ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ֆեդերացիայի մասնակցությունն օլիմպիական խաղերին արդեն իսկ առաջընթաց է Հայաստանի համար:

-Պարո՛ն Երիցյան, որպես դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ՝ խնդրում եմ ասել, թե ինչն է պատճառը, որ այդ սպորտաձեւը մեր երկրում չի զարգանում, եւ մեր մարզիկներն օլիմպիական խաղերի ժամանակ վատ արդյունք ենք գրանցում:
-Նախ՝ կարծում եմ, որ պետք է հարցը այսպես հնչեցնեիք. ի՞նչն է պատճառը, որ միայն Ձեր ֆեդերացիան է մասնակցում օլիմպիական խաղերին, դա ավելի ճիշտ կլիներ: Հեռուստատեսությամբ տեսնում եք, որ ձմեռային խաղերը շատ են, բայց խաղերին մասնակցում է միայն մեր ֆեդերացիան: Մենք 4 մասնակից ունենք, ու կարծում եմ՝ դա արդեն նվաճում է մեր երկրի համար, քանի որ աշխարհում սա ամենաթանկ սպորտաձեւերից մեկն է: Եվ եթե մենք կարողացել ենք նման միավորներ վաստակել ու օլիմպիական խաղերին մասնակցել, ապա դա արդեն լավ է մեր երկրի համար: Ճիշտ է, բոլորն էլ ուզում են առաջին տեղը գրավել, բայց դեռեւս դա հնարավոր չէ, ու կարծում եմ, որ մենք ավելին պետք է անենք, այո՛, ես եւս դժգոհ եմ: Բայց ասել, որ մեր ֆեդերացիան վատ է աշխատում, չի կարելի:
-Անգամ տեսակետ կա, որ Ձեր ղեկավարած ֆեդերացիան ընդհանրապես չի աշխատում:
-Մեզ մոտ խորհրդակցություններ, քննարկումներ են լինում, կարող ենք հետագայում Ձեզ հրավիրել, որ ամեն ինչ Ձեր աչքերով տեսնեք: Իսկ եթե մենք այսօր արդեն մասնակցում ենք օլիմպիական խաղերին, դա արդեն ինչ-որ բան ասում է:
-Հայաստանը համարվում է ձմեռային մարզաձեւերի երկիր, տարբեր երկրներից մարզիկներ են գալիս Հայաստան` Ծաղկաձորում մարզվելու: Ինչո՞ւ մենք այդ ամենից չենք օգտվում` ավելի լավ արդյունքներ ցուցաբերելու համար:
-Ասեմ. ես, խոսելով սպորտաձեւի թանկության մասին, նաեւ դա նկատի ունեի: Մենք ունենք ճոպանուղի, որի համար վճարում ենք, որպեսզի մարզիկները բարձրանան մարզվելու համար: Լեռնադահուկորդը պետք է բարձրանա, վերեւից իջնի, սակայն ոչ բոլոր մարզիկները կարող են օգտվել այդ ճոպանուղուց, քանի որ այն եւս թանկ հաճույք է: Միջազգային կազմակերպությունները գումարներ են հատկացնում մեզ, իսկ մենք էլ կոլեկտիվ ենք որոշում, թե որ գումարը որտեղ պետք է ծախսվի եւ ինչի համար: Մարզիկներին տարբեր երկրներ ենք ուղարկում, որպեսզի այնտեղ որակավորում անցնեն, ու այդ ամենի համար հսկայական գումարներ են ծախսվում: Ամեն տարի փոխվում են դահուկները, որոնք եւս շատ թանկ արժեն՝ 1000-2000 դոլար: Այսինքն` այս ամենը լուրջ խնդիրներ են, որոնք մենք փորձում ենք լուծել:
-Այսինքն՝ ֆեդերացիան անգամ դահուկի՞ խնդիր ունի:
-Ո՛չ իհարկե, սպորտի մասսայականացման համար շատ դահուկներ են պետք, դրա համար էլ մենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք, իրենք մեզ անգամ օգտագործած դահուկներ են ուղարկում մասսայականի համար: Իսկ մեր մարզիկների համար, որոնք գնում են օլիմպիադա, մենք գնում ենք դահուկներ: Օլիմպիական կոմիտեի խաղերի ժամանակ դա անում է օլիմպիական կոմիտեն, իսկ այժմ այդ ամենն անում է մեր ֆեդերացիան: ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը, այսպես ասած, «իրենց գյորա» օգնում են:
-Կարելի է ասել, որ այս ամենի պատճառն այն է, որ ֆեդերացիան ֆինանսական խնդիրնե՞ր ունի:
-Ֆինանսավորում կա, բայց քիչ է, մարզիչները, մասնագետները շատ քիչ են, դրսից պետք է մարզիչ բերել, որը գումարների հետ է կապված: Մենք անելիքներ ունենք, բայց այնպես չէ, որ մեր վիճակը վատ է: Օլիմպիադան էլ ցույց տվեց, որ, իսկապես, անելիքներ կան, իհարկե, բացթողումներ ու թերացումներ էլ կան:
-Դուք ղեկավարում եք մի գերատեսչություն, որտեղ, կարելի է ասել, թերություններ գտնելը դժվար է: Ինչո՞ւ նույն վիճակում չի գտնվում Ձեր ղեկավարած ֆեդերացիան:
-Ես համաձայն եմ, որ թերություն կա: Կարծում եմ, որ պետք է մենք էլ մտածենք, հստակեցնենք մեր անելիքները:
-Հնարավո՞ր է՝ «մատների արանքով» եք նայում ֆեդերացիայի աշխատանքներին, ինչի պատճառով էլ նման թերացումներ կան: Կամ գուցե չե՞ք հասցնում ղեկավարել երկու կառույցը միաժամանակ:
-Կարծում եմ` ինչ-որ տեղ կարելի է այդպես էլ ասել, իմ ուշադրությունը պետք է ավելի շատ լինի, ես շատ ծանրաբեռնված եմ ու դիտողությունն ընդունում եմ: Գիտեք ի՞նչ, եթե կլինի մի պինդ, ազնիվ ու սպորտը սիրող մարդ, որը կկարողանա ինձանից լավ ղեկավարել ֆեդերացիան, ես պատրաստ եմ զիջել ու ասել` արի՛, լա՛վ ղեկավարի, ու ես կկանգնեմ իր կողքին: Ուղղակի պետք է հասկանալ, որ ֆինանսավորման խնդիր կա, մենք ինչքան շատ մարզիկներին ուղարկենք դուրս վերապատրաստման, այնքան ավելի լավ կլինի: Ճիշտ է, մենք էլի ուղարկում ենք, բայց ավելի շատ է պետք անել:
-Իսկ կգնա՞ք մասնակցելու օլիմպիադայի փակման արարողությանը, թե՞ գրանցված արդյունքներից հետո դա ինչ-որ չափով արդեն ամոթալի կլինի:
-Չէ՛, ի՞նչ ամոթի մասին է խոսքը: Ես հպարտ եմ, որ իմ տղաների հետ հայկական դրոշն եմ այնտեղ բարձրացրել: Իսկ եթե իմ տղաները չլինեին, այդ դեպքում ի՞նչ էիք անելու: Ախր մենակ ձյունը հարցը չի լուծում, բազմաթիվ խնդիրներ կան, ու մենք, այսքանով հանդերձ, մասնակցել ենք խաղերին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԱՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 11-ին լեգենդար հայ մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը դարձավ 85 տարեկան: Նրա ծնունդը ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ պատշաճ կերպով նշվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ներկա են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նկատեցի՞ք. Գ. Ծառուկյանն եւ Յու. Վարդանյանը միաժամանակ գտնվել են նույն հարթակի վրա, ավելին, միմյանց ձեռք սեղմել:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը, ով սովորաբար ջանասիրաբար շնորհավորում է նշանավոր հայերի ծննդյան տոները եւ նույն օրը պարտաճանաչ կերպով շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, ինչը հրապարակված է նախագահականի կայքի (president.am) «Լրատվություն» բաժնի «Շնորհավորական» ենթաբաժնում, նույն պարտաճանաչությունը չդրսեւորեց Ալբերտ Ազարյանի նկատմամբ: Ավելին, նույն ենթաբաժնում նույնիսկ երկարատեւ փնտրտուքի արդյունքում հնարավոր չեղավ գտնել Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Ալբերտ Ազարյանի 85-ամյակի առթիվ: Հետեւությունը մեկն է. Սարգսյանն Ազարյանին պարզապես չի շնորհավորել, բայց ոչ այն պատճառով, որ չի հիշել, այլ, ընդհակառակը, նա լավ հիշողություն ունի:
Բավական է հիշել Ազարյանի հետ կապված սկանդալը, որ տեղի ունեցավ 2010թ., երբ Youtube-ում հայտնվեց տեսանյութ, որտեղ պարզ լսվում է, թե ինչպես է Ալբերտ Ազարյանը Սերժ Սարգսյանի նախընտրական գովազդի նկարահանման ժամանակ սեռական բնույթի հայհոյանք տալիս Սերժ Սարգսյանի հասցեին: Տեսանյութն առ այսօր Youtube-ում է եւ ունի 148 հազարից ավելի դիտում:
ՀՀԿ առաջնորդի այս պահվածքը, մեղմ ասած, ուշագրավ է, քանի որ շախմատային կոմբինացիաների սիրահար Սերժ Սարգսյանն իր հասցեին վատ արտահայտվողներին եւ սուր քննադատողներին հաճախ ավելի մեծ ուշադրություն եւ փափուկ մոտեցում է ցուցաբերել՝ նրանցից ստեղծելով «ժողովրդական գործիքների անսամբլ»: Այս դեպքում մեծն կոմբինատորը կարծես թե առաջնորդվում է ոչ թե շախմատային մտածողությամբ, այլ զուտ էմոցիաներով:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՎԱԶՔ ԴԵՊԻ ՓԼԱՏԱԿՆԵ՞Ր

Երեկ Ղազախստանը հայտարարել է իր ազգային արժույթի` տենգեի 20 տոկոս արժեզրկման մասին: Իսկ սա խոսում է Ղազախստանում նոր ֆինանսական ճգնաժամի հասունացման մասին: Ավելին, բոլորովին վերջերս կտրուկ արժեզրկվեց նաեւ ռուսական ռուբլին: Այսպիսով՝ Մաքսային միության անդամ երկրներում տնտեսական լուրջ խնդիրներ են ծագել, եւ դեռ հայտնի չէ, թե այդ ամենն ինչ հետեւանքներ կունենա: Բայց, չնայած այս ամենին, ՀՀ իշխանությունները շարունակում են «ոստոստուն քայլերով» գնալ դեպի ՄՄ` ծրագրելով մայիսին արդեն անդամակցել այդ կառույցին:

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

Երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած, 1995թ. ծնված Արշակ Զադարյանը, մինչ այնտեղ հայտնվելը, վատ վիճակով տեղափոխվել է Կանազի հոսպիտալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այնտեղ բժիշկները, ստուգելով տղայի վիճակը, հրաժարվել են միջամտել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Մեզ հասած տեղեկություններով՝ Արշակը գաղտնի թոքաբորբ է տարել եւ նույնիսկ մինչ հիվանդության «բացահայտումը» 10 օրով արձակուրդում է եղել ու երբ վերադարձել է զորամաս, այդ ժամանակ նոր նկատվել է, որ նա տարօրինակ հազ ունի, եւ շտապ ուղարկել են բուժզննման: Մուրացանի հոսպիտալում բացահայտվել է, որ տղան երկկողմանի սուր թոքաբորբ է տարել, եւ արդեն անհնար է եղել նրա կյանքը փրկել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արշակի քեռին՝ Ա. Պետրոսյանը, ՊՆ-ում վարչության պետի տեղակալ է, իսկ Պետրոսյանի կինը Մուրացանի հոսպիտալում բուժքույր է աշխատում:

 

ԻՐԱՐԻՑ ԱՆԿԱԽ

Փետրվարի 18-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու, այլ «Անի պլազա» հյուրանոցում իր մտերիմների հետ հավաք է կազմակերպելու: Երեկ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե անհասկանալի է՝ որտեղից նման տեղեկատվություն, որ Ր. Հովհաննիսյանն այդ օրը լինելու է Ազատության հրապարակում: «Քննարկվել է Ազատության հրապարակի տարբերակը, բայց կանգ ենք առել հյուրանոցի տարբերակի, դահլիճային հավաքի վրա, ուղղակի նշվելու է այդ օրը, կարելի է ասել՝ Ր. Հովհաննիսյանի տարեկան ուղերձն է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այն բաց հավաք է լինելու, եւ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են գնալ ու մասնակցել: Մեր հարցին, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նույն օրը լինելու է Ազատության հրապարակում եւ չի հերքել, որ հնարավոր է՝ Ր. Հովհաննիսյանը եւս միանա իրենց, պատասխանեց. «Քանի որ սկզբնական շրջանում շփոթ էր ստեղծվել, թե նույն օրը երկու հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում, գուցե այդ պատճառով եղավ: Հայրիկյանը գուցե լինի, բայց մենք նման պլաններ չունենք»:




Լրահոս