ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-Ն ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ

Երեկ աննախադեպ բան է տեղի ունեցել. ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ հայտարարություն են տարածել ընդդեմ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի: Վերջինս պարբերաբար հանդես է գալիս ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ուղղված քննադատությամբ՝ մերկացնելով համակարգի բացերը:
ԱԱԾ-ականները հայտարարությամբ լրագրողներին հորդորել են ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել ԱԱԾ կամ վետերաններին. «Աստծո սիրո, մի՛ նշեք, որ նա մեր ծառայակիցն է եղել թեկուզ մի քանի ամսով, այն չափազանց վիրավորական է մեզ համար»:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության գնդապետի կոչումով ԱԱԾ աշխատանքի անցած Գ. Եղիազարյանին ներկայացրել են որպես «միլիցիոներ», որը «ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ ԱԱ պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ եւ այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում` նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները: Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների եւ այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը»:
ԱԱԾ աշխատակիցները անդրադարձել են արդեն հրապարակված մի թեմայի, համաձայն որի` Եղիազարյանը ապարանցի մի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո իրենց ցուցումներ է տվել. «Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից` նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է եւ չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից` ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում, որը մեր հաստատությունում բնավ ընդունված չէ: Գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին եւ ննջում բազկաթոռին: Ռազմաարդյունաբերական համալիրները սպասարկող ազգային անվտանգության աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանը կարգադրում էր աշխատել միայն համալիրի տնօրենի քարտուղարուհու հետ, իսկ մնացած միջոցներն ու մեթոդները անհուսալի ու ավելորդ էր համարում: Եվ այս մարդը մեզ սովորեցնում է լրտեսների հետ «պայքարելու» ձեւերը»:
ԱԱԾ աշխատակիցները նաեւ լրջագույն մեղադրանք են ներկայացրել Եղիազարյանին՝ բարձրաձայնելով. «Նա կարող էր մեկուսարանում ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել եւ դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Գուրգեն Եղիազարյանն այդ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին: Գուրգեն Եղիազարյանը, ընկնելով մտացածին սենսացիաների ետեւից, անգամ փորձեց կուսակցություններից մեկի դեմ ստեղծել շինծու, վարկաբեկիչ փաստեր` սուտը ճշմարտության տեղ մատուցելով: Մեծ դժվարությամբ հաջողվեց կասեցնել գործընթացը: Նրա պարզունակ ուղեղը այդպես էլ չընկալեց, որ ազգային անվտանգությունը ունի գործունեության որոշակի առանձնահատկություններ եւ կանոններ, պահանջում է մասնագիտական որակներ ու հմտություններ: Նրան հասու չեղավ, որ այս ոլորտում յուրաքանչյուր չմտածված «նորամուծություն» կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար: Այժմ էլ իր կենսագրության նշյալ 7-8 անփառունակ ամիսները Գուրգեն Եղիազարյանն ուռճացնում է եւ ներկայանում որպես ազգային անվտանգության «պրոֆեսիոնալ» ու երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյա, ով իբր տիրապետում է համակարգի նրբություններին ու գործելաոճին: Հասկանալի է, որ դրանով նա փորձում է ինչ-որ կերպ կարեւորել իր անձը եւ ազգային անվտանգության համակարգի մասին պատկերացում չունեցող իր գործընկերների մոտ լուրջ մասնագետի տպավորություն թողնել: Իրականում նա ինչ չափով առնչություն ունի Ազգային անվտանգության համակարգի հետ եւ արդյոք ունի բարոյական իրավունք խոսելու ազգային անվտանգության համակարգի շուրջ` պարզ է դառնում վերոշարադրյալից: Ինչ վերաբերում է նրա ներկայիս «գործունեությանը», ապա ժամանակին պատասխանատվության չենթարկվելը, ըստ երեւույթին, նրան ամենաթողության պատրանքով է համակել եւ պատուհաս դարձրել հանրության համար»:
Անդրադառնալով այս հայտարարությանը` Եղիազարյանն ասել է` «մարդ կա, որ քո դեմ մի բան վատ է խոսում, դա քեզ միայն պատիվ է բերում», ապա մանրամասնել, որ հենց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է եղել «չեռնյաշկան-պլանից» չտարբերողը: Իսկ ինչ վերաբերում է իրեն տրված «հիվանդ երեւակայություն» բնորոշմանը, ապա նա այս առիթով aravot.am-ին հայտնել է. «Հիվանդ երեւակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը ես թույլ տվեցի, նույնիսկ միջնորդեցի, որ մնա համակարգում: Սրա հետ համաձայն եմ: Եթե խնդիրներ առաջացան իմ անփառունակ գործունեության պատճառով, այդ ինչպե՞ս եղավ, որ իմ գնալուց երկու ամիս հետո Գորիկը գեներալի կոչում ստացավ, չէ՞ որ այդպես նկարագրված համակարգը լրիվ պիտի քանդված լիներ»:
Հ.Գ. Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համացանցում այս առիթով բավականին ուշագրավ գրառում էր արել. «Ժողովուրդ ջան, ասում եմ հնարավո՞ր է մի ընթացք հետո ԱԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ «ԲԱՑԱՀԱՅՏԵՆ», որ իրենց նախկին պետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԾԱԿՎՈՂ» է եղել, իսկ ներկայիս պետ ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ «ՈՒՌՈՂ»…»:

Թ. Մ.

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՈՎ

2013-ի նախագահական ընտրությունների շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ առաջարկել էր կազմակերպել ՀՀ 3 նախագահների հանդիպումը: Առաջարկը, իհարկե, այդպես էլ առաջարկ մնաց, ինչպես եւ Ր. Հովհաննիսյանի մյուս «ծրագրերը», որոնք հօդս ցնդեցին հայտնի աղոթքից հետո: Սակայն դրա փոխարեն երեկ տեղի է ունեցել կրկին 3 բարձրաստիճան պաշտոնյաների մեկ այլ հանդիպում:
Խոսքը նախկին արտգործնախարարների մասին է, իսկ Ր. Հովհաննիսյանի հետ կապն այն է, որ հանդիպմանը ներկա են եղել բոլոր նախկին ԱԳ նախարարները՝ բացի Ր. Հովհաննիսյանից: Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահան Փափազյանը խոսել են տարբեր հարցերի շուրջ, սակայն հատկապես ուշագրավ էին միշտ եվրոպական կողմնորոշմամբ աչքի ընկած, բայց ռուսամետ ԲՀԿ-ում հայտնված Վ. Օսկանյանի դատողությունները Մաքսային միությանն անդամակցելու եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Փաստորեն, երկար տարիներ պահանջվեցին, որպեսզի նախկին արտգործնախարարը հասկանա, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նույն հարթության վրա չեն, եւ դա գալիս է Հայաստանում տիրող ներքին քաղաքական իրավիճակից: Ավելի հավանական է, որ նախկինում էլ էր գիտակցում, սակայն դա նրան բնավ չխանգարեց անդամագրվել «այլընտրանքին»՝ փաստորեն չունենալով գաղափարական ընդհանրություն, որովհետեւ «այլընտրանքի» դեպքում ընդհանրությունները ավելի շատ պայմանավորվում են Ռոբերտ Քոչարյանի գործոնով:
Վարդան Օսկանյանը հանդիպման ժամանակ չի մոռացել նաեւ շեշտել. «Մենք այսօր մի կուսակցական համակարգ ունենք, եկե՛ք արձանագրենք՝ սովետական շրջանից շատ բան չի փոխվել: Մյուսներն ասում են՝ ազատ են, կարող են ազատ գործել, բայց երբեք չեն կարող իշխանություն լինել»: Իհարկե, բոլորի աչքերի առաջ ժողովրդավարություն խաղալու, բայց իրականում մի կուսակցական համակարգ ունենալու տենչանքը առկա է, սակայն ոչ միայն Սերժ Սարգսյանի մոտ: «Այլընտրանքն» էլ նույն հաջողությամբ կարող էր դառնալ միակ դե ֆակտո կուսակցությունը Քոչարյանի համար:
Ալեքսանդր Արզումանյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ-ն միշտ էլ փորձեր արել է Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու, սակայն ապարդյուն: Իսկ կուսակցական հակակշռի բացակայության եւ միակուսակցականության մասին Արզումանյանն Օսկանյանին հիշեցրել է, որ ԲՀԿ-ն նույնպես միակուսակցականի հետեւանք է, եւ «ՀՀԿ-ն որոշել է իր կշիռը բաշխել երկու զամբյուղում»:
Իսկ Վահան Փափազյանը սեպտեմբերի 3-ի որոշումն անկախության կորուստ չի համարում եւ գտնում է, որ միշտ էլ շտկելու հնարավորություն կա:

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

 

ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ

Երեկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներից մի քանիսը կրկին հանդիպել են նախագահի նստավայրի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ: Վերջինս նրանց տեղեկացրել է, որ համապատասխան մարդիկ զբաղված են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` նախօրեին խոստացած մեկ ամսվա աշխատավարձի հայթայթման գործով, իսկ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական պատասխանի եւ մյուս՝ պարտք մնացած ամիսների աշխատավարձերի վճարման հարցով նորից զբաղվում են: Սակայն նաիրիտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեցին, որ վճռական են տրամադրված. «Եթե մենք փետրվարի 20-ին աշխատավարձ չստանանք կամ չունենանք կառավարության համապատասխան որոշում` գործարանի հետագա ճակատագրի հետ կապված, ապա մենք նորից դուրս ենք գալու նախագահական՝ բողոքի»:

 

ԿՎԵՐԱՆԱՅԻ՞

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը չի աշխատում, քանի որ գազամատակարարումը դադարեցված է: Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ամիսներ առաջ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը բարձրաձայնել էր, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժիկ Մոսեսյանն այսօր նամակ է հանձնելու Սերժ Սարգսյանի աշխատակազմին: «Պահանջում ենք, որպեսզի նախագահն այս հարցին լուծում տա: Թող վերանայեն, տեսնեն, թե ինչու են ավել հաշվում: Ես պատրաստ չեմ մեկ կոպեկ ավել վճարել: Մասնագետներ ենք հրավիրել, որպեսզի իրենք էլ խորը ուսումնասիրեն այս խնդիրը: Իսկ դատարան հայց ներկայացնելու մասով դեռ նյութեր են նախապատրաստում»,-տեղեկացրեց գործարանի տնօրենը՝ ընդգծելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից այս ընթացքում դեռ ոչ մի արձագանք չկա:




Լրահոս