ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը 2014 թ. փետրվարի 18-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այդ օրը Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին:
Հաղորդագրության մեջ ասվում էր. «ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել է 535,7 միլիոն դրամ: Զեկուցվեց, որ արդեն իրականացվել են շուրջ 240 միլիոն դրամի աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի ամռանը»:
Ամառն ավարտվում է, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, ներկայում այդ ճանապարհի շինարարությունն ընդհատված է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանից տեղեկացանք, որ շրջանցիկ այդ ճանապարհի կառուցապատողի` «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը խզված է:
Ա. Սարգսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ո՞ր կազմակերպությունն է շարունակելու ճանապարհի կառուցումը, արդյոք ճանապարհի շինարարության նախագծում և նախահաշվում փոփոխություններ արվե՞լ են: Մարզպետարանի բաժնի վարիչն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, և դա կարող են հայտնել միայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության վարչությունից: Նշենք, որ 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը սահմանամերձ այդ հատվածում երթևեկը կկրճատի 1.8 կմ-ով: Այդ ճանապարհին երթևեկը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվում:
Նախկինում Բերդի տարածաշրջանի 15 համայնքների ղեկավարները և տարածաշրջանի երիտասարդությունը դեմ էին արտահայտվել Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցմանը` գտնելով, որ այն չի կարող լիովին ապահովել սահմանի այդ հատվածով երթևեկողների անվտանգությունը: Համայնքապետերը կողմ էին, որ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվող մեծ գումարներն ուղղվեն Բերդ-Ճամբարակ, ազերիների գնդակոծություններից լիովին անվտանգ ճանապարհի բարեկարգմանը:
Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և տարածքի երիտասարդությունը իրենց մտահոգություններն արտահայտել էին նաեւ Սերժ Սարգսյանին ուղարկած նամակներում: Սակայն իշխանություններն այդ մտահոգությունները հաշվի չառան:
Ճանապարհի շինարարության հետագա ընթացքի հետ կապված տեղեկություններ պարզելու նպատակով երեկ ողջ օրվա ընթացքում զանգահարեցինք Կապի և տրանսպորտի նախարարություն, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնասցին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ