Ամուսինը հղի կնոջը պահում էր գոմում. ընտանեկան դաժան սպանություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր ընտանիքում դժբախտությունները տարբեր են լինում. աղքատություն, երեխայի կորուստ, դավաճանություն …

Դժվարություններն, իհարկե, հաղթահարում են ոչ բոլորը, իսկ չհաղթահարելու դեպքում այն կրկնապատկվում է:

Նախորդ տարի հանրապետությունում աննախադեպ թիվ էր գրանցվել ամուսինների կողմից կանանց սպանություններում. սպանության պատճառ եղել էր կամ ալկոհոլը, կամ դավաճանությունը, կամ էլ հոգեկան խանգարումները:

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում հունիսի 9-ին Յուրիկ Բաբայանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տան բակում, փայտով հարվածել է կնոջը` Անահիտին, ու սպանել: Պատճառը, ըստ տարածված լուրերի, ալկոհոլի չարաշահումն էր: Նա հաճախ էր հարբած տուն գալիս. վիճաբանություն էր սարքում, ու սկսվում էր ծեծը: Armlur.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը` հավելելով, որ նրանց երեխաներն արդեն ամուսնացած են, ապրում են իրենց կյանքով. մայրը չկա, հայրը` դատապարտված է:

Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանը Բաբայանին ազատազրկել է 9 տարով:

Իսկ Կոտայքի մարզի Ակունք գյուղում 37-ամյա Աշոտ Գևորգյանը սպանել էր կնոջը` 31-ամյա Անուշ Գասպարյանին, ապա դանակահարել երեխաներին:

Անչափահաս երեխաները` 12-ամյա Շողակաթն ու 6-ամյա Մարիամը երկարատև բուժումներից հետո միայն կարողացել են կազդուրվել, սակայն այդ օրը երեխաների մոտ մոռանալ չի ստացվում:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով Գևորգյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ապա, փորձաքննության եզրակացությամբ, որով նա անմեղսունակ է ճանաչվել, ուղարկվել է հոգեբուժարան:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայրից առգրավվել է թվով 6 խոհանոցային դանակ: 

Armlur.am-ի հետ զրույցում Ակունք գյուղի ղեկավարը` Հունան Ռուբենյանը, տեղեկացրեց, որ Գևորգյանի անչափահաս երեք երեխաներն այս պահին գտնվում են նրա մոր խնամակալության ներքո: Մեծ տղան 17 տարեկան է: «Առավոտից իրիկուն տատիկի հետ աշխատում է, որպեսզի տան հոգսերը հոգա: Աշոտը հոգեկան խանգարումներ ուներ: Մանավանդ էդ շրջանում շատ տարօրինակ էր իրեն պահում: Դեպքի օրը երեխաները հազիվ են դուրս պրծել նրա ձեռքից. բարեբախտաբար ողջ են: Կինը, ցավոք, չկա»,- հավելեց գյուղապետը:

Մեկ այլ դժբախտ դրվագով ամուսինը կնոջը սպանել էր հյուրանոցային համալիրում: Նախորդ տարի` հունիսի 20-ին, Սյունիքի մարզի Ագարակ համայնքում 4 երեխաների հայր Միխայելը դանակի 15 հարվածով սպանել էր կնոջը` Նելլի Աղայանին:

Ավելի վաղ Նելլիի քույրը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ քրոջ ընտանիքն ապրել է սոցիալապես շատ վատ պայմաններում, և Ագարակ քաղաքում բոլորին գումար են պարտք եղել: Ս. Աղայանի ներկայացմամբ՝ Միխայելը մի կողմից թասիբի նշույլներ էր առկայծում՝ կնոջն արգելելով աշխատել, բայց մյուս կողմից, տանը նստած, իր պահանջներն էր ներկայացնում:

Պարզվում է՝ տարիներ առաջ Միխայելը Նելլիին հղի վիճակում մի ամբողջ գիշեր կովերի հետ կապել է անասնագոմում ու, դա էլ դեռ քիչ է, մեկ անգամ էլ թոնրի մեջ է իջեցրել ու երկար պահել այնտեղ: Սակայն Նելլին՝ որպես տիպիկ հայկական ընտանիքի մայր, շարունակել է հնազանդվել ամուսնու կամակորություններին և ապրել նրա հետ` «հանուն երեխաների»:

Հանդուրժողականությունը, սակայն, այլ պտուղներ տվեց. կինն այլևս չկա, իսկ երեխաները այս դեպքում ևս տատ ու պապի խնամակալության տակ են:




Լրահոս