշում է, որ քաղաքապետարանից օգնություն եղել է` վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը: Սակայն տնակայինից շենքային պայմաններին անցնելը դեռ հնարավոր չէ:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը եւս խնդրին քաջատեղյակ է. «Բավականին բարդ է, պահանջվող թվերի մասին պատկերացում կազմելու համար ասեմ, որ քարե շենքից 2 խմբանի մանկապարտեզ ունենալու համար՝ նախագծայինով եւ կառուցումով, անհրաժեշտ է մինեւ 100 մլն դրամ: Դե պատկերացրե՛ք, 8-րդ մանկապարտեզը բավականին մեծ է, ունի 6 խումբ, այսինքն՝ մինչեւ 200 մլն դրամ է պետք, որպեսզի կարողանանք քարե շենք կառուցել: Այդ հնարավորությունն այսօր մենք բյուջեում չունենք: Բայց ժամանակին համապատասխան գրություններ են գրվել, դիմել ենք Լոռու մարզպետին, որ երբ դպրոցների օպտիմալացման արդյունքում հնարավորություն լինի, շենք-շինություններ ազատվեն, տրամադրեն, մենք մեր նախակրթարանները տեղափոխենք այնտեղ»:
Նշենք, որ նման պայմաններով այսօր Լոռու մարզկենտրոնում գործում է եւս 2 մանկապարտեզ: Փայտաշեն տնակներում սովորում են նաեւ թիվ 3 եւ 4 նախակրթարանների սաները:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Սոչիում հաղթանակի դեպքում շատ երկրների մարզիկներ կստանան դրամական պարգեւներ: Ղազախստանի օլիմպիական կոմիտեն ոսկե մեդալի համար խոստացել է 250 հազար, արծաթի համար` 150 հազար, բրոնզի համար` 75 հազար ԱՄՆ դոլար: Լատվիացիները, համապատասխանաբար, կարող են ակնկալել 192,8 հազար, 96,4 հազար եւ 67,5 հազար, իտալացիները` 189,8 հազար, 101,7 հազար եւ 67,8 հազար, բելառուսները՝ 150 հազար, 75 հազար եւ 50 հազար, էստոնացիները՝ 138,5 հազար, 92,3 հազար եւ 60,6 հազար, ուկրաինացիները` 125 հազար, 80 հազար եւ 55 հազար ԱՄՆ դոլար:
Ռուսաստանի հավաքականի մարզիկները կստանան 4 մլն ռուբլի (մոտ 113,2 հազար դոլար), 2,5 մլն ռուբլի (70,8 հազար դոլար) եւ 1,7 մլն ռուբլի (48 հազար դոլար)… Դրամական փոխհատուցում չեն ստանա Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Խորվաթիայի հավաքականների մարզիկները: Շվեդիայի ԱՕԿ-ը հայտարարել է, օրինակ, որ իրենք առանց այդ էլ տարեկան 11 մլն ԱՄՆ դոլար են ծախսում մարզիկների մարզումների վրա:
Իհարկե, անհավանական է, որ ձմեռային մարզաձեւերում մեր մարզիկներն արժանանան որեւէ մրցանակի, բայց ամեն դեպքում նշենք, որ ՀՀ կառավարությունը օլիմպիական չեմպիոնին (ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային խաղերի) կպարգեւատրի 30 հազար, արծաթե մեդալակրին՝ 20 հազար, բրոնզե մեդալակրին՝ 10 հազար դոլարին համարժեք դրամով։

 

ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է «Tallink Open VIII» անվանումը կրող կանանց թենիսի մրցաշարը: Ուրախալի է, որ Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը կարողացել է հեշտությամբ հաղթահարել որակավորման փուլը` երկրորդ խաղում եւս ջախջախելով իր մրցակցին՝ Անտոնինա Լիսակովային։ Հիմնական խաղարկության 1/16-րդ եզրափակչում Ամիրաղյանը կմրցի Եվա Պալմայի հետ: Հայ մարզուհին մասնակցում է նաեւ զուգախաղի մրցաշարին, որտեղ ուկրաինացի Գանա Պոզնիխիրենկոյի հետ 1/8-րդ եզրափակչում կմրցի Սյուզան Սելիկ-Եվա Պալմա զույգի հետ:

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս