Այսօր հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի մահվան օրն է:
Ֆ. Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում: Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մ. Գորկու անվան դպրոց։ 1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ.Սունդուկյանի թատրոնում որպես դերասան։1947թ. ավարտել է Գ.Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս.Գերասիմովի արվեստանոցը)։
1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։ 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղարն էր, իսկ 1986-ից` «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավարը։
Դովլաթյանը հուղարկավորված է Երևանի Թոխմախի գերեզմանոցում։