Կուսակցության ղեկավարին ծեծի ենթարկողներից մեկը ավագանու անդա՞մ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ երեկ Սևան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել:

Ա. Կիրակոսյանն օրաթերթին պատմել է, որ Սևան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե` դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել:

Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են: Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին` իրավունք չունեք Երևանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին` մեզ հետաքրքիր չէ` ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»:

Ըստ Արկադի Կիրակոսյանի` գրասենյակը նախատեսված է անվճար բուժամբուլատորիա սարքելու համար. «Կատարվածի մեջ քաղաքական որևէ տարր չեմ տեսնում: Միայն կարող եմ ասել, որ այս տղաների մեջ պրինցիպի բան կար, որ քաղաքի տերը իրենք են և օրենքն իրենց հետաքրքիր չէ»:

Կուսակցության ղեկավարը չցանկացավ նշել իրեն ծեծողների անունները` ասելով, թե ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իրեն տրվել է դատաբժշկի ուղեգիր. «Ոստիկանությունը մանրամասն կպարզի, թե ովքեր են այդ տղաները, որից հետո հստակ կհրապարակվի»:

Իսկ ահա Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն Armlur.am-ին վստահեցրեց, որ Արկադի Կիրակոսյանը «սապոժնիկ է», այն է` սուտասան:

«Մենք գրություն ենք ուղարկել դատախազություն, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկեն այդ մարդուն: Չի կարելի սուտ խոսել ախր: Ես գրասենյակի շինարարության համար ոչ մի թույլտվություն չեմ տվել: Այդ մարդուն պետք է պատասխանատվության ենթարկել: Շինարարության թույլտվությունը եղել է խանութի համար: Ինքն ընդամենը շինարար է, կառուցում է, որ փող աշխատի: Պրիչյո՞մ տուտ կուսակցությունը»,- զայրացած ասաց քաղաքապետը:

Վերջինիս վստահ է նաև, որ ինչպես շինթույլտվության մասին լուրերն էին կեղծ, այնպես էլ ծեծը պետք է լինի:

Իսկ Արկադի Կիրակոսյանն էլ ամբողջովին հերքեց քաղաքապետի խոսքերը` նշելով, որ ինքն ունի բոլոր համապատասխան փաստաթղթերը, որոնք ապացուցում են շինթույլտվությունը:

«Ես կարող եմ ցույց տալ շինթույլտվության փաստաթղթերը: Դա իրենց խնդիրն է, որ չեն հավատում կուսակցության առկայությանը: Իսկ ինչ վերաբերում է ծեծին, նրանք դա արել են ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ և խոչընդոտել են նրանց աշխատանքին: Այդ փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, ես պարզել եմ նաև, որ մասնակիցներից մեկն ավագանու անդամ Արայիկ Գրիգորյանն է»,- վստահեցրեց Ա. Կիրակոսյանը:

Թե կողմերից ով է ճիշտ, ով` սխալ, ցույց կտան ժամանակն ու իրականացվող քննությունը:

Տաթև Հարությունյան




Լրահոս