Հայրենիքում` գաղթական և գոյատևման խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուգանսկում բնակվող Արտյոմ Նախոյանը արյունալի պատերազմից երեխաներին փրկելու համար ուղղակի փախել է Ուկրաինայից: Հուլիսի մեկին ընտանիքը գաղթել է Հայաստան` ապաստանելով Սիլիկյան թաղամաս 3-րդ գյուղում` պահեստանման մի վայրում, առանց տարրական հարմարությունների:

Արտյոմն ու իր կինը` ազգությամբ ուկրաինուհի Էլան, ՀՀ իշխանություններից աշխատանք են խնդրում: Պատրաստ են ամեն տեսակի աշխատանք անել: Ասում են` այնտեղ կարգին ապրում էին. Էլան դիմահարդար էր, իսկ Արտյոմը հանքափոր: Պատերազմական իրավիճակը ստիպեց ընտանիքին դառնալ գաղթական, նախընտրեցին Արտյոմի հայրենիք Հայաստան գալ` հուսալով, որ գոնե հարազատ վայրում են: Սակայն արդեն 2 ամիս է` աշխատանք գտնել չեն կարողանում, ասում են` խոստանում են ու գնում: 4 երեխա ունեն, ամենափոքրը 7 ամսական է, մյուսները` 4 տարեկան եւ ավելի մեծ: Ի դեպ, ամենափոքրիկը սրտանոթային համակարգի խնդիր ունի, հայրն էլ երիկամներից է հիվանդ, սակայն առանց այդ մասին մտածելու ուղղակի աղերսում է ցանկացած աշխատանք:

Ընտանիքի անդամները հատակին են քնում, չունեն բացարձակ ոչինչ, ասում են` ինչ հնարավոր է եղել հավաքել ու եկել են: Մինչ այսօր հարեւանների տված ուտելիքով են գոյատեւում։ Համեստ ընտանիք են, խիստ անհրաժեշտ բաներ խնդրեցին, մեզ հետ զրույցում երեխաներն էլ կաթ, կոնֆետներ, բարբի տիկնիկներ, խաղալիքներ ուզեցին…

Ասում են այստեղ` մեր երկրում հանգիստ են, գոնե պատերազմի վտանգ չկա, բայց ապրելու ու գոյատեւելու հարցը մեծ խնդիր է, որի լուծումն առանց աշխատանք ինչքան պիտի շարունակվի, դեռևս չեն պատկերացնում: Հուսանք, որ մեր հրապարակումն անարձագանք չի մնա, եւ համապատասխան ատյաններն ու պարզապես բարի մարդիկ ձեռք կմեկնեն հայրենիք վերադարձած այս ընտանիքին:

Արեւիկ Հակոբյան




Լրահոս