Կառավարության օգոստոսի 28-ի նիստում որոշում է կայացվել օլիգարխ Միկա Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի` ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց նրանց անշարժ գույքը պետականացնելու մասին: ՀՀ պետական բյուջեին այս ընկերությունների ունեցած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց կառավարությունն իրեն է վերցրել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ամրագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռին: Սակայն 9 մլրդ-ը պարտքի ողջ գումարը չէ:
Նկատենք, որ սա վերջին շրջանում կառավարության կայացրած նմանատիպ երկրորդ որոշումն է. նախորդ նիստում էլ կառավարությունը «գույք պարտքի դիմաց» որոշում էր ընդունել Մարզահամերգային համալիրի` ՀՀ պետական բյուջեին վերջինիս ունեցած պարտքերի վերաբերյալ: Սակայն Բաղդասարովին պատկանող ընկերությունների դեպքը առանձնահատուկ է:
Ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը
Ծնունդով ղարաբաղցի, գործարար Միկա Բաղդասարովը Հայաստանում բիզնեսով սկսել է զբաղվել դեռ 1990-ականներից, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը:
Իսկ արդեն 1998թ. հեղաշրջումից հետո, երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարովը գլխապտույտ արագությամբ սկսեց բիզնեսն ընդլայնել` հիմնականում օֆշորային գոտում գրանցված իր ընկերությունների անունով. նրան տրվեց հեղուկ վառելիք Հայաստան ներկրելու մեծ քվոտա, հետո իշխանությունների միջամտությամբ սնանկացված պետական «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը. դրա հիման վրա ստեղծվեց «Արմավիա»-ն, այն էլ` ազգային փոխադրողի կարգավիճակով: Այս գործարքներից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, մասնագետների պնդմամբ` առանձին քրեական գործերի նյութ:
Չնայած Բաղդասարովն առաջխաղացում ապրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն նրա հիմնական հովանավորը համարվում էր Սերժ Սարգսյանը. պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները, անդրադառնալով հայ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին, Սերժ Սարգսյանի բիզնեսների շարքում մատնանշել էին Բաղդասարովի ընկերությունները` պարզաբանելով, որ վերջինս գործում է նրա հովանու ներքո:
Օստապ Բենդերի` փող աշխատելու 400 ազնիվ մեթոդները
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, հատկապես «Արմավիա» ընկերությանը տարիներ շարունակ գործունեության արտոնյալ պայմաններ էին տրված. այն ուներ ազգային փոխադրողի կարգավիճակ, ուղևորափոխադրումներ էր իրականացնում աշխարհի 20 երկիր` ավելի քան 40 ուղղություններով, իսկ օտարերկրյա ավիաընկերությունները Հայաստանում գործում եւ չվերթեր էին իրականացնում միայն «Արմավիա»-ի համաձայնության դեպքում, նրա նախանշած պայմաններով:
«Արմավիա»-ին տրված էին նաեւ հարկային լուրջ արտոնություններ: Բայց անգամ այսքանից հետո «Արմավիա»-ն «չարդարացրեց» իրեն. մասնագետների կարծիքով, ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովին հաջողվել է գործունեության 10 տարում մոտ 500 մլն դոլար շահույթ կուտակել: Բայց «Արմավիա»-ն ֆինանսական դժվարությունների պատճառով 2013թ. ապրիլի 1-ից դադարեցրեց իր գործունեությունը: Հատկապես 2007-2008թ. հետո ավիաընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել և երկրի ներսում` ՀՀ պետբյուջեի նկատմամբ, եւ երկրից դուրս: «Արմավիա»-ի կուտակած պարտքերի պատճառով օտարերկրյա օդանավակայանները արգելելում էին հայկական ինքնաթիռների մուտք: 2013թ. «Արմավիա»-ն փորձեց սնանկության և լուծարման գործընթաց սկսել, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրեց` հավանաբար մտավախություն ունենալով կեղծ սնանկության համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց:
Տուր ինձ միլիոն
Սա Միկա Բաղդասարովի գործունեության խտացված պատկերն է: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. չնայած ՀՀ պետական բյուջեի նկատմամբ «Արմավիա»-ի պարտքերը շարունակաբար աճել են տարիներ շարունակ, սակայն իշխանությունները մշտապես աչք են փակել այդ ամենի նկատմամբ` հանդուրժելով նորանոր պարտքերի կուտակում: Օրինակ` «Արմավիա»-ն տարիներ շարունակ չի վճարել «օդի հարկը», որ ներառվել էր ավիատոմսի արժեքի մեջ:
Ու եթե կառավարությունն ի սկզբանե «Արմավիա»-ից վերցներ իր գումարները, ապա պարտքը չէր հասնի ահռելի չափերի: Ընդ որում, դա անընդունելի է նաև տնտեսագիտական տեսանկյունից. պետությունը ունեցել է միլիարդավոր գումարներ, որոնք կարող էր ներդնել տնտեսության մեջ կամ այլ բնագավառներում, բայց դրանց տեր չի կանգնել, քանի որ պարտապանը Ս.Սարգսյանի հովանավորյալ Մ.Բաղդասարովն է եղել:
«Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ այս ամենից բացի, «Արմավիա»-ն 108 մլն 209 հազար դրամ պարտք էր կուտակել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի նկատմամբ, և վերջիններս գումարը բռնագանձելու համար միայն 2013թ. են դիմել դատարան: «Արմավիա»-ի դեմ պարտքը բռնագանձելու պահանջով դատարան է դիմել «Հայաստանի էլեկտրացանցեր՚» ընկերությունը, Ուրալյան ավիաուղիներ ընկերության հայկական մասնաճյուղը, անգամ` ախտահանմամբ ու մանրէազերծմամբ զբաղվող «ԵրՄԻՔ» ընկերությունը:
Սղոցեք, Շուրա, սղոցեք
Կառավարության երեկվա որոշման նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը տվել է փորձագիտական եզրակացություն, որում նշված է, որ նախագիծը չի պարունակում կոռուպցիոն գործոն: Մինչդեռ, նկատենք, որ այս ողջ գործընթացը` սկսած Բաղդասարովին արտոնյալ պայմաններ տրամադրելուց, նրա պարտքերն անտեսելուց եւ վերջում միայն անշարժ գույքը վերցնելուց` առանց իրավական հետեւանքների, ինքնին կոռուպցիայի դրսեւորում է:
Եվս մեկ ուշագրավ փաստ. պարզվում է` 9 մլրդ դրամը Բաղդասարովի ընկերությունների` ՀՀ-ին ունեցած պարտքի ողջ գումարը չէ. նրանց ամբողջ պարտքը կազմում է 24 մլդր դրամ: Երեկ այդ մասին խոստովանեց նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա` եթե «Արմավիա»-ի ունեցվածքը չբավարարի պարտքը մարելուն, ապա սնանկության գործընթաց կսկսվի: Սակայն երեկ անհասկանալի մնաց, թե ինչու է Մանանդյան 41 հասցեում գտնվող շենքը գնահատվել 9 մլրդ, ինչու՞ կառավարությունը պարտքի միայն մի մասն է վերցնում. Սաֆարյանը որեւէ հստակ պատասխան չտվեց:
Հ. Գ. Ի դեպ, դեռեւս հայտնի չէ օտարերկրյա կառույցներին, այլ երկրների օդանավակայաններին «Արմավիա»-ի պարտքերի ճակատագիրը, որոնք հնարավոր է` ընկնի պետության վրա: Բացի այդ, չի բացառվում, որ Բաղդասարովի պետականացված ունեցվածքը որոշ ժամանակ անց շատ էժան գնով հայտնվի Սերժ Սարգսյանի մտերիմների ձեռքում:
Արման Գալոյան