Ապրիլի 12-ին Գյումրու լրագրողական «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը: Հեղինակը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի ներկայացուցիչ Գեորգի Վանյանն է: Նախատեսվում է ցուցադրել 2007-08թթ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմ: Մեկը փաստագրական է եւ ըստ տարբեր հրապարակումների` Խոջալուի դեպքերի մասին է` ադրբեջանական մեկնաբանությամբ, մյուս 3-ը գեղարվեստական են եւ թարգմանված հայերեն: Հետո քվեարկությամբ որոշվելու է, թե որ ֆիլմն է հաղթել: «Ասպարեզ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք ֆիլմերի բովանդակության մասին տեղեկություվներ չունեն: Փառատոնն իրականացվելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ «Կովկասի խաղաղության կենտրոն»-ի աջակցությամբ:
Ապրիլի 11-ին Գյումրու կենտրոնական հրապարակում այս կապակցությամբ բողոքի հանրահավաք էր: Ներկաներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին` կոչ անելով հրաժարվել փառատոնը Գյումրիում անցկացնելու մտքից: «Ազգային արժեք» ակումբի անդամները խոստանում են անել հնարավորը, որ այս ձեռնարկը ձախողվի: «Ֆաշիստներ են համարում մեզ, իսկ մենք այդ երկրի մշակույթը փառաբանում ենք: Փառատոն՝ նշանակում է փառաբանել: Ես չգիտեմ` մենք ինչն ենք փառաբանում: Չենք թողնի, որ ոմանք իրենց գրպանները լցնեն մեր ազգային արժեքները ոտնահարելու միջոցով»,-ասում է «Ազգային արժեք» ակումբի անդամ Կարապետ Ներսիսյանը:
Հրապարակում հավաքվածների ձեռքերում այսպիսի բովանդակությամբ պաստառներ էին. «Լեւոն Բարսեղյա՛ն, դու հայ չես», «Ո՛չ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին», «Ո՛չ դավաճաններին, ո՛չ թուրքերին Գյումրիում»: Այնտեղ էին զոհված զինվորների, ազատամարտիկների հարազատներ, ԵԿՄ ՇՄ-ի կառույցի ներկայացուցիչներ, որոնք եւս դավաճանություն են համարում փառատոնի անցկացումը: Քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանրահավաքին մասնակցում էր նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 12-ին եւս Գյումրիում տեղի կունենա բողոքի ակցիա: Նույն օրը` կեսօրին, գյումրեցիներին կմիանան նաեւ Երեւանում, որտեղ ակցիան տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում: Իսկ գյումրեցի ցուցարարների կանգառը լինելու է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Պատրաստ ենք մտնել ներս ու փակել սարքերը, որ որեւէ կադր չցուցադրվի: Սա արժանապատվության հարց է: Ինչո՞ւ պիտի Վանաձորում ու Երեւանում տապալվի փառատոնը, իսկ Գյումրիում հաջողությամբ պատվերն իրականացվի: Մենք չենք թողնի»,-շեշտեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն արդեն հայտարարել է, որ ակումբն այդ ցուցադրություններից որեւէ ֆինանսական եկամուտ չունի: «Մի կողմից Հայաստանում գոյություն չունի որեւէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար, մյուս կողմից ո՛չ ակումբը, ո՛չ էլ ես իրավունք չունենք որոշել այլոց հետաքրքրություններն այդօրինակ ֆիմերի նկատմամբ: Ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում է մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են»,-ասված է Լեւոն Բարսեղյանի հայտարարության մեջ:
Գյումրի