Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդված 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախությունը` խոշոր չափերով և վստահությունը չարաշահելու եղանակով):
Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 1100 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ Սուրենյանցը, Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը օգտագործելով և առողջական խնդիրներ ունենալու հիման վրա, բժշկական փաստաթղթեր ձևակերպելու սուտ խոստումներ է տվել և խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:
Ս. Սուրենյանցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: