ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԶԵՐ

 

ԽԱՌԸ ՊԱՏԿԵՐ

Ինչպես հայտնի է, 2014թ. հունվարի 24-ին ՀՀ ՍԴ-ն որոշում էր կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին: 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը՝ կենսաթոշակային ֆոնդի եւ դրա կառավարչի ընտրությանը: Չնայած ՍԴ-ի վերոհիշյալ որոշմանը` Տավուշի մարզի դպրոցներում աշխատողների հունվար ամսվա աշխատավարձերից պահվել է 5%-ը: Նույնը կատարվել է նաեւ մարզի համայնքապետարանների մեծ մասում: Նոյեմբերյանի շրջանի Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանն ասաց, որ իրենց համայնքապետարանում աշխատում է 1974թ. հետո ծնված 5, համայնքապետարանին ենթակա հիմնարկներում՝ այդ տարիքի 4 աշխատակից, որոնց աշխատավարձերից կենսաթոշակային հաշվին պահումներ են արվել: «Մենք դեմ չենք այդ օրենքին, չէ՞ որ յուրաքանչյուր աշխատողի համար պետությունն իր կողմից կենսաթոշակային հաշվին եւս 5% հավելում է կատարում»,-ասաց Ա. Գաբրիելյանը: Իսկ սահմանամերձ Ոսկեպարի եւ Ջուջեւանի համայնքապետարաններում երիտասարդ աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձերից կենսաթոշակային հաշվի համար պահումներ չեն արվել: Հավելենք, որ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ՀՀԿ, իսկ Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը ՀՅԴ անդամներ են:

 

ՔԻՉ ԲԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է 2012թ. դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Իջեւանի ոսկյա իրերի խանութից ոսկյա զարդերի գողության գործով դատավարությունը: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Իջեւանի բնակիչ Գագիկ Սարգսյանը, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Մհեր Խլղաթյանի հետ, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք է գործել ոսկյա իրերի խանութ-սրահ եւ գողացել 50 մլն դրամի ոսկյա զարդեր: Գ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողությունը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով), նա գտնվում է կալանքի տակ: Սույն հոդվածով նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իսկ Մհեր Խլղաթյանը փախուստի մեջ է: Նկատենք, որ 50 միլիոն դրամ գնահատված գողոնից գրեթե ոչինչ ներկայացված չէ: Որպես իրեղեն ապացույց` դատարան են բերվել հետեւյալ առարկաները` «երկաթյա լոմիկ, դեղին մետաղից վզնոց` իր խեցգետնե կախազարդով, դեղին մետաղից մատանի, արծաթագույն խաչ, 1 հատ Մոսկվայի 800 տարվա, 1 հատ Հայրենական մեծ պատերազմի 50 տարվա կրծքանշաններ, 6 հատ ամաններ եւ 2 հատ կողպեք»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է

Փետրվարի 12-ի դրությամբ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում նվաճած մեդալների հաշվարկով առաջատարը Գերմանիան էր. 8 մեդալ, որից 6-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 1-ը՝ բրոնզե։ 4-ական ոսկե ու արծաթե, 2 բրոնզե մեդալ են նվաճել կանադացիները։ Առաջատար տասնյակում են Նորվեգիան, Հոլանդիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Ավստրիան Սլովենիան, Ֆրանսիան։

 

ԱՐՈՆՅԱՆ-ԱՆԱՆԴ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Մարտի 11-ից 30-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք ուժեղագույնների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Հատկանշական է, որ վերջին շրջանում փայլուն մրցելույթներ ունեցող հայ գրոսմայստերը Ցյուրիխում կայացած գերմրցաշարի շրջանակում աշխարհի նախկին չեմպիոնի հետ անցկացրած երեք պարտիաներում էլ հաղթել էր:
Մրցաշարն անցկացվելու է ութ գրոսմայստերների մասնակցությամբ, իսկ դրա հաղթողն իրավունք կստանա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ պայքարել համաշխարհային գահի համար:

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ

Իսկ ահա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է ութ հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր հավաքականի պատմության ընթացքում:
Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը, որին մարտի 5-ին հյուրընկալվելու է մեր երկրի հավաքականը, պահպանել է 22-րդ տեղը:

 

«ՍՊԱՐՏԱԿ»-Ի ԼԵԳԵՆԴՆԵՐԸ

Մոսկվայի «Սպարտակ»-ի նոր մարզադաշտի կառուցման գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Շիշլոն նշել է, որ մարզադաշտի տարածքում նախատեսվում է տեղադրել «կարմրասպիտակավունների» լեգենդար խաղացողների արձանները, ինչպես նաեւ բացել ակումբի թանգարանը: Խոսքը Նիկիտա Սիմոնյանի, Իգոր Նետտոյի, Ստարոստին եղբայրների եւ այլ հռչակավոր խաղացողների մասին է: Ակումբի մարզադաշտի բացումը ծրագրված է այս տարվա հուլիսի 23-ին, իսկ արդեն հաջորդ օրն այնտեղ առաջին խաղն է անցկացվելու։ 42 հազար հանդիսականի համար նախատեսված այդ մարզադաշտում կանցկացվեն նաեւ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության մի քանի հանդիպումներ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս