Բարեկամավանի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նոր ուսումնական տարում իր ղեկավարած ուսումնական հաստատությունը քանի՞ աշակերտ կունենա: Նա ասաց, որ դեռ չգիտի: Անցած ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում սովորում էր 30 աշակերտ: Այս տարի մի քանի ընտանիքներ որոշել են Բարեկամավանից տեղափոխվել Երևան և Նոյեմբերյան, ուստի աշակերտների թիվը կնվազի:
Ա. Ազատյանը կարծում է, որ նոր ուսումնական տարում դպրոցի աշակերտների քանակը կլինի 25: Պարզ չէ, թե դպրոցն այս տարի առաջին դասարանցի կունենա՞: Առաջին դասարան պետք է հաճախի բարեկամավանցի մեկ երեխա, սակայն դեռ հայտնի չէ՝ նրանց ընտանիքը կմնա՞, թե՞ կտեղափոխվի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանից: Ազատյանն ասում է. «Մարդիկ կան, որ ինձ մոտենում և ասում են` կամենում ես, որ մնանք գյուղում, երեխաներս այստեղ դպրոց հաճախեն` ինձ աշխատանքի ընդունիր դպրոցում: Ասում են՝ աշխատանքից ազատիր նրանց, ով ներկայում դպրոց հաճախող երեխա չունի եւ նրա փոխարեն ինձ աշխատանքի ընդունիր»:
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ նման պահանջ դնողները ցանկանում են ուսումնական հաստատությունում հավաքար կամ դասվար աշխատել: Տարրական դասարանների աշակերտների թվի նվազման պատճառով Բարեկամավանի դպրոցում նախկին երկուսի փոխարեն այս ուսումնական տարի մեկ դասվար կաշխատի: Դպրոցը չունի ռուսաց լեզվի մասնագետ: Ա. Ազատյանը համոզված է, որ «մեծ աշխարհից կտրված» Բարեկամավանից արտագաղթի պատճառը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծություններն են, այլ՝ աշխատատեղերի, ինչպես նաեւ` խմելու և ոռոգման ջրի բացակայությունը:
Գյուղի դաշտերի և արոտավայրերի մեծ մասը ազերիների նշանառության գոտում են, այդ պատճառով գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ա. Ազատյանն ասաց, որ այս ամառ գյուղում 2 աղբյուր է ցամաքել: Դպրոցի տնօրենը 5 հազար դրամ է տվել գյուղի տրակտորիստին, որ դպրոցի համար 2 տոննա ջուր կրի գյուղի ներքևում գտնվող «Ղռերի աղբյուրից»: Դպրոցի տնօրենը կարծում է, որ աշակերտների թվաքանակը պահպանելու ջանքերն այլեւս ուշացած են:
Նրա վկայությամբ՝ 1994թ. Բարեկամավանի դպրոցն ուներ 65 աշակերտ, այն ժամանակ էր պետք միջոցներ ձեռնարկել սահմանամերձ գյուղում աշխատատեղեր ստեղծելու, Բարեկամավանը խմելու և ոռոգման ջրով ապահովելու համար, որպեսզի կանխվեր արտագաղթը: Անցյալ դարի 70-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է 330 աշակերտ, իսկ միջնակարգ համարվող դպրոցն այժմ ունի ընդամենը մի դասարանի չափով սաներ: Դպրոցի տանիքը ադրբեջանական գնդակոծություններից եւ քամիներից վնասված է, սակայն տնօրեն Ազատյանը մտահոգվում է. 25 աշակերտ ունեցող դպրոցի շենքը նորոգելու համար ո՞վ ծախս կանի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ