ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔ ԲՈԼՈՐԻՑ
«Ուր բանքն սպառին եւ գործք թագավորէ». 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի այս ձեւակերպումն արդիական է նաեւ այսօր: Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ իշխանական քաղաքական ուժերը պետք է դիմեն իշխանափոխությանն ուղղված հստակ գործողությունների, այլապես «վաղն արդեն կարող է ուշ լինել»:
Եթե խոսքը դառնա գործ
Ինչպես հայտնի է, փետրվարի 15-ին կայանալու է ԲՀԿ համագումարը: Շատերի կարծիքով՝ այս համագումարը կարող է շրջադարձային լինել ԲՀԿ-ի համար: Բանն այն է, որ ԲՀԿ-ն այլեւս չի կարող շարունակել իշխանության եւ ընդդիմության միջեւ կրավորական կեցվածքը եւ պետք է հստակ կողմնորոշվի` ինքը որ ճամբարում է: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա համագումարի ժամանակ պետք է Գագիկ Ծառուկյանն անձամբ հստակ գնահատական տա ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, հստակ մատնանշի առկա խնդիրները լուծելու ճանապարհը եւ անցնի կոնկրետ գործողություների: Այլապես, եթե ԲՀԿ-ն շարունակի իր ներկայիս գործելաոճը, երբ մի կողմից ակտիվ համագործակցում է ընդդիմության հետ, բայց քննադատում ընտրողաբար` հիմնականում միայն կառավարությանը, իսկ մյուս կողմից, այնուամենայնիվ, իշխանությունների հետ պահպանում ակտիվ կապ, խորհրդարանական հաջորդ ընտրություններին ԱԺ մտնելու անցողիկ շեմն ապահովվելը նույնիսկ մեծ հաջողություն կլինի: Մանավանդ որ ակնհայտ է` իշխանությունները չեն ների ԲՀԿ-ին` կոալիցիա չմտնելու, Սերժ Սարգսյանին 2013թ. ընտրություններում չսատարելու, նույնիսկ` նրա երդմնակալությանը չմասնակցելու համար: Եվ որեւէ մեկը չի կասկածում` ամենահարմար պահի իշխանությունը պատրաստ է հոշոտելու եւ ունեզրկելու Ծառուկյանին: Վերլուծաբանների պնդմամբ՝ այսօր կարեւոր չէ, թե ԲՀԿ-ն ինչ անվան տակ հանդես կգա` ինքն իրեն կկոչի ընդդիմություն, այլընտրանք, կենտրոնամետ, թե մեկ այլ անունով. կարեւորը կուսակցության քայլերն են, թե առաջիկայում ինչ կանի ԲՀԿ-ն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի ներսում այս առումով բավական թեժ աժիոտաժ է սկսվել: Մի կողմից ԲՀԿ գործարար հատվածը, որ հանուն իր բիզնեսի շարունակում է իշխանությունների հետ ակտիվ կապ պահպանել, փորձում է ակտիվ լոբբիստական աշխատանքների արդյունքում ԲՀԿ-ին, այնուամենայնիվ, տանել դեպի իշխանություն: Իսկ ԲՀԿ քաղաքական թեւը, ըստ նույն աղբյուրների, շարունակում է պայքարել կուսակցությունն իշխանություններից վերջնականապես պոկելու համար: Չի բացառվում նաեւ, որ ԲՀԿ համագումարում ընտրված նոր քաղաքական խորհրդի անդամների թիվը կրճատվի, բացի այդ` զտվի իշխանական թեւից:
Նկատենք, որ ԲՀԿ-ի ներսում քաղաքական թիմն այս օրերին հասել է նրան, որ համագումարին հրավիրված չէ նաեւ Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, անախորժություններից խուսափելու համար առայժմ հրավեր չուղարկելով նաեւ մյուս ուժերին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ ներսում հակասական տրամադրությունների մասին խոսելիս նշեց. «ԲՀԿ ներսում կա մեկ տրամադրություն եւ դրանից բխող անհրաժեշտ գործողությունների հրամայական. Հայաստանին պետք են շրջադարձային փոփոխություններ, դա են ցանկանում նաեւ ՀՀ քաղաքացիները, ուստի պետք է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով: Իսկ եթե կուսակցության ներսում կան այնպիսիք, ովքեր վստահ չեն, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, ապա ԲՀԿ-ն իրենց տեղը չէ»: Շաբաթ օրը, թերեւս, վերջնականապես պարզ կդառնա` որ ուղղությունը կընտրի Գագիկ Ծառուկյանը:
Պայքար, պայքար մինչեւ վերջ
Չնայած խորհրդարանում ոչ իշխանական չորս խմբակցությունների միջեւ համագործակցությունը կարծես թե ստացվում է, սակայն ակնհայտ է` ԱԺ-ում պայքարը բավական չէ ռեալ արդյունքներ գրանցելու համար, եւ հարկավոր է նաեւ փողոցի ճնշումը: Մարտի 1-ին նախատեսված է ՀԱԿ հանրահավաքը: Ու հիմա այս քաղաքական ուժը կանգնած է հստակ խնդրի առաջ: Վերլուծաբանների կարծիքով՝ ՀԱԿ-ը մարտի 1-ի հանրահավաքով պետք է գործողությունների հստակ ծրագիր առաջարկի` հրապարակելով հետագա պայքարի իր ճանապարհային քարտեզը: Առավել եւս, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի առիթով հայտարարել է, թե ՀԱԿ-ը սովորաբար հանրահավաքներ հրավիրել է կա՛մ քաղաքական նոր գործընթաց սկսելու, կա՛մ արդեն իսկ սկսված գործընթացը վառ պահելու համար: Ու հիմա, թերեւս, ՀԱԿ հանրահավաքից շատերն են ակնկալում քաղաքական նոր գործընթացի մեկնարկ, այլապես մարդկանց մոտ հիասթափությունն ու անելանելիության զգացումը կխորանա` իր բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ: ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժը պատրաստ է անել այն պատվերը, որ մարտի 1-ի հանրահավաքում կիջեցնի ժողովուրդը: Այս առումով նա կարեւորեց հանրահավաքի մարդաշատությունը: «Մեր քայլերը համահունչ կլինեն ժողովրդի կամքին»,-ասաց նա` վստահեցնելով, որ այսօր խնդիրներն այնքան շատ են, հասարակության դժգոհությունն այնքան մեծ է, որ քաղաքական ուժերին հաստատ կիջեցվի համապատասխան պատվերը:
88-ի նմանությամբ
Ի դեպ, ոչ իշխանական ուժերն էլ են գիտակցում` Հայաստանում օրեցօր ավելի է խորանում իշխանությունների հանդեպ դժգոհությունը: Արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպում մարդիկ, որոնք մինչ այս անտարբեր էին քաղաքականության եւ ընդհանրապես երկրում տեղի ունեցող իրադարձությունների, առկա խնդիրների նկատմամբ կամ գերադասում էին դժգոհել տանը` պատերի ներսում: Ու հիմա անգամ իշխանական որոշ շրջանակներ իրենք են գիտակցում` ՀՀ-ին անհրաժեշտ են փոփոխություններ, եւ որքան արագ, այնքան լավ: Այնպես որ, ժողովրդի ամենատարբեր շերտերի մոտ գնալով աճում է դժգոհությունը, եւ նրանք պատրաստ են փողոց դուրս գալ, եթե տեսնեն, որ կա իրենց առաջնորդելու պատրաստ ուժ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԷԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը համացանցում գրել է, որ «Յունիբանկ»-ի հսկիչ փաթեթը եւս ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին է պատկանում: Երեկ փորձեցինք Մ. Տեր-Առաքելյանից պարզել, թե իրեն որտեղից է հայտնի, որ Հովսեփյանը սեփականատեր է: Տեր-Առաքելյանը հայտարարեց, թե ինքը տարբեր խոսակցություններ է լսել տարբեր տեղերից. «Լրատվամիջոցներում եմ կարդացել, ուղղակի այժմ չեմ կարող հիշել, թե որտեղ էր, քաղաքում շրջանառվող տեղեկություններն այդպիսինն են»: Սակայն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մամլո խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա:
ԲԱՑ ՔԵՖ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու բակում Տյառնընդառաջի առթիվ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել համայնքի բնակիչների համար: Բոլորով միասին «թռել են» կրակի վրայով՝ չար ու փորձանքից հեռու մնալու մաղթանքներով: Մնում է սպասել հետեւանքներին:
ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում, հիշեցնելով օլիմպիադայի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մասին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների կողմից տրված հավաստիացումները, նշվում է, որ Ադրբեջանը խախտում է օլիմպիական հրադադարը. «Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները կա՛մ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կա՛մ սահմանագծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են»: Հայտարարության մեջ նաեւ մանրամասն տվյալներ են ներկայացված անցած օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման պարբերականության եւ հնչած կրակոցների մասին: Նաեւ ընդգծված է, որ հայկական կողմը, հարգելով ավանդական օլիմպիական զինադադարը, զերծ է մնում պատասխան գործողություններից:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Երեկ իր ֆեյսբուքյան էջի վրա սպառնալից նամակներ է ստացել լրագրող Թեհմինե Ենոքյանը: Այն բանից հետո, երբ նա իր անձնական էջում տեղադրել է ՀԱԿ ակտիվիստներին խոչընդոտած որոշ ՀՀԿ-ականների լուսանկարներ, նրան սկսել են զգուշացնել, որ դրանք ջնջի իր էջից: ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը, մասնավորապես լրագրողին գրել է. «Հիմա քո դուրը կգա՞, որ քո նկարները ֆոտոշոփ անեմ Անժելա Սարգսյանի նկարների պես տարածեմ ինտերնետում, դուրդ չի գա, քանի որ դու էտ մարդը չես, նկարս ջնջի, ես էլ եմ մարդ: Ուրեմն այ անբարոյական, կհանդիպենք դատարանում եթե գրում ես հանցագործ ես, ուրեմն տակից դուրս կգաս: Հա մեկ էլ սպասի շուտով քո նկարները ինտերնետում կտենաս կապացուցի պոռնիկ լինելդ»: ՀՀԿ-ականը նաեւ սպառնացել է, «թե ընտանիքդ է, դե դու բռնվի»: Լրագրողը պատրաստվում է դիմել ԱԱԾ` հնչեցված պոռնոգրաֆիայի սպառնալիքի հեղինակին բացահայտելու պահանջով:
ՃԻՇՏ ԱՌԱՋԱՐԿ
Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` կոչ անելով ԼՂՀ իշխանություններին հարկային համաներում իրականացնել: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական ակտիվության նվազումը ծանր ազդեցություն ունեցավ նաեւ արցախյան տնտեսվարողների վրա: Հատկապես փոքր ու միջին բիզնեսի, որի շատ ներկայացուցիչներ հայտնվել են եւ հայտնվելու են ոչնչացման հեռանկարի առջեւ: Այս միտումից խուսափելու եւ տնտեսվարողներին աջակցելու նպատակով «Ազգային վերածնունդ» կուսակցությունն Արցախի կառավարությանը կոչ է անում իրականացնել հարկային համաներում, ներել առկա հարկային տույժերն ու տուգանքները եւ չվճարած հարկերի համար ողջամիտ ժամանակահատվածով մարման ժամանակացույց մշակել»:
ԵԹԵ ՊԱՐԶՎԻ, ԱՊԱ ԻՀԱՐԿԵ
Նախօրեին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստներից լրագրող Անի Գեւորգյանը հայտարարել է, որ իրեն հարվածել են ոստիկանությունում եւ խլել հեռախոսը: Հարվածողն էլ եղել է բարձրաստիճան ոստիկան: Արձագանքելով հիշեցմանը, թե Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ խոստացել էր, որ այսուհետ ոստիկանությունում որեւէ մեկին չեն ծեծելու, իսկ նման բան անողը ոչ միայն կհեռացվի համակարգից, այլեւ կպատժվի անձամբ իր կողմից, ՀՀ ոստիկանապետի մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանն ասել է. «Մենք այդ հայտարարությանը տեղյակ ենք, այն ուսումնասիրության կարիք ունի: Դեռ պիտի պարզվի՝ նման բան կա, թե չէ»: Նա նաեւ վստահեցրել է՝ եթե պարզվի, որ իրոք բռնություն է կիրառվել, ապա դրա համար մեղավորը կպատժվի: