ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Սեբաստիա փողոցում

Հետաքրքիր է՝ եթե սույն մեքենային արագության գերազանցման համար նկարի արագաչափը, ի՞նչ հասցեով են տիրոջը տեղեկացնելու խախտման եւ տուգանքի մասին, արդյո՞ք նման համարանիշը գրանցված է:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ հասկանալ, թե ինչ սկզբունքով է հաշվարկվում գնաճի ցուցանիշը: Եվ, ընդհանրապես, ո՞վ է դա հաշվարկում:

Նելլի Կարապետյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ` դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ տասը մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` վերջին մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների գնաճը (այդ թվում` ծխախոտ եւ ոգելից խմիչք) կազմել է 109.6%, ոչ պարենային ապրանքատեսակներինը՝ 104.3%, եւ ամենամեծ գնաճը դիտվում է ծառայությունների սպասարկման ոլորտում` 111.2%:

 

 

 

ՀԱՐՑ. Կառավարության 2011թ. մայիսի 5 N 655-Ն որոշմամբ կենսաթոշակի տարիքի հասնելուց հետո ցերեկային բաժանմունքի սովորողների աշխատանքային տարիներին ավելանում են նաեւ ցերեկային բաժիններում սովորած տարիները: Ես միջնակարգ կրթության բազայի վրա 2 տարի 6 ամիս սովորել եւ ստացել եմ որակավորման դիպլոմ: Խնդրում եմ ասել` այդ ժամանակահատվածի ցերեկային սովորած տարիները կավելանա՞ն իմ թոշակի աշխատանքային տարիներին:

Մորիս Համբարձումյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մորիս Համբարձումյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում աշխատանքային uտաժում հաշվառվում են նաեւ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ վեց տարուց ոչ ավելի:
Միաժամանակ հայտնում ենք, որ Մ. Համբարձումյանի՝ աշխատանքային ստաժի եւ ուսման վերաբերյալ տվյալներն ամբողջական չեն, հետեւաբար դիմումում նշված ուսման ժամանակահատվածն ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվարկելու (կամ չհաշվարկելու) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ դեռ ամեն ինչ կորած չէ: Մ. Համբարձումյանը կարող է դիմել իրենց տարածքային սոցապ բաժին, եւ գուցե 2 տարի եւ 6 ամիս ժամկետը` միջնակարգ կրթության բազայի վրա նրա ուսման տարիները, ավելանան իր թոշակի աշխատանքային տարիների վրա: Չնայած չենք բացառում, որ այս դեպքում էլ գուցե մեկ այլ փաստաթղթի կարիք առաջանա:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն, որը գրանցված է Երեւանում: Ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումները կարո՞ղ եմ իրականացնել որեւէ մարզում, օրինակ՝ Սիսիանում:

Արա Դավթյան (42 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային ձեւակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում՝ մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում: ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի 2003թ. հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն՝ կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը: ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) կետի համաձայն՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է համարվում Երեւանը, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարատյան տարածաշրջանային մաքսատունը:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, դժվար թե թույլատրվի մաքսային ձեւակերպումներն իրականացնել Սիսիանում, քանի որ այն չի մտնում Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածքում:




Լրահոս