«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՏԱՊԱԼՈՒՄ Է ՇՏԱԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունն իր նախապայմաններով անում է ամեն ինչ՝ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքները ձախողելու համար: Եվ ինչպես շտաբի ձեւավորման օրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նիստի կեսից լքեց դահլիճը, երեկ էլ կեսից հեռացավ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Առայժմ «Ժառանգություն»-ը ետ չի վերցրել իր ստորագրությունը շտաբի ձեւավորման հռչակագրից, սակայն Ռ.Հակոբյանը չբացառեց նաեւ այդ զարգացումը՝ ասելով, որ դեռ կքննարկեն իրենց որոշումը:
«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում տեղեկացրել էր, որ «Ժառանգություն»-ը պատրաստվում է շտաբի նիստին երկու նախապայման առաջարկել. առաջինը վերաբերում էր բարեգործության անվան տակ բաժանվող ընտրակաշառքի դեպքերն ուսումնասիրելու համար շտաբում հանձնաժողով ձեւավորելուն: Իսկ երկրորդ նախապայմանն էր, որ շտաբի ձեւավորման հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները:
Ռուբեն Հակոբյանը երեկվա նիստում այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու են այդպես համառորեն պնդում հատկապես երկրորդ նախապայմանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նրան երկար բացատրեց, որ եթե իրենք եկել են քննարկումներին, ստորագրել ու ձեւավորել են միասնական շտաբ, նշանակում է՝ լիազորված են իրենց քաղաքական ուժերի առաջնորդների կողմից: Նա նույնիսկ հիշեցրեց, որ 1994թ. զինադադարի պայմանագիրը կնքել են ոչ թե նախագահները, այլ նրանց լիազորված անձինք՝ պաշտպանության նախարարները: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ նման պահանջն ուղղակի անհասկանալի է: Նա կոչ արեց այս պատմությունը չդարձնել Թումանյանի Կիկոսի մահն ու «եթե»-ներով չխոսել: Սակայն Հակոբյանն անդրդվելի էր: «Եթե քեզ անհրաժեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն, որ առաջնորդները ստորագրեն այդ փաստաթղթի տակ: Բայց քանի որ Հակոբյանն այդքանից հետո մյուս ուժերին անուղղակիորեն՝ թափանցիկ ակնարկներով մեղադրեց ԲՀԿ-ին իրենց հովանու տակ առնելու մեջ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը հարցրեց. «Դուք բավարարված կլինե՞ք, եթե մենք ձեզ հետ չլինենք… Մենք կարող ենք դուրս գալ կազմից ու օգնել ձեզ: Մենք լուրջ ռեսուրսներ ունենք, որոնք գործի կդնենք ընտրությունների ժամանակ: ԲՀԿ-ն էնպիսի ռեսուրսներ է դնելու ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, որ դու զարմանալու ես»,- ասաց նա` ավելացնելով, որ ինքը լիազորված է Ծառուկյանի կողմից:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ իրենք նման պահանջ են դնում, քանի որ չի կարող ԲՀԿ-ի ստորագրությունը լինել ե՛ւ կոալիցիոն հուշագրի տակ, ե՛ւ իրենց հռչակագրում. դրանք միմյանց հակասում են: «Եթե ԲՀԿ-ի ստորագրությունը հակասում է կոալիցիոն հռչակագրին, դրա համար պետք է միայն ուրախանալ»,- արձագանքեց Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ նշեց, թե  ընտրակեղծիքների պատասխանատուն ՀՀԿ-ն է: «Այլ կերպ, քան ընտրությունները կեղծելը, ՀՀԿ-ն չի կարող հասնել հաղթանակի: ՀՀԿ-ն, ի դեմս իր առաջնորդի, որը բազմաթիվ խոստումներ է տալիս, արդեն պարզ է, որ չի պատրաստվում նորմալ ընտրություններ անցկանցել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական դաշտը աննախադեպ համախմբվածությամբ փորձում է պայքարել դրա դեմ, ու եթե քայլերը շարունակվեն, լուրջ արդյունքների կհասնեն:
Տեւական բանավեճից հետո Ռուբեն Հակոբյանը, ինչպես եւ սպասվում էր, հեռացավ դահլիճից: «Մեր շարքերը բյուրեղանում են»,- կատակեց Արմեն Ռուստամյանը, որից հետո միասնական շտաբի անդամները շարունակեցին աշխատանքները: Երեք կուսակցությունների ներկայացուցիչներն ընդունեցին միջկուսակցական շտաբի գործառույթների մասին համաձայնագիրը՝ այնտեղ ամրագրելով շտաբի նպատակը, հիմնական խնդիրներն ու աշխատակարգը:
Սա, թերեւս, առաջին անգամը չէ, որ «Ժառանգություն»-ը պարզապես կես ճանապարհից ետ է կանգնում իր տված խոսքից ու խախտում պայմանավորվածությունները: Իսկ երեկվա նրանց պահվածքից տպավորություն էր ստեղծվում, որ այս կուսակցությունը որոշել է, կամակոր երեխայի նման անհեթեթ պահանջներ դնելով, ի սկզբանե ձախողել շտաբի ձեւավորումը: Այլապես, անհասկանալի է, թե ինչու է «Ժառանգություն»-ը նման ոչ էական հարցի շուրջ նման համառություն ցուցաբերում: Դեռ ավելին՝ նույն «Ժառանգություն»-ը մաս է կազմում նաեւ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի ձեւավորած աշխատանքային խմբին ու այնտեղ նման պահանջներ չի դնում: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը երեկ չցանկացավ մեկնաբանել «Ժառանգության» պահվածքը՝ նշելով, որ այն իր համար էլ անհասկանալի է: Փոխարենը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսակետ հայտնեց. «Եթե այս ամենը տվյալ կուսակցության համար պատրվակ է ձեռքբերված պայմանավորվածություններից խուսափելու համար, ապա խորհուրդ կտամ անհասկանալի կեցվածք չընդունել եւ անհասկանալի պատճառաբանություններ չբերել: Բոլորի համար պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաեւ` գաղտնիք չէ՝ որտեղից են իջեցվում ԲՀԿ դեմ ելույթներ ունենալու պետպատվերները»:
Հ.Գ. Տեսակետ կա, որ «Ժառանգություն»-ն այս ամենն անում է, քանի որ որպես փոխհատուցում՝ նրանց ապագա ԱԺ կազմում մի քանի մանդատ է խոստացված:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս