Հայաստանում կներդրվի կամավորների ֆրանսիական փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 29-ին «Հենարան» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ ԱԻ նախարարության և Ֆրանսիայի «Քաղպաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության համագործակցության թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը և Ֆրանսիայի «Քաղպաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, ԱԻ նախարարի խորհրդական, փոխգնդապետ Բեռնար Ժանենը:

1988 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ, որպես կամավոր փրկարար գալով Հայաստան, Բ. Ժանենը հետագա տարիներին շարունակել է օժանդակել մեր երկրի ԱԻ համակարգին` թե տեխնիկական զինվածության, թե փորձի փոխանակման և ուսուցման հարցերում:

– Բոլորովին վերջերս մենք տարբեր նշանակության 7 մեքենա և գույք ենք ստացել Ֆրանսիայից, – ասաց Ն. Գրիգորյանը, – Մեքենաներն ամենագնաց են ու ուղարկվելու են մարզեր: Բեռնար Ժանենը մեր երկրի ու ժողովրդի լավագույն բարեկամներից է: Մեր համագործակցությունը շարունակվելու է և առաջիկայում ուղղված է լինելու փրկարարների կամավորական շարժման զարգացմանը:

Հայ-ֆրանսիական հետագա համագործակցության մասին պատմեց Բ. Ժանենը.
– Աշխատելու ենք 2 հիմնական ուղղությամբ: Առաջինը` ստեղծելու ենք աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հասարակական կազմակերպությունների և գյուղական համայնքներին փրկարարական աշխատանքներում ներգրավվելու հարցերով: Երկրորդը` բոլոր մարզերում հիմնելու ենք փրկարարների կամավորական ջոկատներ: Նախաձեռնությունն ԱԻ նախարար Ա. Երիցյանինն է, և մենք սիրով համաձայնել ենք օգնել: Ես աշխատել եմ ԱԻ համակարգի գրեթե բոլոր ղեկավարների հետ ու կարող եմ ասել, որ պարոն Երիցյանի օրոք մեր համագործակցությունն ավելի է աշխուժացել ու նոր շունչ ստացել: Աշխատանքը ծավալուն է, բացի կամավորական ջոկատներ ձևավորելուց, պետք է նաև զբաղվել խնդրի օրենսդրական կարգավորմամբ, կամավորների վերապատրաստմամբ ու հանդերձավորմամբ:

ՓԾ տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանն ընդգծեց, որ կամավոր փրկարարների ֆրանսիական շարժումն աշխարհում լավագույններից է, և նրանց երկար տարիների կուտակած փորձը շատ օգտակար կլինի մեզ համար:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողներին հուզող տարբեր հարցերին` կապված ծրագրերի իրականացման հետ:




Լրահոս