«ՔԱՎՈՐՍԱՆԻԿՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿ Է»
Ազգային հայրենասիրական երգերի հեղինակ, երգիչ Ներսիկ Իսպիրյանն արդեն տարիուկես է, ինչ հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից, ուր տեղափոխվել էր 1995 թվականին։ Երգչի հետ մեր զրույցը ծավալվեց ազգային-հայրենասիրական երաժշտության, ինչպես նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ։
-Արդեն տարիուկես է, ինչ վերադարձել եք ԱՄՆ-ից։ Մինչդեռ այսօր շատերը արտագաղթելու ձեւեր են փնտրում։ Դուք չե՞ք փոշմանել։
-Դա մարդու տեսակից է կախված։ Արվեստագետի իմ ոճը ազգայինն է, եւ ես պարտավոր էի վերադառնալ, որովհետեւ ունեմ հայրենիք, ժողովուրդ, կորցրած տարածքներ, Արեւմտյան Հայաստան, «Քելե լաո»… Ես պարտավոր էի գալ ու ընտանիքով եկա։
-Ինչ-որ բան այս մեկուկես տարվա ընթացքում Ձեզ զարմացրել, հանկարծակիի բերե՞լ է։
-Մինչ վերջնական հայրենիք տեղափոխվելն էլ վեց տարի ես ինձ տրամադրեցի, որ անպայման տարին գոնե մեկ-երկու անգամ գնամ-գամ, պայմաններն ավելի լավ ընկալեմ, ավելի լավ տեսնեմ։
-Ի՞նչն էր Ձեզ համար անընկալելի, անտանելի։
-Անտանելի ոչինչ չկա հայրենիքում, որովհետեւ քո սեփականությունն է։ Եվ եթե ինչ-որ վատ բան ես տեսնում, պետք է փորձես փոխել այն։ Ամեն մարդ առաջին հերթին պետք է մտածի, թե ինքն ինչ կարող է անել հայրենիքի, ժողովրդի համար, որ հայի երկրի չափանիշներն էլ համապատասխանեն մյուսներին։ Հիմնականում ես այն եմ կարեւորում, որը ժողովրդի հետ է կապված։ Ամեն մեկն ինքն իր վրա պիտի աշխատի, նախ իրեն փոխի, որ կարողանա իր երկրում բարեկեցիկ, ապահով ապրել։
-Երաժշտության բնագավառում ի՞նչ խնդիրների հանդիպեցիք, որոնք իսկապես արագ շտկման կարիք ունեն։
-Արագ շտկման կարիք… Եկել եմ այստեղ եւ ունեմ ազգային ոճի երաժշտության ունկնդիրների մեծ բանակ։ Եվ դա, կարծում եմ, տարիների փորձ ունի, որովհետեւ 1984 թվականից այդ ոճի մեջ եմ եւ չեմ փոխել այն։ Ճիշտ է, գնացի արտասահման, բայց այնտեղ էլ ազգային, հայրենասիրական, հեղափոխական երգերը քարոզեցի, որոնք մեզ հոգեւոր սնունդ են տվել թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում։ Ես այդ ոճը պահեցի, հիմնականում աշխատում էի եւ շարունակում եմ աշխատել հայ համայնքների հետ։ Հայրենիքում համերգներ, միջոցառումներ լինում են, մեր Համալիրում համերգ ունեցանք, դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էր 13 հազար հոգի, եւ այն էլ՝ երկու անգամ։ Դա նշանակում է, որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին դեռ կորած չէ։ Ինչքան էլ շոու բիզնեսը նվաճի եթերը, ինչքան էլ այդ «խորովածը, այդ շիշ քաբաբը լինեն», միեւնույն է, ազգայինը մնում է ազգային, դա ժողովրդի սեփականությունն է, որը երբեւիցե փոփոխման ենթակա չէ։
-Ըստ Ձեզ՝ մեր պետությունն ունի՞ պետական մշակութային քաղաքականություն։
-Կարծում եմ՝ ունի։ Ուղղակի մի քիչ մոնոպոլ վիճակից պիտի ազատվենք։ Մեր ժողովուրդը, չգիտես ինչու, ինքն իրեն կղզիացնում է։ Ընդ որում, ամեն ոլորտի մեջ այդ մոնոպոլը կա, եթե դա վերանա, համազգային դառնա, մեր ժողովրդի մեջ շատ բան կփոխվի։
-Մոնոպոլ ասելով՝ ի՞նչը նկատի ունեք։
-Կենտրոնացած վիճակ է, քավորսանիկություն վիճակ է ամեն ոլորտի մեջ։ Եթե ամեն մարդ դա հասկանա, առաջին հերթին ինքն իր մեջ այն վերացնի, շատ լավ կլինի։ Առանց այն էլ հայրենիքում միլիոնուկես հայ կա՛մ կա, կա՛մ ոչ, ու եթե նրանք էլ կղզիանան…
-Դուք սովորաբար մասնակցո՞ւմ եք նախընտրական արշավների, համերգների։
-Ես դաշնակցական եմ, ավելի շատ ՀՅԴ-ի միջոցառումներին եմ մասնակցում։ Բայց թշնամաբար չեմ տրամադրված որեւէ կուսակցության նկատմամբ, որովհետեւ բոլորն էլ մեր ժողովրդի ծոցից են ելել։ Եվ եթե որոշում են, որ Ներսիկ Իսպիրյանը պետք է երգի թեկուզ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի համար ու հրավիրում են, ես երգում եմ։ Ես ուրախանում եմ, որ հերթական անգամ հնչելու է ազգային, հայրենասիրական երգ։ Կարեւորը դա է։ Ընդհանրապես, ես առողջ քննադատության, մարդուն չսեւացնելու կողմնակից եմ։ Ժողովրդի մեջ սերը պակասել է, եւ հենց դա պետք է շտկվի։
ՄԵՐ ՏՈՆՆ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի Տյառնընդառաջը, իսկ անմիջապես հաջորդ օրը՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:
Անդրադառնալով Տյառնընդառաջին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը մասնավորապես ասել է, որ այն տանում է դեպի լույսը, դեպի Քրիստոսը. «Եկեղեցին օրհնում է, որպեսզի զույգերն ապրեն սիրով, ինքնազոհաբերմամբ: Մեզ համար սուրբ պսակը խորհուրդ է, որ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին: Շատ կարեւոր է, որ այդ մեկ մարմինն ապրի սիրո եւ լույսի մեջ»: Այդ օրը հայ առաքելական եկեղեցու հետեւորդները խարույկ են վառում իրենց բակերում: Իսկ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր, երբ պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով եւ խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։
Ինչպե՞ս են մեր հայտնիները նշում այդ տոները։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհի Անահիտ Շահբազյանը նշեց, որ մարդիկ այդ տոները նշում են այն ժամանակ, երբ կողքին սիրելին է. «Քանի որ ես չունեմ իմ սիրելին, առանձնապես չեմ նշում այդ տոները։ Իմ ընկերները, ընկերուհիները, ովքեր ունեն սիրելիներ, նշում են դրանք։ Իսկ կոնկրետ Տյառնընդառաջի հետ կապված` կարող եմ ասել, որ, հավանաբար, այն ամեն դեպքում հեթանոսական տոն է, որին պարզապես մասնակցում եմ ընկերներիս չնեղացնելու համար, բայց դրա մեջ որեւէ քրիստոնեական խորհուրդ չեմ տեսնում։ Դա համարում եմ կրակապաշտություն, որն իր մեջ հին աստվածներից եկած ինչ-որ խորհուրդ ունի»։ Երգչուհին հավելեց, որ եթե ամուսնանա, եւ արդեն ընտանիքով պարտադիր նշեն այդ տոնը, ինքը կխորանա դրա նախապատմության մեջ, կիմանա նշանակությունը։
Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, ապա երգչուհին այն համարում է օտարամուտ. «Հայ երիտասարդներից շատերը նշում են Սուրբ Վալենտինի տոնը, որովհետեւ կան նշելու, միմյանց ուրախացնելու համապատասխան ատրիբուտներ։ Օրինակ` վալենտինյան այդ գեղեցիկ սրտերով պատված նկարները, բացիկները, փուչիկները, զանազան խաղալիքները, այլ աքսեսուարները։ Դրանք որակյալ են, խոսուն, հիմնականում բերվում են արտասահմանից, անհամեմատ շատ են մեզ մոտ, եւ մարդիկ ավելի շատ ձգտում են միմյանց նման գեղեցիկ նվերներ մատուցել»։ Դրա դեմն առնելու համար երգչուհին առաջարկում է սիրո խորհրդանիշ Սուրբ Սարգսի պատկերով բացիկներ, փուչիկներ, ծաղկեփնջեր, խաղալիքներ պատրաստել, որոնք հնարավոր կլինի գնել համապատասխան խանութներում, այլ վայրերում. «Եվ այդ դեպքում մեր երիտասարդությունը, այսպես ասած, դարձի կգա, կսկսի գիտակցել Սուրբ Սարգսի տոնի իսկական խորհուրդն ու կմոռանա Վալենտինի օտար տոնը»։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ՖԻԼՄԱՇԱՐ
Մարտին Առաջին ալիքով կցուցադրվի 16 մասից բաղկացած «ԱԻՆ 911» հեռուստաֆիլմը, որի դերասանական կազմում են Անի Երանյանը եւ Սուրեն Փահլեւանյանը: Անին մարմնավորում է լրագրողի, որն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարությունում, եւ քանի որ աչքի ընկնող, գեղեցիկ աղջիկ է, արժանանում է աշխատակիցներից մի քանիսի ուշադրությանը: Արդյունքում` գեղեցիկ սիրո պատմություն է ծավալվում ԱԻՆ աշխատակիցներից մեկի հետ: Անդրադառնալով Սուրեն Փահլեւանյանի` օրերս ավտովթարի ենթարկվելուն, Անին ասել է. «Իրականում ոչ մի լուրջ բան չկա: Փառք Աստծո, նա իրեն շատ լավ է զգում, առողջական ոչ մի վնաս չի կրել»:
ՄԵՂՐԱՄԻՍԸ` ԱՄՆ-ՈՒՄ
Սյուզի Մելիքյանն օրեր առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ անցկացնում էր մեղրամիսը: Երգչուհին իր ամուսնու` Գարիկի հետ շրջել է Լոս Անջելեսում, Լաս Վեգասում եւ Սան Ֆրանցիսկոյում, սակայն շատ է ափսոսում, որ չի հասցրել այցելել Դիսնեյլենդ, որովհետեւ Միկի Մաուսի «մանյակ» է: Սյուզին նաեւ նոր ֆոտոշարք ունի, որն օվկիանոսի ափին իրականացրել են Արթուր եւ Սամվել Ղազարյանները: Երգչուհին իր ճաշակով զգեստ է գնել, ամենայն մանրամասնությամբ պատրաստվել, սակայն ցուրտ եղանակի եւ քամու պատճառով նկարահանումը կարճ է տեւել: Վերադարձից հետո երգչուհին նախատեսում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել, իսկ սիրո տոները, իհարկե, կնշի ամուսնու հետ:
ԽԱՆԴՈՒՄ Է ԲԱՍԿՈՎԻՆ
Ադրբեջանցի երգիչ Համիդ Սուլթանն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովն առանձնատուն է նվիրել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին: Նա նշել է, որ ինքն ավելի համակրելի է Բասկովից, եւ իր հերթին գործարարից նվեր է խնդրել: