ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՇՐՋՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ

ՀՀ իշխանությունների հանդեպ դժգոհությունը գնալով խորանում է` ընդգրկելով սոցիալական նորանոր շերտեր: Այսօր արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպում մարդիկ, որոնք մինչ այս անտարբեր էին քաղաքականության եւ ընդհանրապես երկրում տեղի ունեցող իրադարձությունների, առկա խնդիրների նկատմամբ կամ գերադասում էին դժգոհել տանը` պատերի ներսում: Համենայնդեպս, մեկ տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ ծրագրավորողները, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի, Մեծամորի ատոմակայանի, «Հարավկովկասյան երկաթուղու» կամ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները դուրս կգան փողոց` պայքարելու իրենց իրավունքների համար: Բայց հիմա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները դարձել են պարբերական երեւույթ, եւ ամեն օր այս պայքարին միանում է նոր կոլեկտիվ: Փաստորեն, ՀՀ իշխանությունները, մտնելով քաղաքացու գրպանը, անում են ամեն ինչ, որպեսզի իրենց եւ քաղաքացիների միջեւ անջրպետն ավելի խորանա: Իսկ դա կարող է անխուսափելիորեն հանգեցնել ՀՀ-ում իշխանափոխության. ի վերջո, 1988թ. եւս համաժողովրդական շարժումը ձեւավորվեց գրեթե նման մեխանիզմով:
Հ.Գ. Երեկ էլ lorinews-ը հաղորդեց, որ արդար դատաքննության պահանջով Վանաձորում փողոց են դուրս եկել մոտ 500 վանաձորցիներ` ի պաշտպանություն 2012թ.-ին «Մուշ» ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի եւ Վերանյան եղբայրների:

 
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու են Սոչիում օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկները, մեղմ ասած, վատ ցուցանիշներ գրանցում, երբ մենք ունենք Ծաղկաձորի նման ձմեռային հանգստի գոտի: «Նախ՝ կարծում եմ, որ պետք է հարցը այսպես հնչեցնեիք. ի՞նչն է պատճառը, որ միայն Ձեր ֆեդերացիան է մասնակցում օլիմպիական խաղերին: Ես համաձայն եմ, որ թերություն կա: Պետք է մենք էլ մտածենք, հստակեցնենք մեր անելիքները»,-ասաց նա: «Իսկ հնարավո՞ր է` Դուք պարզապես չեք հասցնում նախարարության գործերի հետ համատեղել ֆեդերացիայի աշխատանքները». այս հարցին էլ Երիցյանն այսպես պատասխանեց. «Ինչ-որ տեղ կարելի է այդպես էլ ասել, իմ ուշադրությունը պետք է ավելի շատ լինի, ես շատ ծանրաբեռնված եմ ու դիտողությունն ընդունում եմ: Եթե կլինի մի պինդ մարդ, որը սպորտը շատ կսիրի, կկարողանա ֆեդերացիան ինձանից լավ ղեկավարել, ես պատրաստ եմ զիջել իմ տեղն ու կանգնել իր կողքին»:

 

Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս «Ժողովուրդ»-ը բավական ուշագրավ փաստեր հայտնաբերեց: Պարզվում է` Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու Իրանից, այլեւ Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ընդ որում, հատկապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են: 2013թ. Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 1102.7 տոննա, իսկ Ղազախստանից` 19.2 տոննա գազ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՊԵԿ-ից ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկանալ` ինչ գազ է ներկրվում, ինչ նպատակով, եւ որտեղ է այն օգտագործվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան. երկու գերատեսչություններն էլ խոստացել են առաջիկա օրերին պարզաբանումներ տրամադրել: Իսկ մինչ այդ, մասնավոր զրույցներում ոլորտի պատասխանատուները զարմանում էին, երբ լսում էին Միջին Ասիայի այդ երկրներից գազ ներկրելու մասին:

 

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես խոստացել էր, անցել է պատժի իր միջոցներին: Հիշեցնենք, որ նա իր առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի կողմից հնչած սպառնալիքներից հետո ասել էր, որ եթե համապատասխան մարմիններն այս անգամ էլ չզբաղվեն խնդրով, «ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի»: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Բալասանյանի հրամանով Վ. Ղուկասյանի դուստրը` Մանյա Ղուկասյանը, ազատվել է Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանյայի քույրը` Աննան, հաստատեց սա: «Փետրվարի 5-ին քաղաքապետարանի աշխատակիցը գնացել է դպրոց եւ հայտնել, թե Սամվել Բալասանյանն ասել է` այս դեպքերից հետո դիմումդ գրի՛: Այդ տիպի մարդու հետ աշխատելն անիմաստ էր: Տղամարդն ընկնի աղջկա հետեւի՞ց, գյումրեցուն ոչ հարիր պահվածք է»,-դժգոհեց Ղուկասյանի դուստրը` տեղեկացնելով, որ քույրն ազատման դիմումի մեջ Բալասանյանին մաղթել է չարությունը հանել, բարիանալ:

 

 

 

 

 

 

 
ԹՔԱԾ ՈՒՆԻ

«Արմավիա» ավիաընկերության հուսահատված աշխատակիցները, որոնք շուրջ մեկ տարի է` պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը, երեկ կրկին բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Նրանք նախ հիշեցնում են, որ արդեն երեք անգամ դիմել են ՀՀ նախագահի նստավայր` իհարկե, մինչ այդ սպառելով բոլոր ատյանները, սակայն նրանց աշխատավարձերի վճարման խնդիրն այդպես էլ չի լուծվել: Նամակագիրները նաեւ հիշեցնում են, որ իրենք դիմել են դատարան, որը բավարարել է իրենց երեք տարվա օրապահիկները վճարելու պահանջով հայցը:

Սակայն անգամ դատարանի վճիռը որեւէ նշանակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի երբեմնի մտերմագույն գործարարի` Միխայիլ Բաղդասարովի համար, որն այդպես էլ մինչ օրս չի վճարել իր նախկին աշխատակիցներին պարտք գումարը: Եվ սա այն դեպքում, երբ «Արմավիա»-ն մինչ օրս, հակառակ նախկինում արված հավաստիացումների, ինքն իրեն սնանկ չի հայտարարել եւ ոչ էլ այդպիսին ճանաչվել: Ավելին, ինչպես նշում են նամակագիրները, ընկերությունը բոլորովին վերջերս վաճառել է երկու CRJ ինքնաթիռները, ասել է թե` գումար ունի մարելու համար աշխատակիցների պարտքերը:
Այսպիսով` ի՞նչ է ստացվում. տարիներ շարունակ «ազգային փոխադրողի» կարգավիճակով գերշահույթներ ստացած օլիգարխը, զրկվելով իր բացարձակ մոնոպոլ կարգավիճակի վերահաստատման հնարավորությունից, փաստորեն ցույց է տալիս, որ թքած ունի Հայաստանի պետական ողջ համակարգի վրա` այդ թվում եւ դատարանի: Եվ հիմա տարիներ շարունակ իրենց գործը բարեխղճորեն արած տասնյակ բարձրակարգ մասնագետներ Սերժ Սարգսյանի խոստացած «Ապահով Հայաստանում», անգամ դատարանի վճիռը ձեռքներին, չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Նրանք ստիպված են անընդմեջ բողոքի ակցիաներ անել եւ թակել այս կամ այն ատյանների դռները` ասես մուրացիկներ են:
Լավ, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար:
«Ապահով Հայաստան` ՀՀ բոլոր քաղաքացիների, յուրաքանչյուր հայի համար». ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին ընթացող նախագահական քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ամենից շատ հենց այս ձեւակերպումն էր օգտագործում` երաշխավորելով բոլորի եւ յուրաքանչյուրի ապահովությունը: Նա նաեւ նշում էր` «ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը»` խոստանալով, որ «պետական համակարգը պետք է ապահովի իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոտնձգություններից»: Մինչդեռ oրերս, դիմելով Կոնդի բնակիչներին, նա ասաց. «Եթե ես երկրի նախագահն եմ, ուրեմն պետք է ի՞նձ մեղադրեք»: Եթե ընդամենը մեկ տարի առաջ ապահովության եւ արդարության երաշխիքներ խոստացող երկրի ղեկավարը չի գիտակցում իր պատասխանատվության աստիճանն իրեն հավատացած քաղաքացիների առջեւ, ապա թերեւս միանգամայն օրինաչափ է, որ նրա մերձավոր օլիգարխն էլ թքած ունի ՀՀ դատարանի որոշման վրա:




Լրահոս