ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԱՐԶԵՐՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում առողջապահական համակարգի համաչափ զարգացումն օրակարգային խնդիր է: Որպեսզի հիվանդները մարզերից չշարունակեն գալ մայրաքաղաք Երեւան` բուժվելու, առաջնահերթ պետք է մարզային բուժհաստատություններն ապահովվեն նեղ մասնագետներով եւ անհրաժեշտ ծառայությունների համալիր մատուցման հնարավորություններով:
2012թ. տվյալներով` մարզերում բժշկական մոտ 260 թափուր հաստիք է եղել: 2013-ի ընթացքում եղել է 329 թափուր հաստիք, իսկ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` արդեն 322:
Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները: Մասնագետների առավել մեծ կարիք ունեն Լոռին, Սյունիքը, Կոտայքը, Գեղարքունիքը:
ՀՀ Արագածոտնի մարզում գործող բուժհաստատություններն ունեն ընդամենը 13 մասնագետի կարիք: Այս մարզի բուժհաստատություններն ունեն վիրաբույժի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի/վիրահատողի, ակնաբույժի, էնդոկրինոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, կարդիոլոգի, ինֆեկցիոնիստի, նյարդաբանի, ռենգենոլոգի եւ վնասվածքաբանի կարիք: Արարատի մարզում գործող բուժհաստատություններն ունեն 15 մասնագետի կարիք. դրանք են` շտապօգնության բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ուռոլոգ, վնասվածքաբան, նյարդաբան եւ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հոգեբույժ, ուռուցքաբան, ընտանեկան բժիշկ: Արմավիրի մարզն ունի ընդամենը 18, Գեղարքունիքը` 36, Կոտայքը` 39, Լոռին՝ 70, Շիրակը` 36, Սյունիքը` 60, Տավուշը` 16, Վայոց Ձորը` 12-ի մասնագետի կարիք:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՀ ողջ տարածքով մասնագիտական ներուժի անհամաչափ բաշխումը նոր բան չէ: Այն եղել է նաեւ խորհրդային տարիներին. «Դա առկա է բոլոր մարզերում: Մարզային կենտրոններում հագեցված է հիմնական ներուժը, բայց մի փոքր հեռավոր, տնտեսապես վատ զարգացած, ցածր մակարդակում գտնվող մարզային քաղաքներում կնկատենք, որ կա մասնագիտական ներուժի պակաս, քաղց եւ անհամաչափ բաշխում, նաեւ` մարզի ներսում: Դեռ ավելին, կուտակում ունենք մայրաքաղաք Երեւանում: Այս խնդրի լուծումը պարբերաբար փորձ է արվել հատվածային քայլերով լուծել»:
Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը քննարկեց մասնագիտական ներուժի զարգացման եւ այդ խնդրի բարելավման հայեցակարգը, որտեղ նաեւ ամրագրված են որոշակի միջոցառումներ, որպեսզի մարզերում կադրային անհամաչափության մասնագիտական խնդիրը լուծում ստանա: Սակայն մեր զրուցակիցը համոզված է, որ նախ անհրաժեշտ է ֆինանսական խնդիրները լուծել. «Աշխատավարձի եւ կեցության խնդիրների հարցը պետք է լուծել: Այսինքն` հարցը առողջապահության նախարարությունից մի քիչ դուրս է, այն գերատեսչական բնույթ ունի, որտեղ նաեւ մարզերի եւ համայնքների ղեկավարները պետք է ներգրավված լինեն: Եվ այդ պահերը մենք տեսնում ենք հաստատված հայեցակարգում: Մնում է միայն հուսալ, որ խնդիրը լուծում կստանա, որովհետեւ այն բարձրագույն խնդիր է եւ միայն Հայաստանին բնորոշ չէ»:
Արարատ Մկրտչյանը նաեւ համոզված է, որ այս խնդրի խորացման դեպքում հիվանդների հոսքը միանշանակ կուղղվի դեպի այն մարզային կամ մայրաքաղաքային բուժկենտրոնները, որտեղ մասնագետների բաց չկա. «Իհարկե, ժամանակի ընթացքում տվյալ բուժծառայություն իրականացնող հիմնարկի նկատմամբ քաղաքացիների կողմից վստահության կորուստ կառաջանա: Ես գնում եմ, մասնագետ չկա, ժամերով սպասում եմ, որ հարեւան մարզից կամ քաղաքից մասնագետ գա եւ հոգա իմ առողջական խնդիրները: Ինչպե՞ս կվարվեմ: Չեմ սպասի, անմիջապես կգնամ այնտեղ, որտեղ լուծում կտրվի իմ խնդիրներին. լուծումն էլ այս դեպքում Երեւանն է: Եվ դրա հետեւանքով անհամաչափությունը սրվում է»:
Իսկ ԱՆ անձնակազմի վարչության պետ Սամվել Սողոմոնյանը պնդում է, որ խնդրի լուծման համար նախարարությունը մշտապես քայլեր է ձեռնարկում. «Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մենք ունենք 322 թափուր բժշկական հաստիք: Այս առումով ամեն օր, ամեն ամիս նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կադրային այդ բացը լրացվի: Ու այդ քայլերը, միջոցառումները բազմաթիվ են»:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Գավառի բ/կ–ում անեսթեզիոլոգի խնդիր կա: «Ժողովուրդ»-ն այս առիթով պարբերաբար ահազանգեր է ստանում: Հիվանդները ստիպված են լինում ժամերով սպասել, մինչեւ մասնագետը հասնի: Ս. Սողոմոնյանի խոսքով՝ Գավառի բ/կ-ում կա երկու անեսթեզիոլոգ, որոնցից մեկը համատեղությամբ նաեւ Մարտունու բ/կ-ում է աշխատում, իսկ մյուսը` Սեւանի. «Այսինքն, երբ Գավառի բ/կ-ում անեսթեզիոլոգի միջամտություն է զգացվում, ապա մասնագետ է հրավիրվում Մարտունուց կամ Սեւանից»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 5 ՏԱՐՈՎ

Գյումրի քաղաքի 1958թ. ծնված բնակիչ, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 26-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում՝ դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ինչի հետեւանքով ավտոբուսը, ընկնելով սահքի մեջ եւ դառնալով անկառավարելի, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ, ենթարկվել է վթարի: Արդյունքում ուղեւորներ Ավետիք Թորոսյանը եւ Լիանա Մկրտչյանը մահացել են, Ռուդիկ Խաչատրյանը ստացել է առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ Հրաչիկ Խաչատրյանը՝ առողջության միջին ծանրության վնաս:
Նախկինում դատված, դատվածությունը մարված Կ. Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կ. Կոջօղլյանը, պատշաճ կերպով տեղեկացված լինելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում նշանակված նիստերի մասին, դատարան չի ներկայացել: 2013թ. նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալ Կ. Կոջօղլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Կոջօղլյանը կալանավորվել է, դատական նիստերը վերսկսվել են:
2014թ. փետրվարի 11-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Կ. Կոջօղլյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման, նաեւ 2 տարի ժամկետով զրկել վարորդական իրավունքից: Բացի այդ՝ դատարանի վճռով Կոջօղլյանից հօգուտ տուժողների իրավահաջորդների կբռնագանձվի 1,5 միլիոն դրամ: Դատարանը տուժողներին հնարավորություն է տվել պատճառված վնասի փոխհատուցման համար հետագայում քաղաքացիական հայցով դիմել դատարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԿԱՐԵՎՈ՞Ր ՉԵՆ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը չմասնակցեցին դահուկային արագավազքի մրցմանը:
NEWS.am Sport-ում այդ քայլն այսպես էր արդարացրել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը. «Սպրինտ մրցաձեւից հրաժարվեցինք, քանի որ պետք է ուժերը խնայենք: Ես հավատում եմ մեր օլիմպիականներին: Նրանք կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը եւ նույնիսկ իրենց հնարավորություններից ավելին են անում: Օլիմպիական խաղերին մասնակից բոլոր դահուկավազորդները աշխարհի լավագույն մարզիկներն են, եւ նրանց հետ դժվար է մեր տղաների համար պայքարի դուրս գալ»:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն այնպես է խոսում, կարծես նոր է հասկացել այդ մասին։ Մի՞թե նախօրոք չգիտեին, թե ովքեր են մասնակցելու օլիմպիական խաղերին, եւ եթե անհրաժեշտ էր ուժերը խնայել, ինչո՞ւ էին մեր դահուկորդներին հայտավորել արագավազքի մրցմանը։ Էլ ավելի տարակուսելի է Գ. Սարգսյանի հետեւյալ հայտարարությունը. «Մեր տղաների ելույթներին, ցավոք, մինչեւ վերջ չեմ կարող հետեւել, քանի որ շուտ պետք է վերադառնամ Հայաստան: Փետրվարի 24-ին Ծաղկաձորում մեկնարկում են Համահայկական ձմեռային խաղերը: Կազմակերպչական աշխատանքները վստահված են մեր ֆեդերացիային: Անելիքներ շատ կան»: Ստացվում է, որ առաջին անգամ անցկացվող ձմեռային համահայկական խաղերն ավելի կարեւոր են, քան համաշխարհային ամենամեծ ստուգատեսը՝ օլիմպիական խաղերը։ Ընդ որում, շատերն են նշում, որ նույնիսկ ամառային մարզաձեւերի համահայկական խաղերն անցկացվում են բացթողումներով, նույնիսկ տարրական հիգիենիկ պայմանների բացակայությամբ։
Ամեն դեպքում, հայ մարզիկները մեղավոր չեն, որ ֆեդերացիայի նման ղեկավարներ ունեն, ուստի ներկայացնում ենք հայ մարզիկների առաջիկա երկու օրերի ելույթների ժամանակացույցը. փետրվարի 13՝ 14:00-15:30, դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական՝ Կատյա Գալստյան, փետրվարի 14՝ 14:00-15:45, դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան։

 

ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍՈՒՄ

Պորտուգալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակ»-ը, որի կազմում ընդգրկված են նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արազ Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը, «Atlantic Cup» ընկերական մրցաշարի շրջանակներում դանիական «Միդտյուլանդ»-ին հաղթել է 2։1 հաշվով: Արազը խաղին մասնակցել է առաջին րոպեներից եւ փոխարինվել 66-րդ րոպեին։ Իսկ հանդիպման 74-րդ րոպեին խաղադաշտ է մտել Յուրան, որը նոյեմբերին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ է մասնակցել ֆուտբոլային հանդիպման:
Գերմանիայի գավաթի խաղարկությունում էլ Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն արտագնա խաղում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ եւ հաղթեց 1։0 հաշվով: Ընդ որում, հենց հայ ֆուտբոլիստի՝ անկյունային հարվածից կատարած փոխանցումից հետո խփվեց խաղի միակ գնդակը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս