«Ատլետիկո»-ի բողոքարկումը՝ կապված ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որակազրկման հետ, չի ընդունվել: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժաչափի փոփոխման պատճառ չի գտել:
«Ատլետիկո»-ն իր բողոքարկման մեջ հենվում է 117 հոդվածի վրա, որում ասվում է, որ մրցավարների որոշման հետ չհամաձայնվելու կամ կարգապահական կանոնների խախտման պարագայում որոկազրկումն ազդում է 2-3 խաղի վրա: Սակայն կարգապահական կոմիտեն որոշել է, որ այս հոդվածը համատեղելի չէ Սիմեոնեի դեպքին, ով Իսպանիայի Սուպերգավաթի խաղում բռունցքով հարվածել էր եզրային մրցավարին:
8-խաղյա որակազրկումը բաղկացած է 4 մասից. 4 խաղ՝ մրցավարին հարվածելու համար, 2-ը՝ մրցավարի որոշմանն ընդդիմանալու համար, 1 խաղ՝ դաշտից հեռացվելուց հետո մրցավարին ծափահարելու համար և 1` «Ատլետիկո»-ի պահեստայինների նստարանի հետևում կանգնելու համար այն ժամանակ, երբ արդեն չուներ դրա իրավունքը:
Այժմ «Ատլետիկո»-ն կարող է կոմիտեի որոշումը բողոքարկել Լոզանի Սպորտի միջազգային կարգապահական դատարան: