ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից
ՀՀ քաղաքացիները կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարելու տարբեր միջոցներ են կիրառում: Նրանք անգամ թղթադրամների վրա են հայտնում իրենց դժգոհությունը՝ հուսալով, որ գոնե այս կերպ որեւէ արդյունքի կհասնեն: Ցավոք իշխանական վերնախավը մարդկանց դժգոհությանն ականջալուր չի լինում:
ՀԱՐՑ. Հնարավո՞ր է աշխատողի եւ գործատուի միջեւ կնքված երկկողմանի համաձայնության դեպքում արձակուրդայինը վճարել ոչ թե նախապես, այլ արձակուրդից վերադառնալուց հետո:
Աիդա Մնացականյան (31 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար»:
Արձակուրդի համար նախապես վճարելը իմպերատիվ նորմ է, եւ այդ հարցում այլ պայմանավորվածության գալ չեք կարող աշխատողի հետ:
«Իրավունքի իրազեկում» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով այն փաստը, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գրված օրենքները շատ դեպքերում չեն գործում, խորհուրդ ենք տալիս մեր հայրենակցին, անկախ երկկողմանի համաձայնության առկայությունից, զգուշանալ հատկապես ֆինանսական հարցերում:
ՀԱՐՑ. 1969թ.-ից գրանցված եմ Երեւանում՝ Սարյան 24ա հասցեում: 1990թ. տեղափոխվել ու մինչեւ հիմա ապրում եմ Հրազդանում: 2 տարի ստացել եմ միայնակ թոշակառուի նպաստ, բայց հիմա պատճառաբանում են, որ Հրազդանում եմ գրանցված, եւ թոշակ չեն տալիս: Սակայն ես գրանցված եմ Երեւանում: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նպաստս վերականգնվի:
Միքայելյան Հասմիկ Ռուբենի (ք. Երեւան, Սարյան 24ա)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ հաշվառվի: Համաձայն նույն օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից (ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ` 2014թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը):
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը՝ անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով:
Վերը նշված մարմինը Հ. Միքայելյանին սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն նշանակելու հարցը կքննարկի միայն քաղաքացու կողմից փաստագրվելու համար անհրաժեշտ հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնելուց հետո:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում միակ խորհուրդը, որը կարող ենք տալ տիկին Հասմիկին, իր բոլոր փաստաթղթերը հատ առ հատ հավաքելն ու դրանք համապատասխան սոցապ բաժին ներկայացնելն է:
ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարգով է հաշվարկվում նվազագույն շահութահարկի գումարը:
Համլետ Թադեւոսյան (51 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47, 47.1 հոդվածների` շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաեւ արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) եւ նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով՝ հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափով: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից՝ առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ հարկերի եւ վճարների անհրաժեշտությունից, միեւնույն է, դրանք կան եւ գործում են: Ավելացնենք, որ հարկի այս տեսակը կիրառվում է 1997 թվականի սեպտեմբերի 30-ից: