ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Նորք-Մարաշ վարչական շրջանում
Երեկ աշխատողների եւս մի խումբ նախաձեռնել էր բողոքի ցույց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Ժամը 11:00-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ընկերության վարչական շենքի դիմաց՝ հետ պահանջելով իրենց աշխատավարձերից պահված գումարները: Բայց, չնայած օր օրի ավելացող բողոքի ցույցերին, իշխանությունները, իրենց սովորության համաձայն, ոչ մի խելամիտ քայլ չեն ձեռնարկում:
ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժն ի՞նչ ժամկետում կարող է կիրառվել: Սահմանված ժամկետ կա՞, թե՞ ոչ:
Մարինե Միքայելյան (34 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ տարբեր հիմնարկների տնօրեններ հաճախ չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը` անհիմն պատճառաբանություններով կարգապահական տույժեր նշանակելով աշխատակիցների նկատմամբ: Այդուհանդերձ, զերծ մնալու համար նման անախորժություններից, հարկ է, որ աշխատակիցները լինեն առավել բարեխիղճ:
ՀԱՐՑ. Ես 80 տարեկան եմ, 2-րդ կարգի հաշմանդամ: Մեր տարածքային սոցապ բաժնում ինձ չեն հերթագրում ավանդ ստանալու համար: Պատճառաբանում են, թե փարոսի անդամ չեմ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք ես չեմ կարող ստանալ իմ հասանելիք ավանդը:
Դերոյան Մանուկ Մկրտչի (թոշակառու, 80 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ 2014թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց՝ կառավարության սահմանած կարգով:
Առաջիկայում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը, որից հետո համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել իրենց բնակության վայրերի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ՝ ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով: Այսինքն՝ Մ. Դերոյանը չի կարող օգտվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն` 2006թ. հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաեւ 2013թ., եւ ցուցակը սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչեւ 1924թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 եւ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց՝ մինչեւ 1993թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց:
ՀԱՐՑ. Հարեւանուհիս բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ այլ երկրում: Նա այնտեղ ամուսնացել է օտարերկրյա քաղաքացու հետ եւ արդեն 20 տարուց ավելի է, ինչ բնակվում է դրսում: Հիմա հետաքրքրվում է, թե հնարավոր է` իր` այնտեղ երկար տարիներ ապրելու փաստը հանգեցնի նրան, որ զրկվի ՀՀ քաղաքացիությունից:
Ալիսա Մկրտչյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ալիսա Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ նույնպես քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:
Նշենք, որ ամուսիններից մեկի քաղաքացիությունը փոխելը եւս ինքնին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում փաստ է, որ մարդիկ լավ պայմաններից ելնելով չէ, որ լքում են իրենց հայրենիքը եւ մոռանում հետ գալու մասին: Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2013 թվականի ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ: 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 1 մլն 494 հազար 86 եւ վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի: Չնայած վերադարձողների թվերը փոքր-ինչ կասկածելի են թվում: