Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է. «Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար»: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունները, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-հնդկական կապերի ընդլայնմանը:
Կառավարության ղեկավարը և դեսպան Բաբուն քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա ևս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Տավուշի և Լոռու մարզերում կրթական ծրագրեր իրականացնելու համար:
Այնուհետև կառավարությունում «Հայաստան»համահայկական հիմնադրամի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջև ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Վարչապետ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձևավորվի նաև ներքին ցանց: