ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԳՈՂԱՑԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Միսս Հայաստան-1997» Անգելինա Բաբաջանյանը վերջերս մասնավորապես ասել էր, որ գեղեցկության մրցույթները բարձր մակարդակով անցկացվեցին հատկապես 1996-2000 թվականներին, երբ դրա կազմկոմիտեի նախագահը Արա Երնջակյանն էր։ Հենց այդ տարիների շուրջ էլ սկսեցինք մեր զրույցը Երեւանի պետական Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Արա Երնջակյանի հետ։

-Ճիշտն ասած, շատ ցավոտ թեմա է, եւ հաճելի չէ նորից վերադառնալ դրան։ 1996թ.-ից մինչեւ 2000թ. անցկացրինք այդ մրցույթը, իսկ հետո, ինչպես ընդունված է մեր հանրապետությունում, գտնվեցին մարդիկ, ովքեր գողացան այն։ Եվ նման հոգեբանությամբ մարդիկ, բնական է, չեն կարող լավ բան անել։
-Այդ ծանր տարիներին ինչպե՞ս կարողացաք նման մրցույթ կազմակերպել։
-Մեր թատրոնում միշտ այդպիսի բաներ արվում էին։ Բայց առաջին մրցույթի ժամանակ ամեն դեպքում մտավախություն ունեինք, որ աղջիկները հանդիսատեսի կողմից կարող են վատ ընդունելության արժանանալ։ Ամենահետաքրքիրն ու հաճելին այն էր, որ Օպերայի դահլիճի վարագույրը բացվեց, եւ հանդիսատեսը ծափահարություններով դիմավորեց ու այդպես էլ ճանապարհեց աղջիկներին։ Հայաստանյան մրցույթը միանգամից միջազգային ասպարեզ դուրս եկավ, որովհետեւ մենք շատ մարդկանց էինք հրավիրում միջազգային մրցույթներից։ Եվ հենց առաջին մրցույթի աղջիկներն արդեն մասնակցեցին «Միսս Եվրոպա» եւ այլ միջազգային մրցույթների, նույն Անգելինան բավականին մրցանակներ բերեց, բայց…
-Դուք հայկական ՈՒՀԱ-ի (ԽԹծ) հիմնադիրներից եք, երգիծական բեմադրություններ եք ներկայացնում թատրոնում։ Ձեր գնահատմամբ` այս տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխության է ենթարկվել հումորը:
-Ցավոք սրտի, փոփոխություններ եղել են, եւ չէի ասի՝ դրական։ Մեր ժամանակ մի քիչ ինտելեկտ կար այդ ամենի մեջ, միջին հանդիսատեսը տեղեկացված էր շատ-շատ բաներից, եւ կատակելն էլ ավելի հետաքրքիր էր լինում. ավելի լուրջ թեմաներով կարող էիր շատ հետաքրքիր բաներ հրամցնել։ Մանավանդ կար գրաքննություն (որը շատ անգամ անհեթեթ էր), եւ մտքի մեծ ճկունություն էր պահանջվում այդ ամենը շրջանցելու, քո ուզած ռեպլիկը հանդիսատեսին հասցնելու ու միաժամանակ պրոբլեմ չունենալու համար։ Հիմա նման բաներ չկան, հիմա հումորը շատ ավելի գռեհիկ է դարձել, հասել ենք մի քիչ ուրիշ որակի։ Բայց, փառք Աստծո, ամեն տեղ այդպես չէ։ Մենք, համենայնդեպս, Կամերային թատրոնում աշխատում ենք շարունակել մեր գիծը, բայց դա քանի գնում, ավելի դժվարանում է։ Մեր ներկայացումները բավական ինտելեկտ են պահանջում հանդիսատեսից, ու շատ հաճելի է, որ միշտ, աչքով չտամ, դահլիճը լեփ-լեցուն է։ Լուրջ կատակների, մի քիչ լուրջ բաների շուրջ զրուցելու կարոտը կա։ Իհարկե, կա նաեւ հանդիսատես, որը գալիս է ընդամենը կատակներ կամ երգեր լսելու, բայց շատերը հետաքրքրությամբ դիտում ու նաեւ ընկալում են ներկայացումը։
-Ձեր թատրոնի բեմը մոտ է դահլիճին, կա անմիջական շփում հանդիսատեսի հետ, որը կարծես ներկայացման մասնակիցն է դառնում։ Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է դերասանին։
-Թատրոնը կառուցելիս մենք երկընտրանք ունեինք. կա՛մ Սունդուկյանի տիպի անեինք, որ հանդիսատեսը հեռու լիներ, կա՛մ այս տարբերակը լիներ, երբ դերասանի համար շատ ավելի դժվար է խաղալը, որովհետեւ շատ մոտ է գտնվում, եւ ցանկացած կեղծիք միանգամից խոշորացույցով դուրս է գալիս։ Ընտրեցինք երկրորդ տարբերակը։
-Վերջին շրջանում ակտիվ երիտասարդները տարբեր քաղաքացիական ակցիաներ են կազմակերպում, որոնց նաեւ մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ են մասնակցում: Դուք ե՞ւս մասնակցում եք, թե՞ հակված եք այն կարծիքին, որ ամեն մարդ իր գործը պետք է անի։
-Ես այն կարծիքին եմ, որ շատ լավ կլինի, եթե ամեն մեկն իր գործով զբաղվի։ Մեր բեմից շատ նման թեմաներ հնչում են, ամեն երեկո 150 հոգի ինֆորմացվում է մեր կողմից, ու չեմ կարծում, որ մեր արածը ավելի քիչ է, քան մեկին, ասենք, մեքենայով Ա-ից Բ կետ տեղափոխելը։

 

 

 

 

 

 

«ԵՍ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉՈՒՆԵՄ»

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները միացել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին։ «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է փետրվարի 10-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չի եկել։ Երգիչները դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։ Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը, բայց ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը։ Իսկ ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։
Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր, որ թատրոնում շատ երիտասարդներ կան, իրոք կենսաթոշակների հետ կապված խնդիր գոյություն ունի, եւ իրենք բանակցում են` ցանկանալով լուծել այդ հարցը։
Օպերային թատրոնի աշխատակիցների բողոքի քայլի, ընդհանրապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց սիրված երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հետ։
-Ոչ մի կերպ գլխումս չի տեղավորվում, երբ ասում են՝ հինգ տոկոս պիտի պահեն, 25 տարի հետո վերադարձնեն։ Բայց ի՞նչ գիտենք, թե 20-25 տարի հետո ինչպիսի պետություն է լինելու, եւ մենք ինչ կարգավիճակում ենք լինելու։ Ես, իհարկե, ուրախ եմ, որ այս պետության մեջ եմ ապրում՝ Հայաստանի Հանրապետությունում, բայց ես չգիտեմ՝ իրավիճակն ինչպես կփոխվի, եւ հետո ումից կարող եմ այդ գումարը ետ պահանջել։ Այս ամենը մի քիչ անլուրջ է։ Ես ոչ մի երաշխիք չունեմ։ Հիմա մի կառավարություն է, ասենք, ութ տարի հետո ուրիշը կլինի, մի քսան տարի հետո՝ բոլորովին ուրիշը, եւ այդ վերջինը կարող է ասել, որ անվավեր է ճանաչում նախորդների որոշումները։ Կասի, սահմանադրական փոփոխություններ կկատարի եւ այլն:
-Այսինքն՝ Դուք միանշանակ կո՞ղմ եք երիտասարդների բողոքին։
-Իհարկե։ Ենթադրենք` երիտասարդը գնաց երկրից եւ փորձում է իր կյանքը այլ երկրում դասավորել (Երկիր մոլորակն ամեն մարդունն է, ու որեւիցե մեկն իրավունք չունի բռնանալու տվյալ անձի կամքի վրա), իր երջանկությունը փնտրել… Գնաց, չվերադարձավ հայրենիք, այլ երկրում բնակվեց, ամուսնացավ, քաղաքացիություն ստացավ, ումի՞ց ի՞նչ է ուզելու։ Եթե դա երեք կամ, ամենաշատը, հինգ տարով լինի, խելքին մոտ է։
-Ժամանակին էլ դրամը փոխարինեց ռուբլուն, ու շատերը միանգամից կորցրին գրեթե ամեն ինչ, այդ թվում եւ` խորհրդային բանկերի ավանդները։
-Այո՛, մարդկանց հալալ քրտինքով կուտակած հինգ կամ տասը հազար ռուբլին վայրկենապես փոշիացավ, դարձավ թուղթ։
-Ոմանք գուցե կմեղադրեն Օպերայի արտիստներին, կասեն՝ ինչո՞ւ տապալեցին «Անուշ»-ը։ Դուք ի՞նչ կասեք այդ մասին։
-Երեւի նրանց համբերության բաժակը լցվել է։ Ամեն դեպքում, ճիշտ են արել։ Եթե արտիստը, օպերային առաջատար երգիչները ստանում են 40 կամ, լավ, 60 հազար դրամ աշխատավարձ, մի՞թե կարելի է դրանից ինչ-որ տոկոս պահել։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԱԼԲՈՄԸ

Օրերս «Yans» ակումբում կայացել է Ջիվան Գասպարյան կրտսերի անդրանիկ` «Արմատներ» («Roots») ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: Երեւանում ձայնագրված սկավառակում ընդգրկված է 12 ստեղծագործություն, որոնք, հեղինակի խոսքով, հայկական երաժշտության արմատների ժամանակակից մշակումն են: «Ներառել ենք իմ եւ պապիկիս իմպրովիզացիան. հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ, գործիքավորումն արել են պապիկս եւ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը»,-նշել է դուդուկահարը` կարեւորելով ձայնասկավառակի թողարկումը: «Համերգներն անցնում-գնում են, իսկ սկավառակը մնայուն է: Այս ալբոմը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հանդիսատեսի համար, մանավանդ դրսում մարդիկ դուդուկն ավելի են գնահատում ու սիրում, իսկ այնտեղ ճանաչված դառնալուց հետո քո երկրում էլ ես գնահատվում»,-Bravo.am-ին ասել է Ջիվան Գասպարյան կրտսերը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Քարդաշյան քույրերը` Քլոեն, Քորթնին եւ Քիմը, հայտնվել են հերթական սկանդալում: Նրանց ցնցող գեղեցկության նկարը հայտնվել է Sunday Mirror-Notebook ամսագրի շապիկին, որում, սակայն, շատերը նկատել են ֆոտոշոփի չարաշահում: Քիմի ազդրերը փոքրացրել են, Քորթնիի թեւերը՝ բարակեցրել, իսկ Քլոեի ողջ մարմինը՝ ձգել: Daily mail-ի փոխանցմամբ` սա աստղերի վերափոխման հերթական սկանդալն էր հոլիվուդյան «թվային վիրահատության» տեխնոլոգիայի բացահայտումից հետո: Այն ֆոտոշոփի կինեմատոգրաֆիական տարբերակն է, որն օգնում է դերասաններին էկրանի վրա ավելի նիհար եւ բարձրահասակ երեւալ, քան կյանքում:

 

ՕԲԱՄԱՆ ԵՎ ԲԵՅՈՆՍԵՆ

Ֆրանսիացի լուսանկարիչ Պասկալ Ռոստոնը հայտարարել է, թե առաջիկայում The Washington Post-ը կհրապարակի սենսացիոն հոդված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ երգչուհի Բեյոնսեի սիրավեպի մասին: «Այդ մասին կգրի The Washington Post-ը: Չի կարելի ասել, որ այն դեղին մամուլ է: Այդ մասին գիտեն նաեւ ամերիկյան այլ լրատվամիջոցները, սակայն նրանք կհրապարակեն այդ տեղեկությունը, եթե վստահ լինեն 150 տոկոսով»,-ֆրանսիական «Le Figaro»-ին ասել է լուսանկարիչը:




Լրահոս