ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը ընտրողների հետ առաջին հանդիպումն ունեցավ Քաղսի գյուղում, որտեղ ընտրողները նրան արժանացրին ջերմ ընդունելության: Քաղսիի բնակիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը, անդրադառնալով հասարակության շրջանում կուսակցությունների նկատմամբ ձեւավորված ընդգծված վերաբերմունքին, հորդորեց չվախենալ, քանի որ, ըստ նրա, երկրում փոփոխությունների պահանջ դնող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան նրանց թիվը, որոնք  դեմ են այդ փոփոխություններին. «Եկել է մի ժամանակ, որ մարդու տեսակն է որոշում շատ բան: Սա տեսակի խնդիր է: Սասունը էն մարդկանցից է, որ ամենավճռական պահին չնստեց մտածեր՝ տեսնենք՝ ի՞նչ է լինելու: Ինքը զենքը վերցրեց, գնաց, որպեսզի մեր ազգի արժանապատվությունը պահի: Եւ պահեց…»:
Սասուն Միքայելյանն իր ելույթում կշտամբեց Քաղսիի գյուղապետ Սեդրակ Դավթյանին, ով հարկ չէր համարել ներկա գտնվել թեկնածուի հետ հանդիպմանը. «Էն ժամանակ մարզպետի հետ գել ու գազան էր, էսօր մարզպետի խամաճիկն ա դարձել: Սասուն Միքայելյանը ժամանակին կանգնեց իրա կողքին, ինքը դարձավ գյուղապետ, ոչ թե նրա համար, որ դառնար մարզպետի խամաճիկը, այլ նրա համար, որ ծառայեր էս ժողովրդին»:
Խոսելով մյուս թեկնածուների մասին՝ Ս. Միքայելյանը ընտրողներին հորդորեց ընտրություն կատարելիս լինել սեփական գաղափարներին հավատարիմ: Լսել բոլոր թեկնածուներին եւ ճիշտ կողմնորոշվել: Թեկնածուն նաեւ հանդես եկավ  համախմբման կոչով. «Տարեցտարի ազգովի անդունդն ենք գնում: Համախմբվենք հանուն մեր երկրի,  մեր երեխաների ապագայի»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս