Եթե Էրդողանը Հայաստան գա, ուրեմն ընդունում է ոճրագործությունը. ՀՀԿ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորություն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նախագահին հրավեր է ուղարկել:  Այս մասին ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Թուրքիայի նախագահի ընտրություններից հետո մենք որոշում կայացրեցինք, որ հանրապետության կողմից կմասնակցի արտգործնախարարը: Դուք գիտեք, որ նա հանձնեց նաև ՀՀ նախագահի նամակը», – նշեց նա:

Շարմազանովը հավելեց, թե կիսում է փորձագետների այն կարծիքը, ըստ որի ՀՀ իշխանությունների կողմից այս հրավերն ու քայլն արդարացված են:

«Հրավեր ուղարկելով հենց Անկարայում, ՀՀ-ն ապացուցում է, որ պայքարելու է Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ: Մենք ապացուցում ենք, որ ակնկալում ենք միջազգային հանրության և Թուրքիայի առերեսումն իրականության հետ: Եթե նա գա Հայաստան, ապա դա կնշանակի, որ ընդունում է այն ոճրագործությունը, որ եղել է», – ընդգծեց նա:

Սակայն ՀՀԿ խոսնակն այս պահին Թուրքիայի կողմից որևէ քայլ չի տեսնում: Նա հավելեց, թե Թուրքիայի նախագահի՝ Հայաստան չգալը կապացուցի Թուրքիայի դիրքորոշման անփոփոխ լինելը:




Լրահոս