ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-Ն ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ երեկ հայտարարություն են տարածել ընդդեմ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի՝ «բացահայտելով» նրա պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցած «մութ փաստեր»: Սա, թերեւս, աննախադեպ երեւույթ է, երբ ԱԱԾ-ականները բարձրաձայնում են իրենց կառույցի ներսում տեղի ունեցածի մասին: Ու անկախ այն հանգամանքից, թե որքանով է նրանց հրապարակածը ճշմարիտ, ակնհայտ է մեկ բան` սրանով ԱԱԾ-ն վարկաբեկում է ոչ այնքան Գուրգեն Եղիազարյանին, որքան առաջին հերթին ինքն իրեն, երբ հայտարարում է, որ ԱԱԾ փոխնախարարը «հարբեցող» է, օրինախախտ եւ այլն: Ավելին, հետաքրքիր է, եթե Եղիազարյանն իր պաշտոնավարման ընթացքում նման անօրինականություններ է արել, ինչո՞ւ միայն տասնյակ տարիներ անց են հիշել այդ մասին եւ ինչո՞ւ ժամանակին չեն պատժել նրան: Իսկ եթե Գորիկ Հակոբյանն ընտրել է Եղիազարյանի քննադատություններից պաշտպանվելու այս տարբերակը, ապա համաձայնե՛ք` սա լավագույն լուծումը չէ: Սա նույնն է, որ մի քանի տարի անց ինչ-որ աշխատակիցներ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Ռոմիկ Հարությունյանին սկսեն քննադատել:

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԲՀԿ համագումարին ընդառաջ, այդ կուսակցության ներսում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել: ԲՀԿ գործարար հատվածը, որ հանուն իր բիզնեսի շարունակում է իշխանությունների հետ ակտիվ կապ պահպանել, փորձում է ԲՀԿ-ն տանել դեպի իշխանություն: Քաղաքական թեւն էլ ջանում է պայքարել ԲՀԿ-ն իշխանություններից վերջնականապես պոկելու համար: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ ներսում հակասական տրամադրությունների մասին բավական կտրուկ արտահայտվեց. «ԲՀԿ ներսում կա մեկ տրամադրություն եւ դրանից բխող անհրաժեշտ գործողությունների հրամայական. ՀՀ-ին պետք են շրջադարձային փոփոխություններ, դա են ցանկանում նաեւ ՀՀ քաղաքացիները, ուստի պետք է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով: Իսկ եթե կուսակցության ներսում կան այնպիսիք, ովքեր վստահ չեն, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, ապա ԲՀԿ-ն իրենց տեղը չէ»: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի ելույթը եւս կլինի խիստ շեշտադրումներով, բայց ոչ նախագահի հասցեին:

 
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա: «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որեւէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, եւ ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»: Բայց սա միակ նամակը չէ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաեւ ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն:

 
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թեւի թեկնածուն: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որեւէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան` Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով, ժամանակին:

 

 

 

 

 

 

 

ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԸՆԹԱՑ

Թեեւ Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական ծրագիրն այնքան շռայլ չէր, որքան նախորդը (յուրաքանչյուր ընտանիքի բնակարան եւ մեքենա ունենալու հնարավորության երաշխավորում եւ այլն), այս անգամ նա խոստացել էր յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար համակարգիչ տրամադրել եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել սրտի անհետաձգելի վիրահատություն: Անցել է մեկ տարի, սակայն ո՛չ անվճար համակարգիչների, ո՛չ էլ սրտի վիրահատության մասին ոչ մի խոսք չկա: Փոխարենը հայտնի դարձավ, որ մարտի 1-ից ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է վճարովի դարձնել մայրաքաղաքի պոլիկլինիկաների ծառայությունները, մասնավորապես լաբորատոր հետազոտությունները:
Ասել է թե` դեպի անվճար առողջապահական ծառայությունների ապահովում գնալու փոխարեն՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը կատարում է հետընթաց քայլ` վճարովի դարձնելով այն, ինչը մինչ այդ անվճար էր: Հիշեցնենք, որ պոլիկլինիկաներում ծառայությունները դարձան անվճար 2006թ.-ից:
Ընդ որում, այս փոփոխությունը ԱՆ Դերենիկ Դումանյանը բացատրում է` բերելով բավականին տարակուսելի փաստարկներ: Ըստ նրա` դա պայմանավորված է պոլիկլինիկաներում անալիզներ հանձնողների քանակի ավելացմամբ:
Եթե հավատալու լինենք Դումանյանի բերած հիմնավորմանը (ինչը արտագաղթի ներկայիս պայմաններում մի փոքր դժվար է), ապա ստացվում է, որ այսօր մեր երկրի բնակչությունը դարձել է ավելի վատառողջ, քան 5 տարի առաջ, ինչի արդյունքում ստիպված է առավել հաճախ օգտվել պոլիկլինիկաների ծառայություններից: «Քանի որ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ակնկալում էր առողջապահության նախարարությունը, ապա մենք կարծում ենք, որ քաղաքացիները կարող են իրենց մասնակցությունը բերել իրենց պատվիրած բուժծառայությունների վճարման համար: Խոսքը ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի հարյուր դրամի մասին է»,-նշում է Դումանյանը: Սա արդեն ոչ այլ ինչ է, քան պետական ցինիզմ: Ի՞նչ ասել է` մենք կարծում ենք, որ քաղաքացիները կարող են իրենց մասնակցությունը բերել: Իսկ եթե այդ քաղաքացիները անգամ այդ մի քանի հարյուր դրամը չունե՞ն:
Առհասարակ, բավակա՞ն չէ` իրենց տաքուկ տեղերում նստած պաշտոնյաները հաշվեն ՀՀ 32 տոկոս աղքատ բնակչության փողերը եւ կարծիք հայտնեն, որ նրանք կարող են վճարել ամբուլատոր ծառայությունների համար, անորակ գազի համար, կուտակային կենսաթոշակային համակարգի համար…
Իրականում ակնհայտ է, որ այս փոփոխությամբ փորձ է արվելու ամբուլատոր բուժհաստատություններում խոստացված միջին աշխատավարձի բարձրացումն անել դարձյալ ՀՀ քաղաքացիների` պոլիկլինիկաներից օգտվողների հաշվին:




Լրահոս