Կրթության համակարգը նախապատրաստվում է նոր ուսումնական տարվան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ամփոփելու, ինչպես նաեւ եկող ուսումնականի ընթացքում իրականացվելիք ծրագրերը նախանշելու նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետն անդրադարձել է 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում տեղ գտած բացթողումներին եւ նշանակալի ձեռքբերումներին՝ ընդգծելով մարզպետարանի հատուկ ուշադրությունը մարզի կրթօջախների գործունեության նկատմամբ:

Մարզային կրթական համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Բարձր գնահատելով Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցների մանկավարժների աշխատանքը, Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ մարզի ավագ դպրոցների ձեռքբերումներին ու այդ դպրոցներում սովորող աշակերտների կրթական հաջողություններին: Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաեւ նոր ուսումնական տարում կրթության բնագավառում ներդրվելիք նորամուծություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Համաժողովի օրակարգային հարցերի շրջանակներում Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների եւ 2014-2015 ուսումնական տարվա ծրագրերի վերաբերյալ կատարված վերլուծության ամփոփ տվյալներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է պետական համապատասխան հոգածության արդյունքում մարզի կրթության բնագավառում իրականացված ծրագրերի հիմնական ուղղությունները, փաստել վերջիններիս կարեւորությունը համակարգի զարգացման ու կատարելագործման ասպարեզում: Կոտայքի մարզպետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է դպրոցներում պատշաճ կերպով ազդարարել նոր ուսումնական տարվա մեկնարկը եւ ողջ տարվա ընթացքում ապահովել համակողմանի գործունեություն:

Հարկ է նշել, որ մարզի կրթության բնագավառի պատասխանատուներն այս օրերին իրականացնում են նախապատրաստական ընդգրկուն աշխատանքներ եւ մարզի հանրակրթական դպրոցներին նախապատրաստում են նոր ուսումնական տարվան:

Հավելենք, որ Սեպտեմբերի մեկին` Գիտելիքի եւ դպրության օրը, մարզի բոլոր կրթօջախներում նախատեսվում են տոնական հանդիսություններ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս