«Հավատանք, որ փոխենք» կարգախոսով ընտրություններին մասնակցող ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս, հակադարձելով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են կեղծել ընտրությունները, հայտարարել էր, թե իրենց կողմից աննախադեպ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կամքի ու ցանկության մասին է խոսում այն փաստը, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, տեղադրված լինելով համացանցում, ընտրական ցուցակները հասանելի են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Մինչդեռ ընդդիմության կարծիքով իշխանության համար կեղծիքների հիմնական գործիքը լինելու են հենց ահռելի չափերով ուռճացված ցուցակները, որոնցում առկա բազմաթիվ անճշտությունները, անկախ դրանց` համացանցում տեղադրված լինելուց, որեւէ կերպ հնարավոր չէ շտկել: Այնուամենայնիվ, փորձելով բացահայտել ցուցակներում առկա անհամապատասխանությունները, ապրիլի 7-ին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը նամակով դիմել էին ՀՀ վարչապետին եւ ոստիկանապետին` խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Եւ ահա, ի պատասխան այդ դիմումի, ՀՀ ոստիկանությունը երեկ հայտարարել է, թե չի տիրապետում տվյալներին եւ չի կարող տրամադրել ցանկը, քանի որ ոստիկանությունը որեւէ օրենսդրական ակտով մշտապես բացակայողների ռեգիստր վարելու լիազորություն չունի: Այն, որ ոստիկանությունը մոտավորապես այդպիսի պատասխան էր տալու, ըստ էության սպասելի էր: Իրականում ոստիկանությունը շատ էլ լավ տիրապետում է այդ բոլոր տվյալներին, սակայն, բնականաբար, չի ցանկանում դրանք տրամադրել` դրա համար ունենալով միանգամայն օրինական հիմնավորում: Այլ հարց է, որ վերը նշված քաղաքական ուժերը թերեւս պետք է նման պատասխանը կանխատեսած լինեին եւ դիմեին անմիջապես իրավասու մարմնին` Ազգային անվտանգության ծառայությանը: Թե չէ, ստացվում է, որ մի կողմից Ս. Սարգսյանն է շահարկում ընտրացուցակների` համացանցում հասանելի լինելու փաստը` առկա անճշտությունները վերահսկելու հնարավորության, մյուս կողմից էլ ընդդիմությունն է շահարկում ոստիկանությանը դիմելու եւ պահանջած տեղեկատվությունը չստանալու իրողությունը: Բայց եթե ընդդիմությունն իսկապես նախանձախնդիր է ստանալու այդ ցանկը, ապա ոչինչ չի խանգարում, որպեսզի նրանք մի նոր նամակով դիմեն ԱԱԾ-ին: Ընդ որում նկատենք, որ այս դեպքում ԱԱԾ-ի համար դժվար է լինելու պատճառաբանություններ հորինել, թե իբր պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է: Բանն այն է, որ իշխանությունն ինքն է 2011թ. մարդահամարից հետո հայտարարել, թե Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 3 միլիոն 285 հազար 767, որից, սակայն, ՀՀ-ում են միայն 2 միլիոն 871 հազար 767 մարդ, իսկ մնացած 414 հազար 258 հոգին երկրից բացակայում են: Ասել է թե` ԱԱ տեսանկյունից որեւէ նոր, արգելված տվյալ չի հաղորդվելու, ընդամենը տրամադրվելու են երկրից բացակայող քաղաքացիների անուն- ազգանունները:
ՑՈՒՑԱԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ