ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՀԱԿՈԲՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, վերջերս ՀՀԿ-ին անդամագրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կրկին առաջադրվել է թիվ 41 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով իր պատգամավորական գործունեության մասին, նա նշեց, որ ընտրվելու դեպքում իր օրենսդրական աշխատանքը դարձյալ կցանկանա շարունակել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
-Պարո՛ն Հակոբյան, ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք ասում էիք, որ ոչ մի կուսակցության չեք հարելու, սակայն վերջերս անդամագրվեցիք Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Արդյո՞ք մտավախություն ունեիք, որ կկորցնեք Ձեր պատգամավորական մանդատը:
-Խնդիրը  պատգամավորական մանդատը կորցնելը չէ: Գնահատելով անցած տարիների աշխատանքս որպես ԱԺ պատգամավոր` ես հաճախ եկել եմ այն համոզման, որ  քաղաքական ամուր հենարան ունենալու պարագայում, մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված, կարող էի հասնել ավելի մեծ արդյունքների, կյանքի կոչել իմ կողմից հեղինակած մի շարք կարեւոր օրենքների նախագծեր եւ օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, ինձ մոտ նման կարծիք ձեւավորվեց, երբ զբաղվում էի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին վերաբերող տարաբնույթ խնդիրների լուծման հետ կապված հարցերով, որն իմ նախընտրական ծրագրի կարեւոր ուղղություններից մեկն է: Հետագայում, ավելի մոտիկից ծանոթանալով Հանրապետական կուսակցության ծրագրին, ես պարզեցի, որ այն, ի թիվս այլ  կարեւոր հարցերի, ներառում է իր մեջ սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված մի շարք համալիր միջոցառումներ, եւ շարունակ մտածում էի, որ ունենալով ՀՀԿ-ի անմիջական աջակցությունը` այս հարցում կարող էի հասնել շատ ավելի մեծ արդյունքների: Ես իմ պատգամավորական գործունեության ընդամենը մի ուղղություն նշեցի, սակայն նման խնդիրները բազմաթիվ են: Իսկ ինչ վերաբերում է որեւէ կուսակցության չհարելուն, հիշեցնեմ, որ այդ մասին ես բառացի ասել եմ, որ ընտրվելու դեպքում մինչեւ պատգամավորական ժամկետի ավարտը որեւէ կուսակցության չեմ անդամակցելու: Կարծում եմ` ես իմ խոստումը չեմ դրժել:
-Մի քանի տարի առաջ Ձեզ հոգեհարազատ էր թվացել «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարախոսությունը: Կարելի՞ է ենթադրել, որ մի որոշ ժամանակ անց մեկ այլ կուսակցության գաղափարախոսություն կարող է Ձեզ դուր գալ:
-Իրոք, ես տարիներ առաջ անդամագրվել էի «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ չեմ ժխտում, որ նրա գաղափարախոսության մի շարք դրույթներ ինձ համար ընդունելի են: Սակայն, չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից իմ դուրս գալու դրդապատճառները, կասեմ, որ դա փոխհամաձայնեցված է եղել նրա ղեկավարի` Արթուր Բաղդասարյանի հետ, ում հետ մենք պահպանում ենք մարդկային նորմալ փոխհարաբերություններ:
-Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված այն եզակի պատգամավորներից եք, ով ակտիվորեն մասնակցում է օրենսդրական նախագծերի քննարկումներին, բայց միայն ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստերում: Եթե նորից ընտրվեք, ի՞նչ նոր օրենսդրական նախագծեր կցանկանայիք կյանքի կոչել:
-Ընտրվելու դեպքում դարձյալ կցանկանայի ընդգրկվել տնտեսական հարցերի հանձնաժողովում` համարելով, որ առավել մեծ նպաստ կարող եմ բերել նշված հանձնաժողովի աշխատանքներին:  Իսկ ինչ վերաբերում է  իմ կողմից առաջադրվելիք օրենսդրական նախագծերին, ապա դրանք հիմնականում նպատակաուղղված են լինելու մեր երկրում տնտեսական վիճակի կայունացմանը եւ հետագա զարգացմանը, գործարար միջավայրի նպաստավորության բարելավմանը եւ, մասնավորապես, ազատ եւ արդար մրցակցության ապահովմանը, փոքր ու միջին գործարարության դերի բարձրացմանը եւ այլ կարեւոր խնդիրների լուծմանը:
-Ձեր մրցակիցը Հայաստանի միակ եւ թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանն է, որը հայտարարել է, որ ինքը գնում է ընտրություններին լիքը գլխով, իսկ Դուք` լիքը գրպանով: Ինչպե՞ս եք պայքարելու նրա դեմ:
-Գնահատելով իմ մրցակցի հումորի սուր զգացողությունը` այնուհանդերձ, ասեմ, որ առաջիկա ընտրություններին նախապատրաստվում եմ շատ լրջորեն` ունենալով պատգամավորական գործունեության հինգ տարիների կուտակած փորձ: Փորձ, որը թույլ տվեց ինձ ավելի մոտիկից տեսնել եւ հասկանալ ընտրատարածքում առկա բազում խնդիրներն ու դրանց լուծմանը հասնելու ուղիները: Փորձ, որն ինձ օգնեց անմիջականորեն շփվել օրենքների հետ եւ հասկանալ օրինաստեղծ գործունեության հետ կապված մի շարք նրբություններ: Փորձ, որը, ընտրվելու դեպքում, մեծապես կօգնի ինձ ավելի արդյունավետ իրականացնելու պատգամավորական գործունեությունս եւ արդարացնելու  հազարավոր  ընտրողների  հույսերը: Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Հակոբյանի հետ պայքարին, ում հետ, ի դեպ, նաեւ մտերիմներ ենք, փորձեմ նույնպես պատասխանել հումորով: Մեր երկուսից ով էլ ընտրվի,  ինձ համար ընդունելի է, քանի որ երկու  դեպքում էլ  հաղթելու է Հակոբյանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
R




Լրահոս