ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՐԲ ՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԿԼԻՆԻ, ԿՄՏԱԾԵՄ»

Երեւանի մնջախաղի պետական թատրոնը չունի սեփական տարածք եւ ամեն հինգշաբթի հանդես է գալիս Պատանի հանդիսատեսի թատրոնի վարձակալած դահլիճում։ Թեեւ թատրոնի շենքի կառուցման համար տարածք էր հատկացվել, սակայն մինչ օրս շինարարությունը սկսված չէ: Ի վերջո, այդ բազմաչարչար խնդիրը գոնե այս տարի կլուծվի՞։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը դրանում համոզված չէ։
-Նույնիսկ շենքի ամբողջական նախագիծն էր պատրաստ, բայց ոչինչ չստացվեց. խնդիրներ առաջացան այն կազմակերպությունների եւ բնակիչների հետ, ովքեր այդտեղ տարածքներ ունեին։ Մեկի պատուհանն էր փակվում, մյուսի՝ պատշգամբը։ Հիմա երկու այլ առաջարկներ են քննարկվում։
-Նորից Հյուսիսային պողոտայո՞ւմ։
-Այո՛։
-Բայց թատրոնը գործում է, վերջերս եք վերադարձել Իրանից։
-Իրանում ամեն տարի անցկացվում է «Ֆաջր» թատերական փառատոնը, որին մենք էլ էինք հրավիրված։ Իրենց ընտրած ներկայացումը խաղացինք, իհարկե, որոշ խմբագրումներ կատարելով՝ կապված աղջիկների հագուկապի հետ։ Դա առանձնապես չանդրադարձավ ներկայացման որակի վրա, եւ այն շատ լավ ընդունվեց, որովհետեւ, բնական է, նաեւ թարգմանության խնդիր չկար։
-Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի թեկնածուների թվում նշվում է նաեւ Ձեր անունը։ Ընդ որում, արձագանքները հիմնականում դրական են։ Նման առաջարկ եղե՞լ է։
-Երբ որ առաջարկը լինի, անպայման կմտածեմ այդ մասին. ծանրութեթեւ անելու լուրջ խնդիր կա։ Դա կրթական պրոֆեսիոնալ շատ լուրջ ոլորտ է, ու չես կարող առաջնորդվել միայն մոտավոր պատկերացումներով, ինչը հաճախ մեր հասարակությունը դրսեւորում է։ Բայց նման առաջարկ չի եղել։
-Դուք դասավանդում եք այդ բուհում, շրջանավարտները համալրո՞ւմ են մնջախաղի թատրոնի կազմը։
-Թատերական ինստիտուտում դասավանդում եմ երկար տարիներ, ունեմ մնջախաղի կուրս։ Ի դեպ, մոտ 20 տարի առաջ առաջին անգամ այնտեղ մնջախաղի կուրս բացվեց (այն մեկ ուրիշն էր ղեկավարում), որը գործեց մինչեւ 2004 թվականը, երկու անգամ շրջանավարտ տվեց, բայց նրանցից ոչ մեկը չեկավ մեր թատրոն։ Այդ կուրսը փակեցին, եւ ես՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, միջամտեցի, ու Սոս Սարգսյանն ինձ առաջարկեց ղեկավարել այդ կուրսը, որպեսզի թատրոնի հետ անմիջական կապ լինի։ Եվ հենց այդ շրջանավարտներն են համալրում մեր թատրոնը։
-Այս տարի անցկացնելո՞ւ եք Ծաղկաձորի՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը։
-Այո՛։ Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ՝ օգոստոսի 10-15-ը։ Ժողովուրդը շատ է սիրում Լեոնիդին, եւ դա շատ լավ է, բայց անհրաժեշտ է իմանալ, որ Ծաղկաձորի փառատոնը ոչ թե նվիրված է Լեոնիդ Ենգիբարյանին, այլ պարզապես նրա անունն է կրում։ Դա արել ենք, որ նրա անունը միշտ մնա, պրոպագանդվի եւ իր, այսպես ասած, հովանու, ստվերի ներքո անցնի փառատոնը։ Հնարավոր է՝ իրեն վերաբերող բան չլինի, բայց լինեն հրաշալի թատերախմբեր եւ մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, մեր մոտից….
-Իսկ նրա ծննդյան օրը՝ մարտի 15-ը, ինչ-որ կերպ նշո՞ւմ եք։
-Մենք ամեն տարի խաղաշրջանն սկսում ենք մարտ ամսին, բայց միայն հինգշաբթի օրերին ենք կարողանում խաղալ Պատանի հանդիսատեսի վարձակալած դահլիճում։ Երբեմն խաղաշրջանի բացման օրն է համընկնում Լեոնիդի ծննդյան օրվա հետ, երբեմն՝ ընթացիկ որեւէ ներկայացում։ Օրինակ` այս տարի հինգշաբթի օրը՝ մարտի 13-ին, պիտի բացենք թատերաշրջանը եւ, բնականաբար, ներկայացումը նրան կնվիրվի, որը լավ սկիզբ կլինի թատրոնի համար։
-Եկող տարի Ենգիբարյանի 80-ամյակն է, սակայն փառատոնի տարի չէ։ Ինչ-որ բան նախատեսո՞ւմ եք կազմակերպել։
-Չգիտեմ՝ այդ տարի փառատոն կլինի, թե ոչ։ Դա ես չեմ որոշում. ֆինանսական հնարավորությունները պետք է թույլ տան։ 80-ամյակը նշելու հարցը, կարծում եմ, պետք է առանձին քննարկենք։ Հույս ունեմ, որ մինչ այդ կրկեսը կբացվի, հարցը կընդգրկվի կառավարական համապատասխան հանձնաժողովի կազմում, ու մի հետաքրքիր միջոցառում կկազմակերպվի։ Ես նաեւ մի ցանկություն ունեմ, որը չկարողացա իրականացնել։ Կարծում եմ՝ եկող տարի կհաջողվի հրատարակել Ենգիբարյանի նովելների ամբողջական ժողովածուն՝ եռալեզու. ռուսերեն, ինչպես ինքը գրել է, հայերեն ու նաեւ անգլերեն, որպեսզի Լեոնիդը պրոպագանդվի նաեւ դրսում։ Շատ կուզեի, որ մի ամբողջական հատոր հրատարակվեր։

 

 

 

 

 

 
«ՈՎ ՁԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ՁԵԶ ՀԵՏ Է»

«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը համոզված է, որ մենք՝ հայերս, առաջին հերթին պետք է ընդունենք, պահպանենք մեր ավանդույթները, ծեսերը։ Դա վերաբերում է նաեւ Սուրբ Սարգսի տոնին։
-Չեմ ասում՝ չսովորեն, չիմանան այլ ազգերի սովորույթները, տոները, բայց խորհուրդ կտամ իմանալ, կատարել առաջին հերթին մեր ծեսերը։ Իսկ Սուրբ Սարգիսը եղել է մեր սրբերից ամենազորեղը, ով ժամանակին եղել է հերոս, մարտիկ, սպարապետ, հետո, փորձությունների մեջ ընկնելով, տեսնելով այդ ամեն ինչը, հասկացել է, որ մարդ սպանելը, մարդուն, նրա կամքին բռնանալը մեղք է։ Ի վերջո, Աստված ամեն մի ազգի, ժողովրդի տվել է մի պետություն, կարգավիճակ, որ ապրի, ոչ թե բռնանա, սպանի։ Եվ Սուրբ Սարգիսը, Աստծու տված շնորհներն ընկալելով, ինչպես, ասենք, մեր Նարեկացին, հասկացել է, որ պետք չէ նման արարքներ անել, որովհետեւ բոլորս որպես դատաստան, վերջիվերջո, երկնավոր Հոր մոտ ենք գնում։
-Իսկ Վալենտինի տոնի մասին ի՞նչ կասեք։
-Դա էլ սիրո, նորապսակների հետ կապված տոն է, որ նշվում է միջազգայնորեն։ Դա էլ Սեր է։ Բոլոր ազգերը, մարդկությունն ընդհանրապես ունեն իրենց ավանդական սովորույթները, իրենց աստվածը, իրենց նվիրումը առ Աստված։ Մի խոսքով, առաջինն ընդունենք, իմանանք մերը, հետո՝ ուրիշներինը։ Աստված ասաց՝ ով ձեզ չի խանգարում, ձեզ հետ է։
-Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 15-ին, իսկ մինչ այդ՝ Տյառնընդառաջը։
-Տյառնընդառաջը եկեղեցում նշվում է փետրվարի 13-ի երեկոյան (Լուսնի ժամով են հաշվել). 5-ն անց 30 ժամերգությունն է, հետո ավագ քահանայի հետ դուրս են գալիս բակ, եթե նորապսակներ կան, ավագ քահանան կամ նորապսակը վառում են խարույկը, երեք շրջան պտտվում, հետո երգում են, պարում։ Ու եկեղեցում նաեւ արվում է անդաստան, հաղորդվում է ամբողջ տիեզերքը, մարդկությունը, որ չարիքներից ազատվեն, չար գործեր չարվեն։ Դրանից հետո մարդիկ մոմի լույսերը տանում են իրենց տները, վառում իրենց օջախների, այսպես ասած, ճրագը կամ իրենց խարույկները։ Իսկ փետրվարի 14-ին արդեն այդ տոնը ժողովուրդն է նշում ամբողջությամբ։ Եթե նորապսակներ կան, նրանց են այցելում կնքահայրը, կնքամայրը, բերում նվերներ, կրակը վառում, նրա շուրջ պտտվում, ու միայն դրանից հետո սկսվում է խնջույքը։ Իսկ կրակի վրայով ցատկելու իմաստը, ըստ ժողովրդական ասացվածքի, հետեւյալն է՝ իմ դեղնությունը քեզ, քո կարմրությունը ինձ, այսինքն՝ մարդկային հիվանդությունը տալիս են կրակին, իսկ կրակը, նրա ջերմությունը վերցնում իրենց։ Նախկինում նաեւ կրակի մոխիրը շաղ էին տալիս տանիքից ներս, որպեսզի տան բերքուբարիքը շատ լինի։ Տան կտուրներից հրացանով կրակում էին, եւ որ կողմ փախչում էին շները, այդ կողմից էլ սպասվում էր բերրիությունը։ Ժողովուրդն ունի իր ժողովրդական, եկեղեցին՝ իր խորհուրդ արարողությունը, բայց դրանք անջատ չեն կարող լինել, մի բնություն են դառնում։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 
ԱՂՄՈՒԿ` ՈՉՆՉԻՑ

Էպատաժը հատուկ մտադրված ու մշակված, խիստ ցնցող երեւույթ է, որով որոշ գործիչներ փորձում են մեծ աղմուկ բարձրացնել՝ իրենց գործունեությունը հակադրելով հասարակության կողմից ընդունված սոցիալական կամ բարոյական նորմերին:
«Նիմֆոմանուհի» ֆիլմի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի համար էպատաժային մոտեցումները նորություն չէին, եւ նա կարողացավ այնպիսի քաղաքականություն վարել, որ ֆիլմի վարկանիշը ֆիլմից մի քանի մղոնով առաջ անցավ: Իհարկե, ֆիլմի էրոտիկ պատկերներն ու ցենզուրայից դուրս դրվագները պետք է առաջացնեին հասարակության կոնսերվատիվ շրջանակների դժգոհությունը: Հենց այս երեւույթի վրա էլ խաղադրույք էին իրականացրել ռեժիսորն ու պրոդյուսերները:
Հայ հասարակության համար արդեն բնավորության գիծ դարձած խայծ կուլ տալու եւ մարսելու հատկությունն այս անգամ եւս գերազանցեց բոլոր չափանիշները: «Սինեմասթար» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրության արգելումից հետո միանգամից իրար խառնվեցին քաղաքացիական ակտիվիստները, այնուհետեւ ակտիվիստների գրառումներով սնվող կայքերն ու լրագրողները, եւ ստեղծվեց մի այնպիսի մթնոլորտ, որ կարծես թե խնդիրը վերաբերում է ազգային արժանապատվությանը: Եթե էկրաններին արգելեին ցուցադրել «Նժդեհ» ֆիլմը, դժվար թե նման աղմուկ բարձրանար:
Մյուս կողմից էլ, մշակույթի ցանկացած ստեղծագործություն արգելելը ռեպրեսիվ մտածողության դրսեւորում է, որը խոսում է տվյալ հասարակության սահմանափակ մտահորիզոնի եւ պատկերացումների մասին:
Չգիտեմ` կինոարտադրողները, մի քանի հազար հայ կինոդիտող կորցնելով, շատ կտխրեն, թե ոչ, բայց որ շատ հայեր սպասում էին ֆիլմի պրեմիերային, փաստ է: Հայաստանում ֆիլմը ցուցադրել արգելողները երեւի թե չէին էլ մտածել, որ իրենց բարոյախրատական գործողությունները հակառակ ազդեցությունն են թողնելու, եւ մեկ ամիս անց, երբ ֆիլմը հայտնվի համացանցում, հետաքրքրասեր հայերը մանրամասնորեն դիտելու են այն, եւ կինոդիտողների բանակին են միանալու նաեւ նրանք, ովքեր մինչ այդ գաղափար անգամ չունեին ֆիլմի մասին եւ տեղեկացան միայն արգելքի աղմուկից հետո:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՍԱՅԱՆ




Լրահոս