20 միլիոնը բաշխելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց,  որ գյուղի մանկապարտեզի շենքը ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանող պատը կառուցելու համար Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը  օգոստոսի 20-ին  շինարարության մրցույթի հայտարարություն է  տվել: Պատը կառուցելուց զատ,  մրցույթում հաղթող կազմակերպությունը նաև պետք է  մանկապարտեզի խաղահրապարակ կառուցի:

Նախորդ ուսումնական տարի Այգեպարի մանկապարտեզ է հաճախել 23 երեխա, մանկապարտեզն ունի 6 աշխատակից: Երեխաների  սնունդը հոգում է  Հայ օգնության ֆոնդը,   սաների  ծնողներն էլ ամսական 1000 դրամ են տալիս: Քանի որ մանկապատեզի պաշտպանիչ պատի շինարարարության հայտարարությունը նոր է տրվել, մրցույթի հաղթողը 1 ամիս հետո է որոշվելու: Հետևաբար՝  սեպտեմբերի 1-ին պատը կառուցված չի լինի: Գյուղապետն  ասաց, որ  վերջին գնդակոծություններից հետո մանկապարտեզի  պատերին գնդակների  նոր հետքեր են ավելացել:  Այդինյանը  չգիտի, թե սեպտեմբերի 1-ին քանի երեխա կհաճախի գյուղի մանկապարտեզ:

«Ժողովուրդ»-ը  Այգեպարի գյուղապետից հետաքրքրվեց, թե  ադրբեջանական գնդակոծությունից վնասված ունեցվածքի փոխհատուցման համար  ՀՀ պետական բյուջեից  հատկացված  20 միլիոն դրամից որքա±ն գումար է տրվել Այգեպարին:  Նա ասաց, որ այդ հարցը այգեպարցիները բարձրացրել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի՝ Այգեպար կատարած այցի ժամանակ: Մարզպետի տեղակալն ասել է, որ Այգեպար համայնքի ղեկավարը ադրբեջանական գնդակոծության վնասները ճշտող հանձնաժողով պետք է կազմի և տվյալները ներկայացնի Տավուշի մարզպետարան, որը դեռ չի արել:  Անդրանիկ Այդինյանն ասում է, որ առաջիկայում Այգեպար պետք է  ժամանեն ոստիկանության քննիչներ, ովքեր պետք է  կազմեն ադրբեջանական զինուժի պատճառած վնասների մասին արձանագրություններ: Նրա խոսքերով՝ նախկինում  բանվորական ավան Այգեպարում կան բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքների ազբոշիֆերները  ազերիների գնդակներից փշրվել են:

Գյուղապետն ասում է, որ չգիտի, թե ում անվան դիմաց գրի այդ շենքերին պատճառված վնասները: Այգեպարում ադրբեջանական գնդակոծությունից վառվել է մեկ ավտոմեքենա, երկու տուն, բազմաթիվ տներ վնասվել են:  Այդինյանը  չգիտի, թե հատկացված 20 միլիոն դրամից քանի միլիոնն  է տրվելու Այգեպարին: Այդ պատճառով էլ չի կարողանում Տավուշի մարզպետարան ներկայացրել գնդակոծության պատճառած վնասների տվյալները: Իսկ Այգեպարին պատճառված վնասը մեծ գումար է  կազմում:  Ա. Այդինյանն ասաց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այժմ արտասահմանում է  գտնվում և ինքը սպասում է   նրա վերադարձին, որպեսզի  մարզպետի կողմից այդ հարցին  լուծում տրվի:

Ոսկան Սարգսյան

 Տավուշ




Լրահոս