ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արված դիտարկումները:
Այսօր ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից առաջ լրագրողները վարչապետից փորձեցին պարզաբանումներ ստանալ ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումների շուրջ: Սակայն մշտապես լրագրողների հետ զրուցող վարչապետն այս անգամ ավելի քան լուռ էր: Նա միայն զրուցեց իրեն մոտեցող բնակիչների հետ, սակայն լրագրողների բազմաթիվ հարցերը թողեց անպատասխան՝ նշելով, թե այսօր չի ցանկանում խոսել:
Նա թերևս ընդամենը մեկ բառ արտասանեց, և դա այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք վարչապետը համաձա՞յն է Ռ. Քոչարյանի այն դիտարկման հետ, թե տնտեսության զարգացման համար թե՛ ներքին, թե՛ արտաքին նախադրյալներ չկան: Հարցին, թե տնտեսության զարգացման նախադրյալներ կա՞ն, նա տվեց կարճ, բայց բովանդակալից պատասխան՝ «այո»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող «Նոև Կովչեգ» ռուսալեզու պարբերականին և անդրադարձել բազմաթիվ հարցերի: Քոչարյանն առաջին հերթին նշել էր, թե տնտեսության զարգացման համար բավարար նախադրյալներ չկան: