Ծառուկյանի «հայրությունն ընդունած» Գուլոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն Հայաստանում է հնարավոր, օրինակ, պատգամավորներին ճանաչել ոչ թե նրանց օրինաստեղծ գործունեության, այլ` ունեցած-չունեցածի համար ու հետևել, թե ինչպես են նրանք ԱԺ ամբիոնից պաշտպանում սեփական շահերը, կամ քաղաքապետերին ճանաչել ազգակցական կապերի շնորհիվ: Օրինակ` Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին ճանաչում են որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, և նա իր պաշտոնում հայտնվել է բացառապես աներ-հայրիկ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ:

Այն, որ Կոտայքի մարզի զգալի հատվածը Գագիկ Ծառուկյանի իշխանության տակ է, գիտենք բոլորս և շատ վաղուց: Բայց, երբ օրերից մի օր Գ. Ծառուկյանը, ինչպես այդ մասին գրեց մամուլը, վկաների ներկայությամբ մի լավ «սիլլա» հասցրեց Աբովյանի` արդեն նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին, սա ոչ այնքան զարմացրեց, որքան ընկալվեց իբրև ազդանշան առ այն, որ Աբովյանի հաջորդ քաղաքապետին հարկավոր է փնտրել Ծառուկյանի մտերիմների շրջապատում: Ու գտան. 2008-ի հոկտեմբերին Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Գ. Ծառուկյանի փեսա Գուլոյանը:

Հանրությանը Կ. Գուլոյանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ բոլորը, բանուգործները թողած, օրեր շարունակ քննարկում էին Ծառուկյանի դստեր հետ նրա հարսանեկան արարողությունը, ավելի շուտ` դրանում ծախսված փողերը: Դեռ հիշում ենք, որ Կ. Գուլոյանի կնոջ հարսանեկան զգեստն արժեր 100 հազար դոլար, իսկ դրա վրա պարի ժամանակ նստած արևադարձային թիթեռների արժեքն 30 հազար դոլար էր… և այլն, և այլն:

Սակայն հիշում ենք նաև այն, որ նախքան Աբովյանի քաղաքապետի պաշտոնում հայտնվելը Կ. Գուլոյանի անունը բավականին երկար ժամանակ մամուլում շրջանառվում էր Նոր Նորքի ոստիկանության մի սպայի ծեծելու առիթով (հիշեցնենք, որ այդ ժամանակ Կ. Գուլոյանը դատախազական համակարգի ներկայացուցիչ էր): Այդ դեպքից հետո մամուլը ողողվեց նախագահի խոսնակի հավաստիացումներով, թե մեղավորը կպատժվի, հետո հայտարարվեց, թե սպային այլ անձ է ծեծել, ու այդպիսով այդ պատմությունը «ջրվեց»-անցավ:

Քաղաքապետ ընտրվելուց հետո Կարո Գուլոյանը լծվեց աշխատանքի, քանի որ, ինչպես ասել էր, ինքն ապահովված մարդ է (տեսնես ո՞ւմ համար էր սա նորություն) և իր միակ նպատակն է բարեկեցիկ կյանք ապահովել աբովյանցիների համար: Սրա շրջանակում էլ, երևի, ընտրվելուց 1 տարի անց նա հարուցեց աբովյանցիների դժգոհությունը` Երևանից Աբովյան մեկնող երթուղայիններին մի գեղեցիկ օր արգելելով մտնել Աբովյան: Փոխարենը դրանք սկսեցին կայանել ավտոկայարանում, որը քաղաքի բնակելի մասից բավականին հեռու է: Սա քաղաքապետ Կ. Գուլոյանի անմիջական կարգադրությունն էր: Ասեկոսեներն այս փոփոխությունը բացատրեցին այն հանգամանքով, որ նշված վայրից աբովյանցիները ստիպված էին մեկ այլ տրանսպորտ նստել, իսկ այդ հատվածը սպասարկող ավտոբուսները, ինչպես դժվար չէր գլխի ընկնել, քաղաքապետի սեփականությունն են:

Սակայն սրանք, ինչպես ասում են ռուսները, դեռևս ծաղիկներն էին:

Քաղաքում առավել լուրջ գործընթացներ գրանցվեցին` ի դեմս հանրությանն «անհայտ» անձանց դժգոհության դրսևորումների, որոնց ականատեսը եղանք այս տարվա սկզբին, երբ հունվարի 10-ի գիշերը մասամբ պայթեցվեց «Աբովյան սիթի» խանութի մուտքի դուռը, ինչպես նաև վնասվեցին ապակյա ցուցափեղկերը: Թերևս ավելորդ է նշել, որ խանութը քաղաքապետի սեփականությունն է:

Իսկ մի քանի օր անց էլ ահազանգ ստացվեց, թե արդեն քաղաքապետարանի շենքում է ռումբ տեղադրված, թեպետ իրավապահները դեպքի վայրում ոչ մի պայթուցիկ այդպես էլ չհայտնաբերեցին:

Հասկանալի է, որ այս դեպքերի հեղինակների նպատակը պարզապես Կ.Գուլոյանին ու նրա հայրերին ինչ-որ բան ասելն էր: Իսկ թե ինչ` Ծառուկյան-Գուլոյանների ընտանիքում լավ կիմանան:

Ի դեպ, Գուլոյանը Ծառուկյանի սիրելի փեսաներից է և առանց աներոջ համաձայնությունը ստանալու գրեթե որևէ քայլ չի կատարում: Բայց Գուլոյանի հայրը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է, այլ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը: Վերջինս թեև արդեն մի քանի անգամ է, ինչ ԱԺ պատգամավոր է ընտրվում, այնուամենայնիվ, հանրության լայն շերտերը նրան այդպես էլ չեն ճանաչում: Գուլոյանը, որին նաև Վլադ են ասում, այստեղ-այնտեղ միայն թաքուն գլուխ է գովում, թե Ծառուկյանն իր մանկության ընկերն է:

Այս ամենով հանդերձ` Գուլոյանին ճանաչում են բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ. վերջինիս արած աշխատանքներն Աբովյան քաղաքի համար շատ են, և քաղաքապետի գործունեության կարիքը չի էլ զգացվում:

Սարգիս Դավթյան




Լրահոս