ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկումների եւ մտահոգությունների ալիք է բարձրացել: Բանն այն է, որ ըստ տարածված տեղեկությունների՝ հարյուրավոր մարդկանց անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքին: Իսկ թե որտեղ է թաքնված շան գլուխը եւ ովքեր են պատասխանատու այս իրավիճակի համար, դեռ հարց է:
Մինչ հայաստանյան իրականությանն անդրադառնալը նկատենք, որ այս խնդիրը միայն հայ հասարակությանը չէ, որ մտահոգում է: 2014 թվականի հունվարի 17-ին tert.am-ը, հղում անելով «ԹջչսÿՊ» թերթին, գրել էր, որ գողացվել են ամերիկյան առեւտրային ընկերությունների մոտ 70 միլիոն կրեդիտ քարտերի տվյալներ: Հարձակման էր ենթարկվել «Target» խանութների ցանցը, ավելին, այս ընկերությունը 2013թ. հաստատել էր իր համակարգը կոտրելու եւ միլիոնավոր կրեդիտների մասին տվյալներ գողանալու փաստը: Գողացված տեղեկությունը ներառել էր օգտատերերի անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ:
Իսկ թե ինչպես է Հայաստանում տվյալների արտահոսք եղել, եւ որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ Վերնիսաժում սկավառակների վրա վաճառվում են մարդկանց տվյալների բազաներ, փորձեցինք նախ պարզել ոլորտի մասնագետներից:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիները խաբում են, թե տվյալներ ունեն, իսկ հրապարակված տեղեկությունն ուշացած է. «2010թ. ինչ-որ մարդիկ օգտվել են իրենց աշխատանքային հնարավորությունից եւ գողացել բազային տվյալներ: 3 տարի անց ադրբեջանցիները, ցույց տալու համար, որ իրենք ուժեղ հակերներ են, այն քաշել եւ տեղադրել են իրենց մոտ` ասելով, թե իրենք են կոտրել հայկական գաղտնի կայքեր: Ինչքան գիտեմ, ոստիկանությունը բռնել էր այդ վաճառողներին, բայց այդպես էլ սկզբնաղբյուրը չկարողացան գտնել»:
Ըստ մասնագետի՝ այսօր ամենամեծ հարցն այն է, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում խնդրին. «Մենք ձեռքի հետ ասում ենք՝ վատ է, վատ է, բայց սա շատ լուրջ խնդիր է, ու շատ լուրջ չենք ընդունում: Նայե՛ք, օրինակ՝ ԿՀԸ-ի կայքում կան տվյալներ, թե այդ մարդը որտեղ է բնակվում, ինչ տարիքի է եւ այլն: Իհարկե, ժողովրդավարության տեսանկյունից դա միգուցե լավ է, բայց անձնական տվյալների տեսանկյունից մտահոգիչ է: Գոնե դրսից նայելու համար պետք այնպես անել, որ փակ լինեն»:
Անդրադառնալով Վերնիսաժում սկավառակներով տվյալների բազայի վաճառքին՝ Ս. Մարտիրոսյանը հաստատեց, որ նման բան եղել է. «Մեծ առքուվաճառք էր գնում, հիմա չգիտեմ՝ նման բան կա, թե ոչ: Այն դեպքից հետո ոստիկանությունը սկսեց հսկողություն իրականացնել, միգուցե հիմա ավելի զգույշ են գործում: Բայց դա կար»:
Իսկ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, ինչպե՞ս շտկել ստեղծված իրավիճակը: Այս հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց. «Պատասխանատուն ոստիկանությունն է, բայց պետք է սկսենք օրենսդրական դաշտից: Մենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ունենք, որը նորմալ չի աշխատում, այսինքն՝ հիմքից պաշտպանվածություն չունենք»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նախ պետք հասկանալ, թե որտեղ է վտանգը, եւ հետո նոր պահանջներ ներկայացնել: Ադրբեջանցիների ձեռքում տվյալների հայտնվելը դեռ վտանգ համարել չի կարելի, վտանգն այն է, թե դա ինչ կերպ կօգտագործեն. «Ենթադրենք՝ նրանք բնակչության թիվը գիտեն, ի՞նչ է, դա գաղտնի՞ք է»:
Ըստ նրա՝ առանց օրենքի իրավապահ մարմինները գաղտնալսում են իրեն. «Առաջինը իրենք են այդ խախտումը ցույց տալիս, ումի՞ց են նեղանում: Ես խնդիր չեմ համարում այդ համարների բազայի հասանելիությունը: Լրջագույն մտահոգություն է գաղտնալսումը: Բացի այդ՝ պետք է հստակ սահմանվի, թե որն է գաղտնիք, եւ հետո ինչ միջոցներ պետք է իրականացնել այդ գաղտնիությունն ապահովելու համար»:
Այսպիսով՝ մի կողմից օրենսդրական դաշտի բացը, մյուս կողմից ոստիկանության ու ԱԱԾ-ի անուշադրությունը հասարակության անտարբերության ֆոնին այնպիսի իրավիճակ են ձեւավորել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դարձել են հասանելի անգամ ադրբեջանցիների համար: Նորագույն տեխնոլոգիաների գործադրմամբ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է իմանալ, թե իրեն հետաքրքրող անձնավորությունը որտեղ է բնակվում, անձնագրային ինչ տվյալներ ունի, եւ որն է նրա հեռախոսահամարը: Համաձայնե՛ք` սա լուրջ խնդիր է, որի վրա պետք է խիստ ուշադրություն դարձնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ՞
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում փետրվարի 2-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 32-ամյա Համբարձում Ղուկեյանի կինը ցանկացել է իր ամուսնուն ամեն կերպ զրկել հայրական իրավունքներից: Նրա կալանավորման օրերին անգամ ինքնասպան եղած Ղուկեյանի կինը ցանկացել է երեխային հեռացնել ՀՀ-ից: Ավելին, բռնաբարության համար կալանավորված Ղուկեյանի դեմ ցուցմունք է տվել իր կինը` խնդրելով պատժել ամուսնուն: Այնուամենայնիվ, դատապարտյալի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործը ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
ՀԱՄԱՎՃԱՐՈՎ
ՀՀ առողջապահության նախարարությունը պլանավորում է մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում սկսել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ամբուլատոր ծառայությունների մի մասը կդառնա վճարովի, այսինքն՝ կգործի համավճարի սկզբունքը: ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը NEWS.am-ին հայտնել է, որ ծրագիրն առայժմ չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա: «Համավճարը հիմնականում սիմվոլիկ բնույթ է կրելու, լինելու է բավականաչափ մատչելի: Նպատակը որոշակի զսպող եւ կանոնակարգող ֆունկցիայի իրականացումն է»,-կայացված որոշումը փորձել է պարզաբանել Քրմոյանը` նշելով, որ ծրագրի մանրամասները քննարկվում են նախարարությունում, որից հետո այն պետք է հաստատի նախարարը:
ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՆ
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծել ռազմական պատմական թանգարան Գյումրու զորամասի տարածքում: razm.info-ի փոխանցմամբ` կառուցվելիք թանգարանի ցուցասրահներում ներկայացվելու են 18-րդ դարի հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող ցուցանմուշներ, նաեւ արվեստի գործեր, որոնք առնչվում են Պարսկաստանի տիրապետությունից Հայաստանի ազատման, Ալեքսանդրապոլի կառուցման ու զարգացման պատմությանը:
ԲԼԹ
«Ոչ, պարզապես չի կարելի անընդհատ ասել` վա՛տ է, վա՛տ է, վա՛տ է, բոլորը գնացին: Չէ՞ որ լավ բան էլ կա, չէ՞. թվերն ասում են այլ բան, չէ՞: Հավատո՞ւմ եք այդ թվերին»:
Նաիրա Կարապետյան «Հրապարակ»
Լավ բանն այն կլինի, երբ երկրի իշխանությունը բռնազավթած ուժը` ՀՀԿ-ն, հեռանա իր իշխանական բուրգից: Բայց քանի որ դա տեղի չի ունենում, ի՞նչ լավ բաների մասին է խոսում ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ ադիբեկյանական կամ մուկուչյանական ծագման թվերին ո՞վ է այսօր հավատում: Այդ թվերը հիմնականում պաշտոնապես նկարվում են: Եվ որքան էլ ՀՀԿ-ականները խոսեն, ասենք, արտագաղթի նվազեցման մասին, նույնիսկ թվեր հիշեցնեն, իրական պատկերը, միեւնույն է, այլ է: Իհարկե, Ն. Կարապետյանը կկարողանար սա նկատել, եթե լիներ նախկին կարգավիճակում, երբ Ստեփան Դեմիրճյանի մոլեռանդ երկրպագուն էր:
«Բյուջեի հիմքում 6.2 տոկոս ցուցանիշն է դրված եղել տնտեսական աճի: Ճիշտ է, այդ 6.2-ն էլ չի կատարվել, բայց հանգամանքներ կային… արտաքին աշխարհով պայմանավորված եւ գազի գներով պայմանավորված»:
Արման Հայրապետյան 1in.am
Երեւի հարկ է ֆինանսների փոխնախարարին հիշեցնել Սերժ Սարգսյանի` 2013թ. սկզբին արած հայտարարությունը. «Այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Պարզ ասված է. հիմա կառավարության անդամներն ի՞նչ են փորձում անիմաստ բառակապակցություններ ու նախադասություններ կառուցել. հանգամանքներ, գործոններ եւ այլ «հերթապահ» արտահայտություններ: Իսկ գազի գնով պայմանավորելը վաղուց արդեն ծիծաղ է առաջացնում, քանի որ գազի գնի բարձրացման եւ պարտքի կուտակման պատմությունն էլ բավականին մութ է:
«Չէր կարող այդպիսի բան լիներ, էդ մեքենայի մեջ, իմ որդուց բացի, այլ տղաներ էլ են եղել: Անձնական հարցերով ինձ մի՛ դիմեք: Իրավապահ մարմինները համապատասխան հայտարարություն արել են, ես ավել բան չեմ կարող ասել: Տուժողը իմ տղան է»:
Հենրիկ Նավասարդյան News.am
Ինչ սկսվեցին տրանսպորտի պատմությունները, եւ լրատվամիջոցներն ու հասարակությունը նկատեցին Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին (այլապես նա միշտ այդպես աննկատ էլ կմնար), միաժամանակ սկսեցին նկատել նաեւ նրա որդու կողմից կատարվող օրինախախտումները, խուլիգանությունները, որոնց մասին մեկ անգամ չէ, որ հաղորդագրություններ են տարածվել` նույնիսկ ոստիկանության կողմից: Լավ, ընդունենք, վերջին դեպքում Նավասարդյանի որդին եղել է ծեծվողի դերում, բայց չէ՞ որ նրա մեքենայում հայտնաբերվել է դանակ եւ թմրամիջոց: Իսկ գծատեր պաշտոնյան դեռ արդարացնում է որդուն:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ