Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար.
“Համատեղ, համակարգված ուժերով մենք, ըստ էության, ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք “Կանաչ Երևան” ծրագրի համար: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ շաբաթօրյակին ներգրավվել էին բազմաթիվ երևանցիներ`մեծից փոքր, ովքեր հենց իրենց բակերում իրականացրին շաբաթօրյակն ու ծառատունկը: Հատուկ շնորհակալություն հենց նրանց, որ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքի հանդեպ սերը միայն բառերով չի արտահայտվում: Վստահ եմ, որ նման հոգատարությամբ առաջնորդվելով կարճ ժամանակ անց մենք կունենանք մեր բոլորի երազած կանաչ, մաքուր ու բարեկարգ Երևանը”, – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել նորատունկ ծառերի հետագա խնամքին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում Երևանն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը:Զեկուցվել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների և այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:Երևան քաղաքի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվի ևս 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի:
Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի այս տարվա ծրագրով նախատեսված խոշոր ճանապարհաշինական ծրագրերը: Այս համատեքստում Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին. ,Հսկողությունը պետք է լինի ամենօրյա ոչ միայն կենտրոնական և երկրորդական փողոցների մասով, այլև լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաև բակային տարածքներում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակինե,-շեշտել է քաղաքապետը:Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել
մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները GPS համակարգով և WiFi կապով համալրելու հարցին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու և պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրին:Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու “Կարապի լիճ” ջրավազանը: Ի դեպ շուտով, քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն “Կարապի լիճ” և մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով:Զեկուցվել է նաև, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին: