ՀՀ վարչապետն ընդունել է Իսրայելի գյուղնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 16-ին ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին armlur.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: “Ձեր այցը Հայաստան կարելի է դիտարկել որպես նոր քայլ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին: Մենք շահագրգռված ենք դրանում և պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը”,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առկա է երկկողմ համագործակցության մեծ դաշտ, հատկապես, տնտեսական ոլորտում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մեր երկրի համար օգտակար եւ կիրառելի են գյուղատնտեսության բնագավառում Իսրայելի կողմից ներդրվող նորագույն տեխնոլոգիաները: Այդ առումով, վարչապետը կարևորել է փորձի փոխանակումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օրիթ Նոկեդին տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր: “Պատրաստ ենք կիսվել մեր կուտակած փորձով: Վստահ եմ, որ կարող ենք միասին աշխատել հաջողությամբ եւ իրականացնել գործնական տարբեր ծրագրեր: Համոզված եմ, որ կարող ենք Հայաստանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում”,- ասել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարը: Այդ առումով, Օրիթ Նոկեդին նշել է, որ ստեղծվելու է հայ-իսրայելական աշխատանքային խումբը, որը կմշակի համատեղ ծրագրեր, կիրականացնի փորձի փոխանակում և այլն: 
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, դեղագործության, ճարտարագիտության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս