ՔԱՋ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՈՐ ՄԻՆ ԶԱՐԿԻ, ՋԱՐԴԻ ՀԱԶԱՐ
«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերի շարքում իր տեղն է զբաղեցնում ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի զեկուցագիրը, որը պատմում է իր եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին: 2008թ. ապրիլի 29-ին կայացած այդ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ Նալբանդյանն ասել է, թե պատրաստ է երկխոսություն վարել այդ երկրի ղեկավարության հետ: Իսկ ԼՂ խնդրի շուրջ էլ վերահաստատել է իշխանությունների մոտեցումները, բայց դժգոհությունների տարափ հղել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների առթիվ:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նախարարի պաշտոնում իր առաջին քայլը եղել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի շնորհավորական ուղերձին պատասխանելը: Սրանով, ըստ Նալբանդյանի, ազդարարվել է Հայաստանի պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու հարցում: Նրա պնդմամբ՝ «ոչ մի խոչընդոտ չկա նորմալ հարաբերություններ ունենալու համար»: Նալբանդյանը որպես պատրաստակամության օրինակ է մատնանշել նաեւ այն, որ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատելու ընթացքում ապրիլի 24-ի հիշատակին նվիրված միջոցառմանը հրավիրել է Թուրքիայի դեսպանին: Պարզվում է, որ Նալբանդյանն իր այդ քայլը համարում է հայ դեսպանի համար քաղաքական քաջության կարեւոր դրսեւորում: Նույն մոտեցմամբ Սերժ Սարգսյանն էլ մեծ քաջություն դրսեւորեց, երբ Գյուլին հրավիրեց Հայաստան ու սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչեւէ, նկատենք, որ այստեղ Ջ. Փենինգտոնը մեկնաբանել է, թե Նալբանդյանը չի մասնավորեցրել՝ արդյոք թուրք պաշտոնակիցը մասնակցել է Ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոյին: «Բայց մենք կասկածում ենք, որ թուրքական բանագնացը մերժած կլիներ»,-ենթադրել է դիվանագետը:
Էդ. Նալբանդյանն այնուհետեւ գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ ԱԳ նախարարը շնորհավորական «ջերմ ու հապշտապ ուղերձներ են հղել իրենց հայաստանցի պաշտոնակիցներին»: Այստեղ Փենինգտոնը նկատում է, որ ՀՀ ԱԳ նախարարը մանրախնդրություն է ցուցաբերել եւ քննարկել Բաբաջանի նամակի բովանդակությունը: Նալբանդյանն ուշադրություն է հրավիրել Բաբաջանի նամակում արծարծված մի քանի վիճելի հարցերի վրա. օրինակ. «Թուրքիան պատրաստ էր ինչպես առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել»: Նալբանդյանը նշել է, որ Թուրքիայի նախկին պատրաստակամությունը հիասթափեցնող է եղել Հայաստանի համար, եւ ինքը հույս ունի, որ Թուրքիան պատրաստ է նոր մոտեցումներ որդեգրել` «ինչպես նախկինում» բանաձեւի փոխարեն: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ Թուրքիան ավելի ճիշտ կանի՝ ուղղակիորեն հարաբերությունները պարզի Հայաստանի հետ եւ առկա կնճիռները քննարկի առանց միջնորդների: Ամերիկացի դիվանագետին սա դուր չի եկել, ինչի պատճառով էլ նշել է, որ Նալբանդյանը կարծես թերագնահատում է երրորդ կողմի միջնորդության նշանակությունը, ինչը պետք է օգնի երկու երկրներին առաջ շարժվելու հարցում: Այստեղ հարկ է արժանին մատուցել Էդ. Նալբանդյանին, որ կարեւորել է ուղղակի բանակցությունների անհրաժեշտությունը: Սակայն, ի հեճուկս հայտարարությունների, երկկողմ կարգավորում չեղավ, ավելին, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները խառնվեցին գործին, ու կարգավորումը կրկին մնաց թղթի վրա:
Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Նալբանդյանը վերահաստատել է բանակցություններ վարելու ՀՀ իշխանության պատրաստակամությունը: Նա քննադատել է Ադրբեջանին, որ ԼՂ հարցը փորձել է տեղափոխել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, ինչպես նաեւ հիշատակել է Ադրբեջանի կառավարության նամակը ԵԱՀԿ նախագահությանը, որում հարցականի տակ է դրվել Մինսկի խմբի միջնորդական առաքելության նշանակությունը: Փենինգտոնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու ՄԽ համանախագահ մյուս երկրները ՄԱԿ-ում միասնաբար քվեարկել են Ադրբեջանի նշյալ առաջարկի դեմ:
Նալբանդյանը հանգամանալիորեն բողոքել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունից՝ նշելով, թե պաշտոնական Բաքուն ամեն օր աղաղակում է ռազմական բյուջեի մեծացման մասին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարության պնդումները, թե ռազմական ծախսերի աճը գտնվում է ներքին հարաբերությունների տիրույթում, իրականությանը չեն համապատասխանում: Հատկանշական է, որ ներկայացված հանդիպումից 6 տարի անց իրավիճակը ոչնչով չի փոխվել, ավելին, հրադադարի ռեժիմի խախտումն ու դրա արդյունքում տուժողների քանակը գնալով ավելանում են, իսկ միջնորդական «սուրբ առաքելություն» ստանձնած միջազգային խաղացողներն էլ, ինչպես միշտ, փարիսեցիություն են անում:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ կրկին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են իրենց 16 ամսվա չստացած աշխատավարձերը: Երեկվա ակցիայի ընթացքում մասնակիցներին մոտեցավ կառավարության դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ հայտարարեց, որ իրենց հարցերին կարող է պատասխանել միայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Բայց նաիրիտցիները պնդեցին, որ ուզում են տեսնել միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ գործարանը փակվել է Տիգրան Սարգսյանի եղբոր պատճառով, ինչի արդյունքում էլ վարչապետի եղբայրը դեռեւս 4 ամիս առաջ ստացել է իր 42 մլն աշխատավարձը եւ հրաժարականի դիմում գրել: Սա լսելով՝ Ղազարյանը նորից պնդեց, որ ակցիայի մասնակիցները կարող են հանդիպել միայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Ի վերջո, նաիրիտցիները հանդիպեցին Արմեն Մովսիսյանի հետ, որը խոստացավ մինչեւ փետրվարի 21-ը վճարել մեկ ամսվա աշխատավարձը: Նախարարի հետ հանդիպումից դժգոհ նաիրիտցիները իրենց բողոքի ակցիան շարունակեցին` ուղեւորվելով Բաղրամյան 26: Նրանց ներկայացուցիչներից 5 հոգու ընդունեցին նախագահի աշխատակազմում եւ խոստացան նաիրիտցիներին հուզող հարցերի պատասխանն այսօր գրավոր ուղարկել գործարան: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մի քանիսը հայտարարել էին, թե գործարանը մարտի 1-ից փակվելու է: Սակայն գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հավաստիացրել էր, որ նման բան չկա: Ի դեպ, գործարանի աշխատակիցների մեծ մասն արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
ՀԵ՛Տ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ
Երեկ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիա էին անում նաեւ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ` բողոքելով իրենցից գանձված 5 տոկոս կուտակային գումարներից: Նրանք ընկերությունից պահանջում են հետ վերադարձնել իրենց գումարները: Բանն այն է, որ տնօրինությունը մոտ 50 աշխատակցից գումար է պահել` պատճառաբանելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է: Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ դիմում-նամակ են հանձնել մետրոպոլիտենի ղեկավարությանը: Հիշեցնենք, որ մետրոպոլիտենը չորրորդ ընկերությունն է, որի աշխատակիցները կուտակային գանձումների դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Մի քանի օր առաջ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն էին բողոքում, երեք օր առաջ էլ` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներն ու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Թեեւ մեր թերթի երեկվա համարի երրորդ էջում հրապարակված «ՀՀԿ-ականներն ու գաղջ մթնոլորտը» վերնագրով նյութի մեջ ներկայացված էր նաեւ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքը, այնուամենայնիվ, նա ուղարկել է պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Պաշտոնապես տեղեկացնում եմ. այո, ես ելույթ եմ ունեցել ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում, եւ իմ ելույթը տարածված է համացանցում: Իմ ելույթից հետո եվրոպական կողմի համանախագահող Միլան Ցաբրնոխը խոսք է վերցրել եւ խոսել է առ այն, որ լավ կլինի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի ԵՄ-ն: Ինչին բավականին կոպիտ եւ կոշտ տոնայնությամբ պատասխանել եմ անձամբ ես եւ ասել եմ բառացիորեն հետեւյալը. «Հարգելի պարո՛ն Ցաբրնոխ, դուք փորձում եք աղավաղել իմ խոսքը, կամ, առիթն օգտագործելով, փորձում եք կրկին խոսել ձեր մշտական թեմայի մասին, այն է` ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու մասին: Սակայն դա քննարկվելիք հարց չէ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր, երեկ եւ վաղը միակ ճիշտ ձեւաչափն է ղարաբաղյան հարցի խաղաղ եւ բանակցային կարգավորման համար, եւ իմ ասածն այն մասին է, որ դուք՝ որպես ԵՄ, որը հզոր կառույց եմ համարում, կարող եք բռնել ագրեսի ձեռքը, կարող եք Ալիեւին միջազգային դատարանի առաջ կանգնեցնել, սաստել, քանի որ մեր հարեւան երկրի նախագահը վարում է բացահայտ հակահայկական, ագրեսորական եւ ռազմատենչ քաղաքականություն: Եվ այս բանն անելու համար ամենեւին պարտադիր չէ, որ ԵՄ-ն խցկվի Մինսկի խմբի մեջ»:
Այս ամենին ներկա են եղել մեր պատվիրակության բոլոր ութ արական սեռի անդամները: Չեմ ուզում հավատալ, որ ձեր թերթի ինչ-ինչ «աղբյուրներ» հուզված լինելով այն փաստից, որ եվրոպացի պատգամավորը ոչ թե իրենց, այլ ինձ է դիմել «Մադամ» բառով, ապատեղեկություն են փորձել տարածել ձեր թերթի միջոցով:
Ի դեպ` ինձ համար բացահայտում էր, որ ձեր թերթի լրագրող Սոնա Գրիգորյանը, ում անձամբ ճանաչում եմ, հանդես է գալիս Արման Գալոյան կեղծանունով:
«Ժողովուրդ» օրաթերթին անքննելի սիրով սիրող` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայան»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ կրկին զրուցեց այդ հանձնաժողովի անդամներից մի քանիսի հետ, որոնք վստահեցնում էին` նիստում հայտարարություններ չեն եղել, սակայն եղել են քննարկումներ, որոնց ժամանակ պատգամավորներն արտահայտել են իրենց տեսակետը: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի մասին Եսայանի ասածներին, ապա պատգամավորները երեկ չցանկացան այդ մասին հարցազրույց տալ` հավանաբար, պատվիրակության միակ կին անդամին անհարմար դրության մեջ չդնելու համար. մանավանդ որ Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում իրավիճակը հայ պատգամավորների համար այնքան լարված է եղել, որ հնարավոր էին նաեւ վրիպումներ: