Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային ժամին նախընտրական քարոզարշավի է մեկնել Արմավիրի մարզ: Նա, ինչպես երեւանցիներին, այնպես էլ Արմավիրի բնակիչներին խնդրել է հավատալ իրենց եւ քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Սակայն Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մարդկանց դեմքերին նայելով` դժվար է ասել, թե արմավիրցիներն ինչքանով հավատացին ՀՀԿ առաջնորդին: Նկարում Սերժ Սարգսյանի աջ կողմում ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Ալեքսան Պետրոսյանն է` ՄԱՊ-ի Ալիկը, հանուն որի` ապրիլի 6-ին դաժան ծեծի ենթարկվեց թիվ 21 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մերուժան Մխոյանը, որից հետո ինքնաբացարկ հայտնեց: Սարգսյանի հետեւից «աջ թիկունքը» պահում է նրա մտերիմ ընկեր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` Նովոն, որի որդու անունը կապվում է տեղի ունեցած ծեծի հետ: Իսկ ձախ կողմում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է, որի գործունեությունն ուսումնասիրելիս ՀՀ Վերահսկիչ պալատը միլիոնավոր դրամների չարաշահումներ բացահայտեց: Այդ խայտառակությունից հետո սպասվում էր, որ Ղահրամանյանին պետք է բանտ ուղարկեին: Բայց նա, ինչպես երեւում է, գոհ ու երջանիկ ապրում է եւ մի բան էլ` քայլում երկրի ղեկավարի կողքով: Էլ ինչի՞ն հավատանք:
ՀՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ` ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՄՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ