Առուստամյանը պահանջում է, որ Հայրապետյանը ներողություն խնդրի իրենից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, “Հայ ազգային կոնգրե” ընդդիմադիր դաշինքի անդամ լրագրող Գայանե Առուստամյանն այսօր հայտարարեց, որ նույն ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը ոտնահարել իր արժանապատվությունը, հետևաբար, Առուստամյանը պահանջում է, որ Հայրապետյանը հրապարակավ ներողություն խնդրի իրենից: Հիշեցնենք, որ օրերս Ռուբեն Հայրապետյանը մերժել էր Գայանե Առուստամյանի՝ հեռուստաբանավեճով հանդես գալու առաջարկն ու ասել, թե նա կին է՝ “կարող է ճանկռել”:”Ինձ մերժել է ցինիկաբար, հայտարարել է, որ չի կարող բանավիճել կնոջ հետ: Ես որպես կին պատգամավորության թեկնածու և քաղաքացի, Հայրապետյանից պահանջում եմ ներողություն խնդրել: Կրկին հրավիրում եմ բանավեճի, որովհետև քաղաքակիրթ ընտրություններ իրականացնելու միակ տարբերակը բանավեճն է”,- ասաց Առուստամյանը և ավելացրեց, որ ընտրողներին պետք է հնարավորություն՝ կողմնորոշվելու ընտրության հարցում: Անդրադառնալով հեռուստատեսություններին՝ նա նշեց, որ Հանրային հեռուստատեսությունը լուսանցք է մղել ընդդիմադիր թեկնածուներին, իսկ իշխանականներին անընդհատ ներկայացնում է հանրությանն ու գովազդում: 
Խոսելով Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում տիրող իրավիճակի մասին, Գայանե Առուստամյանը նշեց, որ վախի մթնոլորտը թեև այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, դրա դրսևորումները նկատվում են:”Այստեղ քարոզչությունն իրականացվում է խաղաղ պայմաններում: Մեզ մինչ օրս ոչ ոք չի մոտեցել, ոչ ոք չի խոչընդոտել մեր աշխատանքը: Մենք գնում ենք տնից տուն և ոչ ոք չի փակում մեր ճանապարհը, բայց մարդիկ մեզ հետ խոսելիս ասում են, որ իրենց արդեն իսկ հրահանգված է ում ընտրել, քանի որ դրանից է կախված իրենց աշխատանքը”,- ասաց պատգամավորի թեկնածուն:Գայանե Առուստամյանը, ով մինչ առաջադրումը գործող լրագրող էր, հավաստիացրեց, որ Ավանում իրեն ճանաչում է թերթ ընթերցող հասարակությունը և գիտի, թե ինքն ով է: Իսկ մնացածների՝ չճանաչողների, ըստ Գայանե Առուստամյանի, իրազեկումն այլ կերպ է կատարվում:”Ես նրանց անձամբ եմ ներկայանում, հանդիպում եմ բակերում, զրուցում: Մարդիկ ապշած են մնացել, թե ինչպե՞ս է պատգամավորության թեկնածուն ինքն անձամբ այցելում դռնեդուռ և շատ բարձր են գնահատում այդ քայլը”,-ասաց նա:




Լրահոս