ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԻՐԵՆ ՉՀԻՇԵԼ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով ՀՀ տնտեսությունում առկա մենաշնորհայնության բարձր մակարդակին, օրերս ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարություն էր արել: Նա ասել էր. «Ոչ բոլոր մենաշնորհներն են վնասակար Հայաստանի տնտեսության համար: …Իհարկե, կան շուկաներ, որտեղ քիչ թվով սուբյեկտների առկայությունը բացատրվում է ոչ թե տեխնիկական, այլ ուրիշ պատճառներով: Բայց այստեղ եւս մենաշնորհները կամ գերիշխող դիրքը շուկայում խախտում չէ: Մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի այդ սուբյեկտները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը շուկայում»: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Ա. Շաբոյանին:
-Պարո՛ն Շաբոյան, ԱԺ ամբիոնից արված Ձեր վերջին հայտարարությունից պարզ դարձավ, որ մեր երկրում անհնար է պայքարել մենաշնորհների դեմ:
-Այստեղ պետք է հստակեցում մտցնել, որ մենք ոչ թե պայքարում ենք հենց մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցողների դեմ՝ փակելու, վերացնելու կամ նրանց գործունեությունը թույլ չտալու, այլ մեր օրենսդրությունը թույլ է տալիս խոշոր ընկերությունների առկայություն, եւ դա ոչ միայն Հայաստանի մրցակցության օրենսդրությամբ է, այլ այդպես է ամբողջ աշխարհում… թույլատրվում է խոշոր ընկերությունների առկայությունը, գործունեությունը: Բայց թույլ չեն տրվում դրանց կողմից չարաշահումներ, այդ թվում նաեւ մեր հանձնաժողովի կողմից: Մենք պայքարում ենք չարաշահումների դեմ, թույլ չենք տալիս, որպեսզի խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները չարաշահեն օրենսդրությունը: Իսկ մենք չարաշահման բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք ես ներկայացրել եմ Ազգային ժողովին: Մենք օրինախախտներին պատժել ենք, պատասխանատվության ենք ենթարկել: Ու եթե Դուք դրանից դուրս ինչ-որ դեպք գիտեք, կարող եք ներկայացնել, ես շատ ուրախ կլինեմ դրա համար:
-Խորհրդարանի ամբիոնից Ձեր ղեկավարած հանձնաժողովի հասցեին լուրջ քննադատություններ հնչեցին: ԱԺ պատգամավորներից ոմանք անգամ նշեցին, թե հանձնաժողովը չի աշխատում: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման քննադատությունը:
-Ուրեմն, գիտեք, դա անհեթեթություն է, երբ ասվում է, թե հանձնաժողովը չի աշխատում: Այո՛, մենք չենք ասում, որ ամեն ինչ իդեալական է, ամեն ինչ լավ է, ու բոլոր խնդիրներն էլ լուծված են: Ուղղակի անհեթեթ կարծիքներ են հնչեցնում: Եթե այդպես է, թող մարդիկ բարի լինեն՝ կոնկրետ մի խնդիր, հարց ներկայացնեն: Իսկ նման արտահայտություններ հնչեցնում են տարին մեկ անգամ, երբ ես ներկայացնում եմ ծրագիր ԱԺ-ում: Բայց ես բազմիցս կոչ եմ արել, որ եթե ինչ-որ հարցեր կլինեն, որոնք կանհանգստացնեն հասարակությանը, կամ ինչ-որ խնդիրների մասին տեղյակ եք, եկե՛ք քննարկենք, բերե՛ք, ներկայացրե՛ք: Իհարկե, ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք այս ընթացքում հարցեր բարձրացնում են, համագործակցում են մեզ հետ, ինչի համար ես շնորհակալ եմ: Բայց այն մարդիկ, որոնք մեղադրում են, երբ տարին մեկ անգամ ինձ տեսնում են, այդպես օդի մեջ քննադատում են ու վերջ: Ես կարծում եմ, որ դա սխալ է:
-Ընդդիմությունը նշեց, որ Ձեր հանձնաժողովն անկախ չէ, այն ենթարկվում է իշխանությունների հրահանգներին, ինչի հետեւանքով էլ դրական արդյունքներ չեն գրանցվում: Ո՞րն է Ձեր արձագանքը:
-Չեմ ուզում՝ այնպիսի տպավորություն լինի, որ ես գովաբանում եմ մեր գործունեությունը, ո՛չ, ես ասում եմ, որ, իհարկե, մեր գործունեության մեջ կան չլուծված խնդիրներ, իսկ ես էլ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ուզում են այդ հարցում մեզ օգնել: Որեւէ մեկը չի կարող պնդել, թե ինքը որեւէ խնդիր բարձրացրել է, ու մենք հետեւողական չենք եղել: Ես ուզում եմ կրկնել, որ մենք գերիշխողների դեմ չենք պայքարում, պետք է չարաշահում լինի, եթե կա չարաշահման երեւույթ, ասե՛ք, քննարկենք:
-Իսկ արդյո՞ք օրենքով սահմանված տուգանքների կիրառմամբ հնարավոր է հարցին լուծում տալ:
-Այնպես չէ, որ մենք միայն տուգանքներ ենք նշանակում: Մենք նաեւ բավականին կարգավորող աշխատանքներ ենք տանում, հասարակության իրազեկվածությունն ենք բարձրացնում: Ես բազմիցս ասել եմ, որ այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնում ենք, շատ հաճախ հետեւանք են եւ ոչ թե պատճառ: Եվ հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները: Չի կարող լուծել, որովհետեւ իր դաշտում չի գտնվում: Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք գտնվում են մեր իրավասության շրջանակներում: Բայց մրցակցության խնդիրները բազմազան են ու բազմաթիվ, դա չի նշանակում, որ պաշտպանության մարմինը պետք է լուծի բոլոր խնդիրները:

 

 

 

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՉԳՈՀԱՑՐԻՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության երեկվա նիստն աչքի էր ընկնում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստին ներկա էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Կառավարության շենքի առջեւ Գ. Կոստանյանը հերթական անգամ լսեց հայոց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հանդիմանությունը, սակայն այդպես էլ ծնողների բարձրացրած հարցերին ըստ էության պատասխան չտվեց:
Կառավարության նիստից առաջ Գ. Կոստանյանը շենքի մուտքի առջեւ հավաքված զինվորների ծնողներին խոստացավ հանդիպել նիստի ավարտից հետո: Դատախազն այլ ելք չուներ, քանի որ ծնողները նրան «շրջափակել» էին ու պահանջում էին պատասխանել իրենց հարցերին: Նիստից հետո, երբ Գ. Կոստանյանին մոտեցան զինվորների ծնողները, նա անմիջապես հայտարարեց, թե շատ լավ ծանոթ է բոլորի դժբախտություններին, եւ վստահեցրեց, որ ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` հարցին լուծում տալու համար:
Դատախազի այս խոսքերից հետո մահացած զինվոր Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, հայտարարեց, թե իր որդու սպանության քրեական գործը կասեցված է, եւ առաջխաղացում չկա: «Առաջխաղացումն ընդամենը պայմանավորված է հետեւյալով՝ մենք դա էլ ենք իրար հետ քննարկել, դա ես եմ անձամբ ձեզ ասել, որ քրեական գործի նախաքննությունը հասել է այն փուլին, որ այլ ապացույցներ ձեռք բերելը պայմանավորված կլինի միայն էքսգումացիայի արդյունքներով, իսկ դա կարելի է անել բացառապես ձեր համաձայնությամբ»,-պատասխանեց Գ. Կոստանյանը եւ քիչ անց հեռացավ: Զինվորների մայրերը հուսախաբված նշեցին, որ այդ խոսակցությունը ոչինչ չտվեց իրենց:
Իսկ լրագրողների հետ զրույցում Գ. Կոստանյանն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններին: Հարցին, թե դրանցից հետո արդարադատության հաստատման հարցում առաջընթաց չկա, գլխավոր դատախազն արձագանքեց. «Արդարադատությունը որոշակի փաստերի համակցություն է, որի արդյունքում է հանգեցվում այն ակնկալիքին, որը հասարակությունը տեսնում է: Ես ձեզ վստահեցնում եմ ընդամենը մի բան. չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որեւէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի: Անարդարությունը ես բացառում եմ»:
Հ.Գ. Կառավարության նիստի ավարտից հետո, երբ լրագրողները մոտեցան ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, վերջինս, առանց անգամ հարցերը լսելու, նետեց. «Ասեցի՝ ամառը մոտեցե՛ք, հիմա ցուրտ ա, ձմեռ ա» ու արագ հեռացավ: Դատելով ԱԱԾ աշխատանքների հետ կապված վերջին սկանդալային դեպքերից` այդ կառույցը իր ղեկավարի հետ մեկտեղ, փաստորեն, ձմեռային ամիսներին քուն է մտնում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

«ԲԱԼՈՆՈՎ ԳԱԶ»

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում անդրադարձել էր Թուրքմենստանից ու Ղազախստանից Հայաստան ներկրված գազի թեմային: Երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ Պետեկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին` այդ երկու երկրներից ներկրվել է ոչ թե խողովակաշարային, այլ հեղուկ գազ: Ասել է թե՝ Միջին Ասիայի երկրներից Հայաստան «բալոնով գազ» է բերվել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքանով կարելի է վստահել ՀՀ պետական գերատեսչությունների պարզաբանումներին: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հատկապես Թուրքմենստանից Հայաստան բերված գազի ծավալները գնալով ավելացել են՝ 2012թ. 352.8 տոննայի փոխարեն արդեն 2013թ. դարձել են 1102.7 տոննա: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ բնակչությունը կամաց-կամաց նախընտրում է օգտվել «բալոնով գազից», որը, որոշ մասնագետների պնդմամբ, շատ ավելի էժան է ու ավելի որակյալ:

 

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՄԻԱՅՆԱԿ Է

Օֆշորային սկանդալի «գլխավոր հերոս» Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, որն այս օրերին միայնակ բնակվում է «Պրոմեթեյբանկ»-ի կողմից աճուրդի հանված Բարբյուսի 11 հասցեում, առանձնատնից գրեթե դուրս չի գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդգարին ապրելու համար անհրաժեշտ սննդով եւ այլ իրերով ապահովում են նրա մի քանի մտերիմ ընկերները եւ հարեւանությամբ ապրող կանանցից մեկը՝ տիկին Սեդան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել եւ վնասել է ողնաշարը: Իսկ թե որտեղ են Աշոտ Սուքիասյանի կինը՝ Շուշանիկ Դավթյանը, եւ նրա դուստրը՝ Սվետլանա Սուքիասյանը, հարեւանները չգիտեն: Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ նշված առանձնատանն ապրում է միայն Էդգարը եւ տանից դուրս չի գալիս:
Հիշեցնենք, որ Սուքիասյանը ձերբակալվել է Վրաստանում Թուրքիայից ժամանելիս: Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է «արտահանձնման կալանքի»: Թեեւ նա հայտարարել էր, որ չի ուզում արտահանձնվել Հայաստան, սակայն ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնել էին, որ Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան՝ անկախ իր կամքից: Նախաքննությունը շարունակվում է:

 

ԱՎԼԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարի նախատեսել է գնել 60 հատ ավել եւ 50 հատ ցախավել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 432 հազար դրամ էլ նրանք այս տարի ցանկանում են ծախսել ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայությունների վրա: Մնում է հուսալ, որ դատախազությունը գոնե ցախավելներով կկարողանա մաքրել քրեական աշխարհը եւ կախտահանի հենց իր իսկ ներսում գործող «երկոտանի մակաբույծներին»: Այլապես այս ծախսերն արդարացված չեն լինի:




Լրահոս