Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում տարակուսեց. «Ինչի՞, կոալիցիան չի՞ լուծարվել արդեն, դե յուրաքանչյուր ընտրություններից առաջ լուծարվում է, հետո նոր կոալիցիա է ձեւավորվում»:
-Պարո՛ն Գասպարյան, օրեր առաջ մի արտառոց դեպք տեղի ունեցավ Ձեր մարզում. թիվ 21 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած ԱԺ պատգամավոր Մերուժան Մխոյանին դաժանաբար ծեծել էին, որպեսզի իր թեկնածությունը հանի` այդպիսով հարթելով ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի ճանապարհը դեպի խորհրդարան:
-Ես էլ եմ այդ պատմությունը լսել, ինչքան Դուք եք տեղյակ, այդքան էլ ես… ինձ նման բաները մի՛ հարցրեք, ես չգիտեմ, թե ովքեր են տարել ծեծել: Գիտեմ, որ տարել են, ծեծել են, ինքն էլ հրաժարվել ա, բայց թե հմի ով ա տարել, ով ա ծեծել, այդ մանրամասները, ճիշտն ասած, ինձ այդքան էլ չեն հետաքրքրում: Ինձ հետ թող ոչ մի բան էլ չկապվի, ես չկամ այդ պատմության մեջ, ու ինձ էլ այդտեղ հետաքրքրող բան չկա:
-Իսկ տեղյա՞կ եք, որ Մերուժան Մխոյանին ծեծողների թվում եղել է նաեւ տարիներ առաջ Ձեր դեմ մահափորձ կատարած Սամսոն Պողոսյանը, որը դատապարտվել էր 8,5 տարի ազատազրկման:
-Դե լսել եմ, որ իբր դրանք են եղել, բայց թե ինչքանով է այդ տեղեկությունը ճիշտ, ես չգիտեմ: Կողքից եմ լսել, ժողովրդից… ես այսօր շատ զբաղված եմ իմ խնդիրներով, քարոզարշավով: Իսկ դեպքերի հետ կապված` դատարան գոյություն ունի, թող իրենք զբաղվեն, եթե դա իրենց չի հետաքրքրում, ի՞նչ ասեմ: Ես չգիտեմ` ինքը որքան է ազատազրկման մեջ գտնվել, ես ո՛չ դատարան եմ գնացել, ո՛չ գիտեմ` քանի տարի են ազատազրկել, ո՛չ գիտեմ` երբ ա լրանալու սրոկը: Էդ հարցերը ինձ մի՛ տվեք, տվե՛ք մեր երկրի իշխանություններին, օրգաններին, թե ինչի են նման բան թույլ տալիս:
-Այս դեպքից հետո կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀԿ-ն Ձեր մարզում իշխող դիրք է գրավում, քանի որ ՀՀԿ-ական թեկնածուի համար անգամ օրը ցերեկով մարդ են ծեծում եւ ստիպում հրաժարվել թեկնածությունից:
-Չէ՛, գիտեք ինչ, ո՞նց ասեմ… իշխանություն ա, ՀՀԿ-ն իշխանության ա, էսօր իշխանությունը չի՞ որոշում, ոնց որոշում են, այդպես արվում է. ով իշխանություն է, ուժեղ չի՞ ինքը: Թե քաղաքականության մեջ ինչքան են հզոր իրենք, կերեւա ընտրություններից հետո:
-Բայց, պարո՛ն Գասպարյան, ԲՀԿ-ն էլ է իշխանություն, ի վերջո, Դուք կոալիցիայի անդամ եք…
-Ինչի՞, կոալիցիան չի՞ լուծարվել արդեն, դե յուրաքանչյուր ընտրություններից առաջ կոալիցիան լուծարվում է, հետո նոր կոալիցիա է ձեւավորվում: Դե քարոզարշավն էլ արդեն սկսվել է, ամեն մի կուսակցություն իր համար առանձին է աշխատում, առանձին գնում են ընտրությունների, եթե միասին չեն գնում, ուրեմն միասին չեն` տրամաբանորեն եմ ասում:
-ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 22-րդ տեղում եք գտնվում, գո՞հ եք Ձեր զբաղեցրած համարից, ըստ Ձեզ` անցողի՞կ տեղում եք:
-Գիտեք ինչ, մեզ մոտ տեղերը չափանիշ չէ, թե ով որտեղ է գտնվում, մեզ մոտ ուրիշ ձեւ է, ես կարող էի վերջին համարը լինել, բայց անցնեի, հիմա ես 22-րդ տեղում եմ, մեկ այլ մարդ լիներ 22-րդ տեղը, բայց չանցներ: Մեզ մոտ բաժանված ա ըստ տարածքների` եթե համապատասխան ձայն է բերում այդ ընտրատարածքից, կապ չունի, թե որերորդ համարն է: Կարող ա առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցնող մարդն այդքան ձայն չբերի, բայց վերջին համարն ավելի շատ ձայն բերի: 22-րդ տեղը դե, ըստ ցուցակի, միանշանակորեն անցողիկ է:
-Ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ մեծամասնական ընտրակարգով Դուք Ձեր թեկնածությունը չառաջադրեցիք:
-Ես էի պայմանը դրել, ու իմ պայմանն ընդունեցին, որ եթե մեծամասնական ընտրակարգով այդ տարածքում Նահապետ Գեւորգյանն առաջադրվի, ուրեմն ես միանշանակ իմ թեկնածությունն առաջադրելու եմ. չառաջադրեց, ես էլ չառաջադրեցի: Իմ ուզածով եղավ:
«ԷԴ ՀԱՐՑԸ ՏՎԵ՛Ք ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ